Ամերիկյան նոր պատժամիջոցներին Ռուսաստանի պաշտոնական կոշտ արձագանքն ու հետևանքների մասին զգուշացումները
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների օրենքը: Նշենք, որ հուլիսի 25-ին այն հաստատել էր Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, իսկ հուլիսի 27-ին՝ Սենատը (կարդացե՛ք. «ԱՄՆ-ը կտրում է Ռուսաստանի «երակները». նոր պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը»):
Այդպիսով չարդարացան Կրեմլի հույսերը, որ նոր նախագահը կմեղմացնի պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ (կարդացե՛ք. «Ի՞նչ է ակնկալում Պուտինը Թրամփից»):
Մոսկվայի համար նոր պատժամիջոցների հաստատումը կասկած չէր առաջացնում, դեռ նախքան դրանց ուժի մեջ մտնելն արդեն իսկ Ռուսաստանը պատասխան միջոցներ էր ձեռնարկում (կարդացե՛ք. «Մոսկվան արտաքսում է ԱՄՆ դեսպանության 755 աշխատակցի. ի՞նչն է իրականում Պուտինի մտահոգությունը»): Այնուամենայնիվ սանկցիաների նոր փաթեթի ընդունմանն առաջին արձագանքները բավականին կոշտ էին:
Օգոստոսի 2-ին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում իր ափսոսանքն է հայտնում նոր պատժամիջոցների ներդրման համար: ԱԳՆ մեկնաբանությամբ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին» («Countering America’s Adversaries Through Sanctions Act») օրենքի անվանումն իսկ ամերիկյան հանրությանը Ռուսաստանը ներկայացնում է որպես «հակառակորդ», ինչն անհեռատես ու անգամ վտանգավոր քաղաքականություն է: Գերատեսչությունը հայտնում է, որ թշնամական վերաբերմունքը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:
«Պատժամիջոցների ամերիկյան սիրահարները, ովքեր ԱՄՆ-ը հանգեցրել են ռուսատյացության հիստերիայի, վաղուց պետք է ազատված լինեին պատրանքներից, հարկ է բացատրել, որ ճնշում գործադրելու ոչ մի փորձ ու սպառնալիք Ռուսաստանին չի ստիպի փոխելու իր կուրսը կամ հրաժարվելու իր ազգային շահերից», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև շեշտում է, որ երկու երկրների միջև հարվածների փոխանակումը Մոսկվայի ընտրությունը չէ և իրենք բաց են համագործակցելու «միջազգային անվտանգության կարևորմամբ, այդ թվում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»: Հայտարարության վերջում նշվում է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցութունը հնարավոր է, եթե վաշինգտոնյան քաղաքական գործիչները հաղթահարեն սեփական մոլորությունները, դադարեցնեն շրջակա աշխարհը դիտարկել իրականությունն աղճատող «Ամերիկյան բացառիկության» պրիզմայով:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է պատժամիջոցների հետևանքներին, նշելով.
«Առաջին՝ նոր ամերիկյան վարչակազմի հետ լավ հարաբերությունների հաստատման հույսերը փարատվեցին:
Երկրորդ՝ Ռուսաստանին հռչակվել է լիարժեք առևտրային պատերազմ:
Երրորդ՝ Թրամփի վարչակազմն ի ցույց դրեց իր ամբողջական անզորությունը՝ ամենանվաստացուցիչ տարբերակով գործադիր իշխանության լիազորությունները հանձնելով Կոնգրեսին: Սա փոխում է ԱՄՆ քաղաքական շրջանակներում ուժի հարաբերակցությունը»:
Մեդվեդևի խոսքերով նոր պատժամիջոցները «Թրամփին տեղը դնելու համար» է, կլինեն նաև այլ ձեռնարկներ, որոնց վերջնական նպատակն է նախագահի հրաժարականը:
ՌԴ վարչապետը ևս պատժամիջոցները բնորոշեց որպես «հակառուսական հիստերիա», որը դարձել է ամերիկյան ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մասը:
Ռուսաստանի գործադիր իշխանության ղեկավարի կանխատեսմամբ.
«Օրենքով ամրագրված պատժամիջոցների ռեժիմը կպահպանվի տասնամյակներ, եթե հրաշք չլինի: Այն ավելի խիստ կլինի, քան Ջեքսոն-Վենիկի օրենքը, քանի որ համընդհանուր բնույթ ունի և չի կարող չեղարկվել նախագահի որոշմամբ, եթե չկա Կոնգրեսի համաձայնությունը:
Այդպիսով՝ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները ծայրահեղ լարված կլինեն անկախ Կոնգրեսի կազմից կամ նախագահի անձից: Սրան հետևելու է միջազգային կառույցներում և դատարարններում հարաբերությունների հստակցման երկարատև գործընթաց: Միջազգային լարվածության հետագա ուժեղացում: Կարևորագույն միջազգային հիմնախնդիրներից հրաժարում»:
Դմիտրի Մեդվեդևի խոսքերով Ռուսաստանը կշարունակի աշխատել տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման, ինչպես նաև իմպորտափոխարինման ուղղությամբ և լավատեսությամբ նշում է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ազդեցությունը: