Բայդենը ցանկանում է իմանալ Լեհաստանի կարծիքը, բայց իշխանությունը դեռևս նրանն է
Բայդենի այցը Լեհաստան հուշում է, որ արևմտյան առաջնորդները սկսել են լսել ՆԱՏՕ-ի արևելյան թևի կարծիքը, նշում է Politico-ն։
Արևմտյան տերությունները հանկարծ սկսեցին լսել ՆԱՏՕ-ի արևելյան թևին, բայց այն չունի ո՛չ փող, ո՛չ էլ զենք որոշումների վրա ազդելու համար:
ՆԱՏՕ-ի արևելյան թևը ստացել է իր ձայնը, սակայն Բայդենի այցը հիշեցնում է, որ արևմտյան մայրաքաղաքները դեռևս վճռորոշ դեր են խաղում:
Երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում, դաշինքի արևելյան անդամներին գովաբանեցին իրենց տեսլական նախազգուշացումների համար (և նաև ներողություն խնդրեցին): Նրանք հարգանքի արժանացան, քանի որ շատ արագ սպառեցին իրենց զինանոցները՝ զենք ուղարկելով Կիև և ռազմական ծախսերը բարձրացրին նոր բարձունքների: Հիմա իրենք են ձևավորում քննարկումը, թե ինչ անել Ռուսաստանի հետ։
Մի խոսքով, արևմտյան ավանդական ուժերը հանկարծ սկսեցին լսել արևելյան երկրներին, և նրանք փորձում են շարժել կշեռքի սլաքը։
«Մենք կարմիր գիծ ենք գծում, հետո ժամանակ ենք կորցնում, հետո անցնում ենք այդ կարմիր գիծը»,- շաբաթավերջին ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում և նկարագրելով Ուկրաինայի գործընկերների միջև այժմ ծանոթ բանավեճերի շրջանը։
Արևելյան մայրաքաղաքները մյուսներին կոչ են անում ավելի արագ գործել: Տարածաշրջանի անսպասելի առաջընթացը լիովին ի հայտ կգա այս շաբաթ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնի Լեհաստան և բանակցություններ վարի, այսպես կոչված, «Բուխարեստյան Իննյակի» առաջնորդների հետ, որը ներառում է Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան։
Այս ընտրությունն ունի խորհրդանշական և գործնական նշանակություն։
Սակայն երբ խոսքը վերաբերում է ամենավիճելի հարցերին, օրինակ՝ որտեղ ինչ զենք ուղարկել, Արևելյան Եվրոպայի առաջնորդները պետք է խոնարհվեն այնպիսի առաջնորդների առաջ, ինչպիսին Բայդենն է, ինչպես նաև նրա գործընկերներին Արևմտյան Եվրոպայի երկրներում, ինչպիսին Գերմանիան է: Ի վերջո, նրանք ունեն ժամանակակից տանկերի, կործանիչների և հեռահար հրթիռների ամենամեծ պաշարները։
«Մեր տարածաշրջանը մեծացրել է իր կարևորությունն ու պահանջարկը»,- հարցազրույցի ժամանակ հավելել է Չեխիայի արտգործնախարարը։ Սակայն արևմտյան երկրները դեռևս «շատ ավելի ուժեղ են» տնտեսապես և ռազմական առումով, հավելել է նա։ «Նրանք են դեռ հիմք կազմում»։
Հիմա նրանք լսում են
Երբ 10 տարի առաջ Լատվիայի պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն, նրան և համախոհ երկրների քաղաքական գործիչներին մեծ թերահավատությամբ էին վերաբերվում միջազգային հարթակում Ռուսաստանի մասին քննարկելիս:
«Նրանք մեզ չէին հասկանում», — ասել է նա վերջերս տված հարցազրույցում: Մարդիկ կարծում էին, որ արևելյան շրջանը «սրում է իրավիճակը», — ավելացրել է նա:
«Մեր ձայնը գնալով ավելի է բարձրանում, և մեզ ավելի հաճախ են լսում»,- ասել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն։
«Բուխարեստյան Իննյակ»-ը Միացյալ Նահանգների, իսկ երբեմն նաև այլ գործընկերների հետ: Այն դարձել է այն գործիքներից մեկը, որի միջոցով երկրները ցուցադրում են իրենց շահերը։
«Այսօր այն հեղինակավոր ձայն է անվտանգության իրավիճակի գնահատման, կարիքների գնահատման առումով»,- ասել է Աուրեսկուն Մյունխենում տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն լսում է այս ասոցիացիան մեկ պարզ պատճառով. «Անվտանգության սպառնալիքները գալիս են հենց մեր հարևան երկրից»։
Ազդեցությունը փոխվում է… կամաց-կամաց
Թեև արևելյան թևը դրդում է արևմտյան գործընկերներին՝ հորդորելով նրանց մատակարարել զենքեր, որոնք մի ժամանակ աներևակայելի էին թվում, ուժերի հարաբերակցությունը դեռ էականորեն չի փոխվել:Դրան դեռ շատ կա:
Արևմտյան դաշինքում ամենամեծ ազդեցությունն ունեն Վաշինգտոնի ներկայացուցիչները։ Նրանցից հետո առաջատար դիրքեր են զբաղեցնում որոշ արեւմտաեվրոպական մայրաքաղաքներ։
«Առանց գերմանացիների շարժում չկա, իսկ առանց ամերիկացիների՝ բացարձակապես ոչ մի շարժում»,- ասաց արևմտաեվրոպական դիվանագետներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ իրավասու չէ հրապարակային հայտարարություններ անել։
Հակամարտության այս փուլում Ուկրաինան պնդում է իրեն փոխանցել ամենաժամանակակից սպառազինություն՝ կործանիչներ, տանկեր, հեռահար հրթիռներ։ Վերջինիս ուշադրության կենտրոնում այսօր դաշինքի խոշորագույն տնտեսություններն ու երկրներն են։
«Ինձ համար շատ հեշտ է ասել. իհարկե, մենք պետք է նրան տանք կործանիչներ: Որովհետև ես դրանք չունեմ», — այս ամիս լրագրողներին ասաց Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը: Եթե ես դրանք ունենայի, ես կտայի: Բայց ես դրանք չունեմ»:
Բայց նույնիսկ այն արևելյան երկրները, որոնք ունեն կործանիչներ, չեն ցանկանում որոշումներ կայացնել առանց արևմտյան գործընկերների։
Մյունխենում այն հարցին, թե արդյոք իր երկիրը F-16 կործանիչներ կմատակարարի Կիևին, Մորավիեցկին խոստովանել է. «Մենք այդքան էլ չունենք»: Այնուամենայնիվ, նա ասաց, որ Լեհաստանը կարող է ավելի հին ինքնաթիռներ առաջարկել, բայց միայն այն դեպքում, եթե դաշնակիցները կարողանան կոալիցիա կազմել:
ՆԱՏՕ-ում արևելյան ազդեցության ուժեղացման կողմնակիցներն ունեն ևս մեկ խնդիր, այն է, որ այս թևը միատարր չէ: Նույնիսկ համախոհ երկրներն ունեն տարբեր առաջնահերթություններ, ինչը բացատրվում է նրանց աշխարհագրությամբ։ Հատկանշական է, որ նրանց մեջ կան սպիտակ ագռավներ, որոնք բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։
Հունգարիան, օրինակ, ընդհանրապես զենք չի մատակարարում Ուկրաինային եւ շարունակում է հարաբերություններ պահպանել Կրեմլի հետ։ Բուդապեշտը այնպիսի մեկուսացման մեջ հայտնվեց արևմտյան շրջանակներում, որ Հունգարիայի կառավարության ոչ մի ներկայացուցիչ չեկավ Մյունխենի անվտանգության համաժողովին։
«Կարծում եմ՝ Հունգարիայի ամենամեծ խնդիրը նրա ղեկավարության հռետորաբանությունն է, որը երբեմն իսկապես հատում է կարմիր գիծը»,- ասել է չեխ նախարարը։ Բայց նա անմիջապես զգուշորեն ավելացրեց, որ Բուդապեշտը կատարում է իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում և մասնակցում է դաշինքի պաշտպանական բոլոր գործողություններին։
Հարցեր կան նաև այն մասին, թե որքան ժամանակ է աշխարհի ուշադրությունը սևեռվելու Եվրոպայի արևելքի վրա, և արդյոք սա մշտական, թե ժամանակավոր երևույթ է: Չէ որ վերջիվերջո ապագայում Արևմուտքը կենտրոնանալու է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի վրա։
«Ակնհայտ է, որ նրանց ձայնն ավելի բարձր է, բայց դա հետևանք է աշխարհաքաղաքական իրավիճակի, որում մենք հայտնվել ենք», — ասաց արևմտաեվրոպական բարձրաստիճան դիվանագետը: «Ես վստահ չեմ, որ դա կշարունակվի երկարաժամկետ հեռանկարում»:
Արևմտաեվրոպական երկրորդ բարձրաստիճան դիվանագետը, ով խնդրեց անանուն մնալ դաշինքի նուրբ ներքին դինամիկայի պատճառով, հայտնեց, որ արևելյան թևի երկրները երբեմն կոպիտ լեզվով են խոսում, քանի որ նրանք վախենում են, որ Արևմուտքը թեքվի դեպի Չինաստան։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք զինված հակամարտությունը փոխել է ուժերի հավասարակշռությունը դաշինքի ներսում, Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան պատասխանել է. «Այո և ոչ»: «Մենք պետք է պաշտպանենք մեր տարածքները, դա հասկանալի է», — ասել է նա POLITICO-ին Մյունխենում: «Որպեսզի անենք դա, մենք ստիպված էինք ուժեղացնել արևելյան թևը, քանի որ Ռուսաստանը մայրցամաքի մյուս կողմում է»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ընդգծել է, որ արևմտյան դաշինքի անդամները ներգրավված են արևելյան թևը պաշտպանելու գործում։ Մյունխենում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք, նա ասաց. «ՆԱՏՕ-ի ներկայությունը տեղափոխվում է դեպի արևելք»: Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը հավելել է. «Իհարկե, այդ զորքերի զգալի մասը դաշինքի արևմտյան մասից է, ինչը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի համախմբվածությունը և մեր փոխադարձ աջակցությունը»:
Իսկ Արեւմտյան Եվրոպայում զգացողություն կա, որ այս պահին արևելքն ավելի մեծ ուշադրության է արժանի։ «Միգուցե նրանք այնքան էլ ուժ չունեն,- ասաց արևմտաեվրոպական երկրորդ դիվանագետը,- բայց նրանք արժանի են համերաշխության»: