Միջազգային ահաբեկչությունն ու աշխարհաքաղաքական վերափոխումները 21-րդ դարում
Միջազգային ահաբեկչությունը մարդկության դեմ կիրառվող ամենասարսափելի և արյունոտ հանցագործություններից է: Եթե ինքնասպան-մահապարտների կողմից իրականացված ահաբեկչությունների մասին լուրերը մի քանի տարի առաջ ցնցում էին ողջ քաղաքակիրթ աշխարհը, ապա այսօր դրանք կարծես սկսել են սովորական դառնալ։ Պատճառը դրանց քանակի կտրուկ ավելացումն է. 1990-ականների վերջերից սկսած՝ գրեթե ամեն օր աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում նմանատիպ դեպքեր, որոնց հետևանքով զոհվում են բազմաթիվ անմեղ մարդիկ[1]։ Ովքեր են կազմակերպում այդ ահաբեկչությունները, ովքեր են իրագործում դրանք և վերջապես՝ ինչպես և ինչու է սովորական մարդը դառնում ահաբեկիչ, որն է նպատակը:
Ահաբեկչությունը կարելի է մեկնաբանել որպես թույլի զենք հզորի դեմ, այն իհարկե գաղափարական մեծ հենք պետք է ունենա, որ մահապարտը սեփական կյանքը զոհի զուտ ինչ-որ նպատակի համար: Սակայն մյուս կողմից ահաբեկչությունը նաև կապված է գլոբալ գործընթացների հետ: Որոշ դեպքերում ահաբեկչական գործողությունները հովանավորվում են վերազգային դերակատարների կողմից, որպեսզի կարողանան թիրախային պետությունից ինչ-որ դիվիդենտներ շահել կամ հովանավորում են պետությունները՝ որպես գործիք այլ երկրների դեմ:
Մեզ՝ հայերիս համար ահաբեկչությունը եզրույթը ոչ միանշանակ է, քանի որ մեր պատմության ընթացքում մենք ունեցել ենք ԱՍԱԼԱ երևույթը, որն անշուշտ չի կարելի տեղավորել ահաբեկչություն հասկացության բացասական ընկալման մեջ. ԱՍԱԼԱ-ն պայքարում էր հանուն արդարության, հանուն ճշմարտության համաշխարհային ճանաչման ու հանուն ազատագրված հայրենիքի: Եվ ամենակարևորն այն էր, որ ԱՍԱԼԱ-ն ու նրա մարտիկները իրական «ազատության մարտիկներ» էին, քանի որ ոչ ոք, ոչ մի կառույց չէր ղեկավարում նրանց գործողությունները ու չէր հովանավորում նրանց:
Այսօր ամբողջ աշխարհում ինքնասպան-ահաբեկիչներին անվանում են կամիկաձեներ կամ շահիդներ։ Այս բառերը հաճախ անգիտակցաբար գործածվում են որպես հոմանիշներ, չնայած իրականում տարբերությունն ակնհայտ է, իսկ նմանությունը՝ մեկը՝ երկուսն էլ ինչ-որ իմաստով նշանակում են մահապարտ։ Կամիկաձեները հավաստիացնում են, որ իրենց մեթոդներն արմատապես տարբերվում Էին այսօրվա ահաբեկիչ-մահապարտների հարձակումներից։ Նրանք վիրավորվում են, որ կամիկաձե բառն սկսել են գործածել ոչ տեղին։ Կամիկաձեները զոհում էին իրենց կյանքը հայրենիքի սիրուց մղված, իսկ մահապարտ-ահաբեկիչները ենթարկվում են ատելությանը և վրեժին։ Ճապոնական կրոնը հետմահու ոչ մի պարգև չէր խոստանում, իսկ իսլամը շահիդներին երկնային արքայություն է խոստանում։ Կամիկաձեները կամավոր էին գնում ծառայության, իսկ շահիդներին հաճախ դրան մղում է փողը[2]։
Մուսուլմանական կամիկաձե-մահապարտներին անվանում են նաև շահիդներ («շահիդ» բառն արաբերենից թարգմանաբար նշանակում է «վկա»)։ Ընդհանրապես, շահիդներ են համարվում գյավուրների (անհավատների) հետ պատերազմում զոհված մուսուլմանները՝ անկախ նրանից՝ սպանվել են գյավուրի կողմից, թե ուղղակի ընկել են ձիուց։ Ինքնասպան-շահիդների համար առանց հերթի երաշխավորված է մուտքը դրախտ։ Սա, թերևս, գլխավոր պատճառն է, որով առաջնորդվում են մուսուլմանական մահապարտները։ Շահիդներն ահաբեկությունների դիմում են ոչ միայն վրեժից ու ատելությունից դրդված կամ դրախտում հայտնվելու ակնկալիքով, նրանցից շատերը հաճախ այդ ձևով փորձում են իրենց ընտանիքներին դուրս բերել ֆինանսական ծանր պայմաններից։ Նմանօրինակ ինքնասպանություններն ահաբեկչական կազմակերպությունները գնահատում են 25.000-100.000 դոլար (2006 թվականի դրությամբ), որը շահիդների մահից հետո փոխանցվում է նրանց ընտանիքներին[3]։
«Ահաբեկչություն» երևույթը ընդհանուր առմամբ հակադրվում է միջազգային կանոնակարգվածությանը, աշխարհակարգին: Իսկ ժամանակակից աշխարհակարգի առաջնային երաշխավորը Միացյալ Նահանգներն են, ուստի հենց ԱՄՆ-ն էլ պետք հստակ վերաբերմունք ցուցաբերի միջազգային ահաբեկչության նկատմամբ:
Սառը պատերազմի դարաշրջանում, երբ հակամարտում էին երկու հավասարազոր ուժեր՝ Արևելքն ու Արևմուտքը միջազգային ահաբեկչությունը երկրորդական պլանում էր, աշխարհում ամեն ինչ ընթանում էր ըստ համաշխարհային դուալիզմի օրենքների, գործում էր «զրոյական գումարով խաղի» կանոնները, երբ բևեռներից մեկի հաղթանակը ինչ-որ ոլորտում, համապատախանում էր մյուս պարտության հետ: Հենց այդ շրջանում ԱՄՆ-ը նույն ահաբեկչական ուժերին օգտագործում էր ԽՍՀՄ դեմ: Մասնավորապես Աֆղանական պատերազմում Միացյալ Նահանգները ամեն կերպ հովանավորում էր Ալ-Քայիդային ԽՍՀՄ-ի դեմ մարտնչելու համար: Սակայն 1990-ականների սկզբերին իրավիճակը արմատապես փոխվեց, դուալիստական աշխարհակարգը մնաց անցյալում: 1991 թվականին ԽՍՀՄ-ը փլուզվեց, արդյունքում ԱՄՆ-ը մնաց որպես միակ գերտերություն: «Սառը պատերազմում» ԱՄՆ հաղթանակի արդյունքում աշխարհաքաղաքականության մասնագետները նոր աշխարհաքաղաքական մոդել առաջ քաշեցին, որում աշխարհաքաղաքական դուալիզմին` թալասոկրատիա և թեմուրոկրատիա տարաբաժանմանը, փոխարինելու եկան իրադարձությունների զարգացման նոր երկու այլ ուղղություններ: Մեկը ենթադրում է թալասոկրատիայի վերջնական հաղթանակը այդ մենամարտում, մյուսը հիմնված է երկու գաղափարախոսական ճամբարները մեկ միասնականի մեջ համախմբվելու մեջ և ստեղծվելու է Համաշխարհային Կառավարություն: Այս մոտեցումը էլ ստացավ «մոնդիալիզմ» անվանումը[4]:
Մոնդիալիզմը, որը նախատեսված էր երկու հակամարտող աշխարհաքաղաքական բևեռների համերաշխեցման համար, իրականում սկսեց ծառայել զուտ ատլանտիստական (թալասոկրատիայի) շահերին: Փաստացիորեն «ցամաքը» (Արևելքը) պարտություն կրեց սառը պատերազմում: Նոր գլոբալ իրավիճակի մեկնաբանության երկու մոտեցումներ առաջ քաշվեցին՝ Հանտինգտոնի «Քաղաքակրթություների բախման»[5] տեսությունը և Ֆուկույամայի «Պատմության ավարտի» տեսությունը[6]:
Սակայն դրանով արդեն իսկ Ռուսաստանը ամբողջությամբ չէր պարտվել, իս ԱՄՆ-ի դիրքերն էլ ամբողջությամբ չէին հաստատվել ողջ աշխարհում: ԱՄՆ-ը սկսեց քայլ առ քայլ մոտենալ աշխարհի յուրացման հրամայականին: ՌԴ նախագահ Բորիս Ելցինի օրոք ամեն ինչ ըստ նախատեսված հունով էր ընթանում (Ռուսաստանը գնում էր դեպի արևմուտք), սակայն ամեն ինչ փոխվեց Վլադիմիր Պուտինի օրոք: Այդ շրջանում և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները ահաբեկիչների հիմնական թիրախներ էին, ու ԱՄՆ-ը հենց այդ հանգամանքն էլ փորձեց օգտագործել սեփական նպատակների կյանքի կոչման համար:
Այս շրջանում հետևեց միջազգային ահաբեկչության պատմության համար ամենից ահարկու իրադարձությունը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կարողացան մեծամասշտաբ գործողությունների կյանքի կոչել: Քաղաքացիական երկու ինքնաթիռներ հարվածեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու շենքերին, ևս մեկ ինքնաթիռ էլ բախվեց Վաշինգտոնում Պենտագոնի շենքին: Զոհ գնացին 2977 անձինք, ևս մոտ 6300 անձ վնասվածքներ ստացան: Այս գործողությամբ ահաբեկչությունը ներկայացավ այլ դեմքով, որպես մի ինստիտուտ, որը կարող է անգամ առաջատար գերտերության քաղաքացիներին ահ ու սարսափի մեջ պահել[7]: Բավականին կասկածելի է, որ Միացյալ Նահանգների գերարդիական ռազմական ուժերը չեն կարողացել վերահսկել միաժամանակ երեք քաղաքացիական ինքնաթիռների անկանոն թռիչքը: Կասկածելի են նաև բուն ահաբեկչության գործողության կազմակերպման մի շարք մանրամասներ, որոնք առանց վերին օղակների թողտվության հազիվ, թե հնարավոր լիներ կյանքի կոչել: Նման կասկածանք էր առկա նաև բուն ամերիկյան հասարակության մեջ, ոը արտահայտվեց նաև մշակույթի մեջ: Առավել մեծ արձագանք ստացավ «Ֆարենհեյթ 9-11» ֆիլմը, որը նշված ահաբեկչական գործողությունը դիտարկում էր, որպես դավադրություն[8]:
Այդ ժամանակ ողջ աշխարհը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը զորակցություն հայտնեց ԱՄՆ-ին ու պատրաստակամություն ցուցաբերեց համագործակցելու ընդդեմ մարդկության թշնամու: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա վերցրեց Ալ-Քայիդան, իսկ նրա ղեկավար Ուսամա Բեն Լադենը հայտարարվեց «թիվ 1» ահաբեկիչ: Ըստ էության ԱՄՆ-ը հասավ իր ուզածին, նա ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ սկսեց կոշտ արտաքին քաղաքականություն վարել, որի առաջին հարվածն հղված էր Աֆղանստանին՝ թալիբան ռեժիմին (2001 թվական): պատերազմը թալիբների դեմ շարունակվում է մինչևս օրս, իսկ ՆԱՏՕ-ի զորքերը դեռ Աֆղանստանում են: Աֆղանստանը առանցքային ու չափազանց կարևոր ռազմավարական նշանականություն ունեցող երկիր է ամերիկյան ծովակալ Ա. Մեհենի կողմից առաջ քաշած Անակոնդայի պլանը իրականացնելու համար, որը հնարավորություն կտա տվյալ դեպքում Ռուսաստանին խեղդել օղակի մեջ: 2003 թվականին լրացվեց նաև օղակի մյուս բացակայող տարրը՝ Իրաքը, այսօր մնացել են ընդամենը երկու հատվածները՝ Սիրիան ու Իրանը: Սիրիայի քաղաքացիական պատերազմը հստակորեն հովանավորվում է Միացյալ Նահանգների ու արևմտյան քաղաքակրթության կողմից, իսկ Իրանի դեմի ակտիվ ռազմական գործողությունների դիմելու պատրասկամությունը օրակարգային է ԱՄՆ-ի հավերժ բարեկամ Իսրայելի համար, խնդիրը միայն ժամանակի մեջ է:
Ըստ էության ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ին պահանջվեց ավելին քան մեկ տասնամյակ սկզբունքորեն փաստաթղթային տարբերակով նոր ռազմավարական հայեցակարգի անցնելու համար: 2002 թվականի սեպտեմբերին Ջորջ Բուշ Կրտսերի կառավարությունը ներկայացրեց հստակ ձևակերպված «Ազգային անվտանգության ռազավարություն», որը հաստատում էր ԱՄՆ-ի մտադրությունը լինել համամոլորակային «հեգեմոն»: Որոշում կայացվեց, որ զսպման ու ահաբեկման դոկտրին, որը միջուկային դարաշրջանում արդյունավետ ծառայում էր ԱՄՆ-ին, նույնքան արդյունավետ չի լինի երկիրը այսպես կոչված ասիմետրիկ սպառնալիքներից պաշտպանելու համար, որը բխում է «իռացիոնալ» կամ գաղափարախոսական մոտիվացված ոչ պետական քաղաքական դերակատարների կամ «սև ցուցակի» երկրների կողմից, քանի որ դրանք այն հակառակորդներն են, ովքեր չեն կարող գահընկեց արվել կամ ահաբեկվել ավանդական միջոցներով: Նոր դոկտրինը վկայում էր այն մասին, որ ԱՄՆ-ը այժմ կգործեն միակողմանի և «կայսերական ամբարտավանությամբ»՝ ի պաշտպանություն իրենց շահերի: ԱՄՆ-ը ենթադրվող վտանգների վերացման նպատակով իրեն իրավունք էր վերապահում հակառակորդ-երկրներում վեացնել կամ փոխել քաղաքական ռեժիմը[9]: Էլ ավելի բիրտ կայսերական դիրքորոշման մասին էր վկայում այն, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է աշխարհում ցանկացած տիպի ռազմական ներուժի ավելացմանը, որը կհամեմատվեր ԱՄՆ-ի ներուժի հետ: Սա «տիրապետման» դոկտրին էր, որը արտացոլում էր ԱՄՆ-ի կողմնորոշումը գործելու ինքնուրույն, առանց դաշնակիցների օժանդակություն, ինչն էլ անվանվեց «Նոր ամերիկյան կայսրության» գաղափարախոսություն[10]:
Գլոբալիզացիայի դարաշրջանում համաշխարհային քաղաքականության մեջ արմատականապես փոխվում է նաև աշխարհակարգը, որը Միացյալ Նահանգների կարևորագույն խնդիրն է: Աշխարհակարգի կարգավորման ժամանակակից մեխանիզմների այժմ իրականացվել է աշխարհի կառավարման գլոբալ կառույցվածքների վերակազմակերպում այնպես, որ ունիվերսալ պաշտոնական (ՄԱԿ-ի կողմից առաջադրվող) մեխանիզմների հետ մեկտեղ առաջացել են կիսափակ և ոչ ֆորմալ մեխանիզմներ, որոնց միջուկը արևմտյան քաղաքակրթությունն է՝ «Ոսկե միլիարդը»: 21-րդ դարի սկզբին այն (ՆԱՏՕ-ի ռազմական միջոցներով) պրակտիկորեն ազդում է համաշխարհային քաղաքականության վրա հավասար ՄԱԿ-ին: ՄԱԿ-ը սեփական զինված ուժեր չունի: Իսկ ՆԱՏՕ-ի անդամները արագ կարող են մոբիլիզացնել իրենց զինվորական ռեսուրսները, ինչպես 2003թ. Իրաքի հետ կապված, մնում է միակ դեպքը: Ճիշտ է ՆԱՏՕ-ի երկրները և Ճապոնիան հնարավորության դեպքում նախընտրում են ՄԱԿ-ի սանկցիայով գործել, սակայն այն «կատեգորիկ իմպերատիվ» չէ: Իսկ ՄԱԿ-ի ներսում իրավիճակը վատանում է. երկարաձգվում է ՄԱԿ-ում ռեֆորմներ կատարելու հարցը, քննադատվում է հատկապես Անվտանգության Խորհրդի գործունեության մեխանիզմը, որը ենթադրում է 5 առաջնայնություն ունեցող անդամների մշտական ներկայացուցչությունը: ՄԱԿ-ի ոչ ադեկվատության մասին քննարկումները աշխատում է այդ կազմակերպությունը «բարոյական ապալեգիտիմացնելու» օգտին, հավանական է այն թեզիսի ներմուծումը, թե ՄԱԿ-ը անօգուտ է միջազգային հարաբերություններում կարգավորիչ գործառույթի իրականացման առումով:
Իրավիճակը ավելի բարդ է դառնում 21-րդ դարի սկզբին: Նախ ԱՄՆ-ի և ՌԴ-ի մերձեցումը 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո, ինչը փոխեց իրավիճակը «մեծ ութնյակի» ներսում: Այլևս արևմտյան երկրները ռիսկի չեն դիմում` Ռուսաստանին ներքաշելով սկզբունքային ռազմա-քաղաքական որոշումներ քննարկելիս և կոնսենսուսային տարբերակով որոշում կայացնելիս: Մյուս կողմից ԱՄՆ-ում 2000թ. հանրապետականների հաղթանակով փոխվեց վերաբերմունքը առավել զարգացած երկրների խմբի ներսում հարաբերությունների առումով: Ամերիկյան ադմինիստրացիան սկսեց նահանջել «բազմակողմ համաձայնեցման» քաղաքականությունից, ինչը ենթադրում էր իր գլխավոր դաշնակիցների հետ գործողությունների համաձայնեցում և համատեղ իրականացում: ԱՄՆ հակված էր միայն ֆորմալ կերպով ստանալ իր դաշնակիցների աջակցությունը:
Ժամանակակից միջազգային հարաբերությունների կարգի խախտման դեպքում սանկցիաների կիրառման գործիքայնությունը նույնպես զգալիորեն փոխվել է: Միջազգային հարաբերությունները կարգավորվում են իրավունքի նորմերով, սակայն պրակտիկան ավելի բարդ է: Որոշակի տենդենց է նկատվում ոչ թե ուժի կիրառման սահմանափակման առումով, այլ ընդհակառակը` դրա կիրառման ոլորտի ընդլայնման և ուժային գործողությունների ինտենսիվության բարձրացման առումով միջազգային վարքի նոր նորմերի և կանոնների ներմուծման առիթի հիմքով:
Մինչև 2003թ. ռեժիմը «կոնսենսուսի փաթաթման» սկզբունքի վրա էր կերտվում. ԱՄՆ-ը ձգտում էր ստանալ իր բոլոր գործընկերների համաձայնությունը:
Ամերիկյան դիվանագիտությունը տնտեսելով է սպառում ռեսուրսները: Նախ` ԱՄՆ-ը «ոչ համամիտ» և թշնամական երկրների ցանկը չի թողնում, որ աճի: Դրանով իսկ հանգստացնելով համաշխարհային հանրությանը, որ «վատ պետությունների» շրջանակը փոքր է: Երկրորդ` ԱՄՆ-ը պահպանում է բարեկամական երկրների միասնականությունը: Վաշինգտոնը խուսափում է գործընկերների հետ դիվանագիտական առճակատումից: Այդպիսով ԱՄՆ-ը երկակի է խնայում. ներքին ընդդիմության հակադրությունը փոքրացնում է, միաժամանակ նրանց վրա է դնում որոշ խնդիրների իրականացում: Այս գործընթացը ամերիկյան դիվանագիտությունը մատուցում է այնպես, որ այն կարծես որոշումների ընդունում լինի կոնսենսուսի միջոցով:
ԱՄՆ-ը ավելի ու ավելի լայնորեն է կիրառում «ստրատեգիական ներգրավումը», իր նախկին և հնարավոր մրցակիցներին վերածելով գործընկերներ: Սա է «կոնսենսուսի փաթաթման» քաղաքականության իմաստը: Աշխարհակարգը, լինելով միաբևեռ, ներկայացվում է որպես «ութնյակի» լիդերություն:
Չինաստանը, Ռուսաստանը և Եվրամիությունը տարածաշրջանային մակարդակում ձգտում են իրենց գործողություններում ինքնավարության հասնել: Սակայն գլոբալ մակարդակում չեն փորձում լրջորեն մրցակցել ԱՄՆ-ի հետ ազդեցության համար, թեպետ բոլորն էլ մտահոգված են Վաշինգտոնի դերի չափազանց աճով և փորձում են միջոց գտնել ամերիկյան ամբիցիաները չափավորելու համար:
Ամերիկյան էլիտան դեռ անհանգստացած չէ նման տրամադրություններով: Հզոր երկրները ԱՄՆ-ի հետ առևտրա-տնտեսական և ֆինանսական փոխկախվածության հարաբերույթունների մեջ են և Վաշինգտոնի հետ կապերի խզումը ոչ մեկին ձեռնտու չէ:
Ռուսական դիվանագիտության դրությունը ևս բարդ է: Ռուսաստանը ձգտում է մնալ Արևմուտքի համար ոչ թշնամական դիրքերում: Վճռորոշ ձգտումներ են դարձել ամերիկյան գործընկերության գլոբալ համակարգի ներսում առավել բարենպաստ դիրքի նվաճում և այդ դիրքերի կիրառում իր ողջ տարածքում և ՌԴ-ին կից աշխարհաքաղաքական տարածության ոլորտում ազդեցության քաղաքական վերահսկման համար անհրաժեշտ մակարդակի պահպանումը:
Այդպիսով Արևմուտքի հետ դաշինքը Ռուսաստանի համար կարևոր գործիք է արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար, ինչպես խնդրները մերձբալթյան երկրների հետ: Փաստացիորեն ռուսական դիվանագիտությունը ընդունեց «կոնսենսուսի փաթաթման» ամերիկյան ռազմավարությունը:
Սակայն 2003 թվականից ԱՄՆ-ը նահանջում է կոնսենսուսային տրամաբանությունից: Սա կարող է նշանակել նոր ռեժիմի` «ավտորիտար պատերնալիզմի» առաջացում, որի շրջանակներում ԱՄՆ-ը կցուցադրի իր ուժայի գեակայությունը: Այկենբերիի խոսքերով` ԱՄՆ-ը որպես համաշխարհային հեգեմոն հասել է իր հզորության գագաթնակետին:
Սկզբունքորեն ահաբեկչությունը Միացյալ Նահանգների համար զուտ առիթ է համամարդկային համերաշխության կոչով ակտիվ կայսերական գործողությունների կյանքի կոչելու համար: ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ու աշխարհի թափանցիկությունը ամենևին հնարավորություն չեն տա, որևէ կառույցի դեմ դուրս գալ համաշխարհային հեգեմոնին, առավել ևս, երբ խոսքը առնչվում է ահաբեկչական խմբավորումներին:
ԱՄՆ-ում տիրապետման հիմնական գործիքները գտնվում են ամերիկյան գլոբալ կորպորացիաների ձեռքին, իսկ ազգային անվտանգության ռազմավարության մշակումը իրականացվում է հետախուզական և զինվորական հանրույթների շտաբերում: ԱՄՆ-ի ազգային անվտանգության սկզբունքային նպատակներից է հումքային ռեսուրսների (նախևառաջ ածխաջրածնային) փոխադրման ճանապարհների հասանելիության և պաշտպանվածության ապահովումը, երբ կանխատեսումներ կան, որ դրանք առաջիկա 50 տարիների ընթացքում անխուսափելիորեն սպառվելու են: Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջանում հետևել երկու նույնարժեք շահերի՝ մոտ ապագայի առումով՝ սեփական սկզբունքային գլոբալ իշխանության պահպանում, իսկ ավելի հեռավոր ապագայում՝ դրա վերափոխում առավել ինստիտուցիոնալիզացված գլոբալ համագործակցության: Օգտագործելով վաղեմի ժամանակների կայսրությունների ավելի կոպիտ տերմինաբանությունը, կարող են նշել կայսերական ռազմավարության երեք կարևոր պարտավորությունները, այն ենթադրում է վասսալների միջև հնարավոր դավադրություն թույլ չտալ ու նրանց կախված պահել ընդհանուր անվտանգությունից, պահպանել ենթակաների հնազանդությունը ու ապահովել նրանց պաշտպանությունը և թույլ չտալ բարբարոսների միավորումը[11]: ԱՄՆ-ի ժամանակակից ռազմավարական մշակույթը կարելի է սահմանել որպես «կայսերական» կամ «ռացիոնալ»:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխությունների է ենթարկվել 2006 թվականին, իսկ 2010 թ. մայիսին հաստատված ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը[12]: Այն ինչ-որ էական նորություններ չի պարունակում, այլ միայն լրացված է ժամանակակից իրավիճակներից բխող մարտահրավերների ու սպառնալիքների տեսլականով:
Դրանում նախ ներկայացվում է ընդհանուր համաշխարհային իրավիճակը, առկա տարաբնույթ սպառնալիքները ու մարտահրավերները, որոնց բախվում է մարդկություն ներկա ժամանակաշրջանում (ահաբեկչություն, էներգետիկ խնդիրներ, բնապահպանություն հիմնահարցեր և այլն): Այսինքն ընդհանուր առմամբ ԱՄՆ ազգային անվտանգությունը դիտարկվում է գլոբալ համատեքստում, ու երկրագնդի որևէ հատվածում առկա խնդիրը ԱՄՆ-ը դիտարկում է որպես իր խնդիրը: Սա կրկին խոսում է երկրի հեգեմոն կարգավիճակի մասին:
Այնուհետև ներկայացվում է այն աշխարհը, որին ձգտում է երկիրը ըստ այս ռազմավարության: Նախևառաջ դա ենթադրում է համընդհանուր գլոբալիզացման պայմաններում ընդհանուր արժեքների տարածում, ժողովրդավարության, որում ազատականության, գիտելիքի վրա հիմնված հասարակության ձևավորում, որում չկա դիսկրիմինացիա ըստ ազգային, կրոնական, ռասայական պատկանելության, այսինքն մարդու իրավունքների գերակայությամբ, որում գործում է շուկայական հարաբերությունները, իսկ շուկան գլոբալ է: Փաստացիորեն ԱՄՆ-ը իր այս մոտեցմամբ փորձ է անում ներկայանալ որպես որպես գլոբալիզացիոն գործընթացների հիմնական պատասխանատու, որը միակ պետությունն է, որ կարող է ուղղորդել գլոբալիզացիոն զարգացումները:
Փաստացիորեն կարելի է ասել, որ միջազգային ահաբեկչությունը ԱՄՆ-ի համար զուտ առիթ է սեփական կայսերապաշտական նկրտումները համամարդկային արժեքների պաշտպանության տակ քողարկելու համար: Ահաբեկչությունը ԱՄՆ-ը դիտարկում էիր մարտավարական քայլերից մեկը, սակայն իր նպատակին հասնելու համար ԱՄՆ-ը գործում է համալիր տարբերակով՝ օգտագործելով նոր գլոբալիզացիոն միտումները, վերափոխելով աշխարհակարգը և այլն: Մեծ հաշվով այդ ամենն, ու այդ թվում ահաբեկչության դեմ «թվացյալ» պայքարը տանում է մի գերնպատակի՝ թելուրոկրատիայի հանդեպ հաղթանակի:
[1] http://www.planet-of-people.org/htmls/rus/global_problems/terrorism_istoria_mezhdunarodnogo.htm
[2] Bruce Hoffman. Inside terrorism. Columbia University Press, 2006, p. 71
[3] http://www.polit.ru/article/2004/10/22/iepp/
[4] Дугин А.Г. Основы геополитики. М.: Арктогея, 1997, էջ 100:
[5] Хантингтон С. Столкновение цивилизаций, М., 2003. // http://grachev62.narod.ru/hantington/content.htm
[6] «Պատմության ավարտը» հոդվածը տե՛ս http://www.politnauka.org/library/dem/fukuyama-endofhistory.php
[7] http://memory.loc.gov/ammem/collections/911_archive/
[8] Մանրամասն տե՛ս http://www.fahrenheit911.com/
[9] Cain, Anthony C. Iran’s Strategic Culture and Weapons of Mass Destruction. — Air War College Maxwell Paper No. 26, April 2002
[10] Tolson, Jay. “The New American Empire? Americans Have an Enduring Aversion to Planting the Flag on Foreign Soil: Is that Attitude Changing?” U.S. News and World Report, 13 January 2003, էջ 37:
[11] Бзежинский З. Великая шахматная доска. Господство Америки и его геостратегические императивы. М.: Междунар. отношения, 2002. էջ 53-54:
[12] http://www.whitehouse.gov/sites/default/files/rss_viewer/national_security_strategy.pdf