Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների խստացման 3 հանգամանքները. CNBC
Ներկայացնում ենք ամերիկյան «CNBC» հեռուստաընկերության վերլուծական հոդվածը:
Երեքշաբթի օրը (25.07.2017) ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օրինագիծը (կարդացե՛ք. «ԱՄՆ-ը կտրում է Ռուսաստանի «երակները». նոր պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը»), որին կողմ են քվերակել 419 կոնգրեսական, դեմ՝ ընդամենը 3-ը: Դրանով հանրապետական ու դեմոկրատ պատգամավորները բացառիկ միասնականություն ցուցաբերեցին, իսկ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ մերձեցման հույսերը փարատվեցին:
«CNBC»-ի ներկայացմամբ կան երեք պատճառ, թե ինչու է այս քվեարկությունը կարևոր:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՐՋՎԵ՞Ց ԹՐԱՄՓԻ ԴԵՄ.
Օրինագիծը մշակվել է Կոնգրեսի երկու պալատների անդամների համաձայնությամբ, դեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ մտադրություն ունեն Մոսկվայի դեմ հավելյալ պատժամիջոցներ գործադրել, որոնք միտված են պատժելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու, 2014 թվականին Ուկրաինայի տարածքի անեքսիայի և սիրիական հակամարտության մեջ ռազմական միջամտության համար:
Հունիսին Սենատը հաստատեց օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել և սահմանափակել դրանք չեղարկելու նախագահի լիազորությունները (կարդացե՛ք. «Carthago delenda est. աշխարհաքաղաքականությունը վեր է նախագահից. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվում են»): Սակայն ավելի զարմանալի էր հանրապետականների ու դեմոկրատների միասնականությունը, որ ցուցաբերվեց օրինագիծի վերաբերյալ:
Օրինագիծը նաև նոր պատժամիջոցներ է ենթադրում ընդդեմ Հյուսիսային Կորեայի ու Իրանի: Ենթադրվում էր, որ նախագահը Կոնգրեսին կներկայացնի զեկույց, որը կվերաբերի Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը «զգալիորեն վերանայելու» առաջարկվող միջոցներին, այդ թվում նաև պատժամիջոցները մեղմելուն: (Այս օրինագծի ընդունման դեպքում կարճաժամկետ հեռանկարում այդ հնարավորությունը զրոյանում է – խմբ.):
Կոնգրեսը 30 օր ժամանակ կունենա լսումներ անցկացնելու և իր դիրքորոշումը ներկայացնելու համար: Թրամփը կարող է տեսականորեն «վետո» դնել օրինագծի վրա, սակայն դա և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների բացասական դիրքորոշումը կառաջացնի: Դրանից բացի վտանգ կա, որ Կոնգրեսը կարող է շրջանցել «վետո»-ն, ինչը Թրամփի համար նվաստացուցիչ կլինի:
Նման պայմաններում կիրակի օրը (23.07.2017) Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է ստորագրելու Մոսկվայի դեմ պատժամիջոցների ուժեղացման օրենքը:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ.
Օրինագիծը Եվրոպայում կարող է տարաձայնություններ առաջացնել, քանի որ նոր պատժամիջոցները տուգանքներ են նախատեսում այն ընկերություններին (դրանց թվում կան նաև մի քանի եվրոպական ընկերություն), որոնք օգնում են Ռուսաստանին կառուցելու բալթյան գազամուղը («Հյուսիսային հոսք-2»), որով ռուսական գազը կներմուծվի Եվրոպա: Եվրահանձնաժողովը այս առումով պատասխան քայլեր կձեռնարկի:
«BusinessEurope» լոբբիստական խմբի գլխավոր տնօրեն Մարկուս Բեյրերը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ «եվրոպական բիզնեսը ծայրահեղ մտահոգված է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ընդլայնման և դեպի Եվրամիության էներգամատակարարումների վրա դրանց բացասական ազդեցության հնարավորության պատճառով»:
Բեյրերի դիտարկմամբ՝ Ռուսաստանը էներգետիկայի ոլորտում Եվրամիության երկրների առանցքային մատակարարներից է, նոր պատժամիջոցները դեպի ԵՄ էներգակիրների ներմուծման հարցում զգալի ազդեցություն կունենա: Վերջին հաշվով այդ ամենից կտուժենն ԵՄ երկրների սպառողներն ու ընկերությունները:
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԶՎԱԴԵՊ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ.
Այս քայլը նախագահ Թրամփին ուղղված հերթական հարվածն էր, քանի որ շաբաթ օրը (22.07.2017) Ներկայացուցիչների պալատի ու Սենատի և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ կոնգրեսականները համախմբվեցին և համաձայնության եկան նախագահի լիազորությունների սահմանափակման հարցում (ԱՄՆ-ը նախագահական հանրապետություն է, բայց սահմանադրությամբ ամենամեծ լիազորությունները վերապահված է Կոնգրեսին, կարդացե՛ք. «ԱՄՆ Կոնգրեսի դերն ու լիազորությունները»):
Օրինագիծը քվեարկության է դրվում այն ժամանակահատվածում, երբ հետաքննություն է ընթանում 2016 թվականի նախագահական ընտրություններում Կրեմլի և Թրամփի թիմի միջև համաձայնության և ընտրություններին միջամտելու վերաբերյալ: Դա նախագահի համար ևս մեկ խոչընդոտ է Ռուսաստանի հետ ավելի ջերմ հարաբերություն հաստատելու մտադրության ճանապարհին:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդներից Սթենի Հոյերը շաբաթ օրը հայտարարել է, թե ուրախ է, որ Կոնգրեսի երկու կուսակցությունները «համաձայնության են եկել պատժամիջոցների մասին օրինագծի շուրջ, որը հնարավորություն կտա Ռուսաստանին և Իրանին պատասխանատվության ենթարկել իրենց ապակայունացնող գործողությունների համար… Այս օրինագիծը երաշխավորում է, որ և՛ մեծամասնությունը, և՛ փոքրամասնությունը կարող են իրականացնել իրենց վերահսկողական գործառույթը և հսկել, թե ինչպես է վարչակազմն իրագործում այդ պատժամիջոցները»: