Քաղաքական լիդերություն
Քաղաքական լիդերության հիմնահարցը արդի քաղաքական գիտության կարևորագույն կատեգորիաներից է, այն ուղղակիորեն առնչվում է քաղաքագիտության առանցքային «իշխանություն» երևույթի հետ: Չափազանց կարևոր է համակողմանի վերլուծել «լիդերություն» հասկացության բնույթը, ինչն հնարավորություն է տալիս հստակեցնել նաև ամբողջական քաղաքական համակարգի բնույթը:
Սակայն քաղաքական լիդերության խնդիրը միայն տեսակական-քաղաքագիտական կարևորություն չէ որ ունի, այն նաև շատ կարևորվում է պարկտիկ, քաղաքական գործընթացների համատեսքտում ու մասնավորապես նաև մեր երկրում: Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացները հիմնականում անհատակենտրոն են, այսինքն որոշակի անձանց հարիզման ու կռիշը որոշում է քաղաքականության ընթացքը: Եթե անգամ դիտարկենք խորհրդարանի (Ազգային ժողովի) գործառնության հարցը, միևնույն է ուղղակիորեն բածվում են լիդերության խնդրին: Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները ձևավորվում են որոշակի անձանց՝ քաղաքական լիդերների շուրջ, ըստ այդմ հենց այդ անձինք էլ թելադրում են կուսակցությունների գործունեության ընդհանուր ուղղությունը: Փաստացիորեն առանց տվյալ կուսակցության քաղաքական լիդերի դժվար է պատկերացնել կուսակցության գործառնությունը, իսկ ժամանակակից պառլամենտարիզմի աճող ալիքի պայմաններում այս հանգամանքը ևս մեկ գործոն է, որը գծագրում է հայրենական քաղաքական գործընթացների տրամաբանությունը; Իրոք այսօր դժվար թե կարելի է պատկերացնել «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը առանց Գ. Ծառուկյանի, «Օրինաց երկիրը»՝ առանց Ա. Բաղդասարյանի, «Ժառանգությունը»՝ առանց Ր. Հովհաննիսյանի կամ «Հայ ազգային կոնգրեսը»՝ առանց Լ. Տեր-Պետրոսյանի: Հայաստանում գործող միակ կուսակցությունը, որը անհատի ու նրա շուրջ հավաքված անձանց միություն չէ, դա «Հայ Հեղափոխական դաշնակցությունն» է:
Վերլուծելով քաղաքական լիդերության հիմնախնդիրը՝ մեկն հնարավորություն են ստանում առանձնացնել այս երևույթի մեջ առկա կարևորն ու երկրորդականը, ու համալիր պատկերացում ունենալ տվյալ կոնկրետ պայմաններում հստակ դրևորվող քաղաքական իրողությունների նկատմամբ: Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նախ պարզաբանել քաղաքական լիդերության ընդհանուր բնութագիրը (հասկացությունը, բնորոշ գծերը ու տարբեր մեկնաբանությունները), ապա դիտարեկել քաղաքական լիդերությունը քաղաքական գործընթացների համատեքստում, այդ թվում նաև լիդերի դերակատարությունը հասարակության քաղաքական կյանքում:
Քաղաքական լիդերություն հասկացությունը և նրա բնորոշ գծերը
Ինչպես նշել է Արիստոտելը. «Մարդը հասարակական էակ է»[1], այսինքն նրա գործառնության հիմնական ոլորտը սոցիումն է: Իսկ սոցիումի մեջ առաջնորդի (անգլերեն leader – առաջնորդող, առաջատար) հանդես գալը գրեթե համընդհանուր բնույթ ունի: Առաջնորդումը (լիդերությունը) բնական սոցիալ-հոգեբանական գործընթաց է, այն անձի կարողությունն է` անհատների կամ նրանց խմբի վարքի վրա ազդելու` հանուն կազմակերպության նպատակների իրականացման: Առաջնորդումը համատեղ աշխատանքի ամբողջականացման, կազմակերպության անդամների ներուժի բազմապատկան հզոր մեխանիզմ է: Զ.Ֆրեյդը առաջնորդումը հասկանում էր երկակիորեն. մի կողմից` խմբային, մյուս կողմից` անհատական գործընթաց[2]: Այդ գործընթացների հիմքում ընկած է այլ մարդկանց իրենց կողմը քաշելու, նրանց մեջ հիացմունք ու սեր առաջացնելու առաջնորդների կարողությունը:
Առաջնորդումը խմբում ձևավորվում է հուզական, գործնական և տեղեկատվական բաղադրիչների հիման վրա:
«Հուզական» առաջնորդը «խմբի սիրտն» է, մի մարդ, որին խմբի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել կարեկցանքի համար:
«Գործնական» առաջնորդի հետ, որին ավելի պատկերավոր «խմբի ձեռքեր» են անվանում, հեշտ է աշխատել. նա կարող է կազմակերպել գործը, ձևավորել անհրաժեշտ փոխադարձ կապեր, ապահովել գործի հաջողությունը:
«Տեղեկատվական» առաջնորդին` «խմբի ուղեղին», բոլորը դիմում են տարբեր հարցերով, քանի որ նա ամեն ինչ գիտի, կարող է բացատրել և օգնել գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Լավագույնը կլինի այն առաջնորդը, որը համադրում է բոլոր երեք բաղադրիչները, թեև առավել հաճախ հանդիպում են երկու բաղադրիչների համադրում[3]:
Իսկ ո՞րն է քաղաքական առաջնորդությունը: Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ գոյության ունեն լիդերի, լիդերության սահմանման մի շարք տեսկետներ: Որոշ հեղինակներ շեշտը դնում են քաղաքական գործընթացի սուբյկետնռրի գործունեության ժամանակ նրանց փոխազդեցության վրա, մյուսները գործունեության հեղինակների արդյունավետության վրա, կամ որպես խմբակային գործողության ինտեգրացիոն մեխանիզմ և այլն: Լիդերը ունակ է ազդելու ուրիշների վրա, համատեղ գործունեությունը ամբողջացնելու նպատակով՝ ուղղված տվյալ ընկերության շահերի բավարարմանը:
Լիդերը կազմակերպության կամ փոքր խմբի հեղինակավոր անդամ է, որի անձնական ազդեցությունը թույլ է տալիս սոցիալական գործընթացում գլխավոր դեր խաղալու: Լիդերը խմբի անդամն է, որին խումբը իրավունք է վերապահում իր համար նշանակություն ունեցող իրադրությունում ընդունելու պատասխանատու որոշում, այսինքն ամենահեղինակավոր անձը, որը կենտրոնական դեր է խաղում խմբի համատեղ գործունեության և փոխհարաբերությունների կարգավորման մեջ: Լիդերությունը անձի ընդունակությունն է՝ ազդելու մարդկանց վրա, նրանց գործունեությունն ուղղել կազմակերպության նպատակների իրականացմանը: Քաղաքական լիդերությունը ընդունակություն է ազդելու մարդկանց քաղաքական վարքագծի և գործունեության վրա, նրա բնորոշ գիծը մշտական և անխափան կապն է իշխանության հետ[4]:
Ֆրանսիացի քաղաքագետ Ժ. Բլոնդելը գտնում է, որ իշխանությունը լիդերության գլխավոր բաղադրամասն է, քանի որ այն «վերևում» գտնվող մեկ կամ մի քանի մարդու ընդունակությունն է՝ ստիպելու ուրիշներին անելու դրական կամ բացասական գործողություններ, որոնք նրանք հավանաբար չէին անի (սեփական կամքով)[5]:
Քաղաքական լիդերության բնորոշ գծերը հասկանալու համար նախ անհրաժեշտ է դուրս բելեր այն մակարդակները, որոնցում դրևորվում է լիդերությունը քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ լիդերությունը կարող է դրսևորվել մի քանի մակարդակում:
Լիդերության առաջին մակարդակը փոքր խմբի լիդերն է, որտեղ լիդերը կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց, յանդիսանալ տվյալ խմբի ուղեղային կենտրոնը, ձևավորել տվյալ խմբի հիմնական պահանջմունքները և պաշտպանել խմբի շահերը, այլ խմբերի հետ հարաբերություններում:
Երկրորդ մակարդակը՝ կազմակերպության, շարժման կամ կուսակցության լիդեր: Այս մակարդակում արդեն բացի լիդերի անձնական հատկանիշներից կարևորվում են նաև տվյալ կառույցի ունեցած հեղինակությունը և ճանաչելիությունը հասարակության շրջանում: Այս դեպքում լիդերությունը կարող է հանդես գալ ինստիտուտի տեսքով:
Երրորդ մակարդակի լիդերը քաղաքական այն գործիչն է, որի գործունեությունը ծավալվում է իշխանական հարաբերությունների համակարգում, ի դեմս որի քաղաքական լիդերությունը ներկաայցված է սոցիալական հաստատության ձևով:
Եթե լիդերության առաջին մակարդակում ավելի կարևոր են համարվում մարդու անձնական որակները, ապա երկրորդ և երրորդ մակարդակներում առաջնային են հանդիսանում ինստիտուցիոնալ բաղադրիչները, տվյալ կառույցի կամ կազմակերպության լեգիտիմության աստիճանը հասարակության գիտակցության մեջ[6]: Դրա համար կարևոր նշանակություն ունի լիդերի կողմից որսալու մարդկանց տրամադրությունը, իմանալու նրանց կարիքները, որի հաջողության դեպքում կարող է դառնալ նրանց խորհրդանիշը:
Քաղաքական լիդերի համար կարևորվում է նախ նրա անձնական հատկանիշներ: Հատուկ «գերկրթություն», առանձնահատուկ ինտելեկտուալ բարձունքներ լիդերից չի պահանջվում: Գլխավորն այն է, որ նա ունենա առողջ բանականություն, ազնիվ երևա, մարդկանցից գլուխ հանի, հաղթանակի նկատմամբ կամք դրսևորի և ի ցույց դնի որոշակի դեմագոգիկ ունակություններ: Ցանկալի կլիներ, եթե լիդերը տարբերվեր բարետեսությամբ և բարձրահասակությամբ: Կարևոր է նաև, որ մերձավոր բարեկամները և նախնիներն ազնիվ մարդիկ լինեն: Ընդհանուր առմամբ ցանկացած թերություն կարելի է կոմպեսացնել ինչ-աոր հատուկ արժանիքով, ավելին` ժողովուրդը շատ բաներ սկսում է սովորական համարել և ուշադրություն չի դարձնում[7]:
Լիդերության ժամանակակից հայեցակարգերի մեջ գոյություն ունի նաև «Բնորոշիչների տեսություն): Դրանում լիդերը դիտարկվում է որպես որոշակի հոգեբանական բնորոշիչների (գծերի) ամբողջություն, որոնց առկայությունը օժանդակում է նրա առաջխաղացմանը դեպի առաջատար դիրքեր և նրան հնարավորություն է տալիս ընդունելու իշխանական որոշումներ այլ մարդկանց վերաբերյալ: ձևավորվելով 20-րդ դարի սկզբին՝ այդ տեսությունը զարգացում ապրեց 1930-50-ականներին: Այս տեսության ներկայացուցիչները ուշագրավ է հատկապես ամերիկյան հոգեբան Կ. Բիրդի գործունեությունը, ով 1940 թ. կազմեց «լիդերության» 79 գծերի ցանկ, որոնց թվում էին նախաձեռնողականությունը, շփվողականությունը, հումսրի զգացումը, համոզվածությունը, ինքնավստահությունը, բարյացակամությունը և այլն[8]:
Անձնային գծերի տեսության թերությունն այն էր, որ վերջինիս ներկայացուցիչները հաշվի եչն քռնում այն, որ տարբեր ժամանակաշրջջաններում քաղաքական ուժերն ու հասարակությունը տարբեր պահանջներ են ներկայացնում լիդերներին՝ պահնջելով նրանցից ոչ միայն ընդհանուր, այլև յուրահատուկ անձնային որակներ: Բացի այդ քաղաքական գործընթացին մասնակցությունը ձևավորում և ամրակայում են լիդերի դերիկատարման համար անհրաժեշտ նոր գծեր ու որակներ[9]:
Պետք է նշել, որ ժամանակակից հասարակական տրամադրությունների ուսումնասիրությամբ դուրս են բերվել անձնական ու վարքային հատկանիշների դրական ու բացասական շարք, որոնք արտացոլում են հայաստանյան իրավիճակը[10]: Այդ հետազոտությունից կրկին անգամ շեշտվում է գիտելիքի կարևորությունը, պետք է նշել, որ այն բնութագրական է ցանկացած հասարակության մեջ՝ որպես իշխանության հասնելու հիմնական ռեսուրս[11]:
Քաղաքական լիդերության մեկնաբանման հիմնական մոտեցումները քաղաքական մտքի պատմության մեջ
Հասարակության մեջ լիդերի խաղացած դերին անդրադարձել են մի շարք մտածողներ, տարբեր ժամանակներում: Դեռ հնագույն դիցաբանության մեջ առանձին անհատներ աչքի էին ընկունում գերմարդկային կարողություններով (սխրանքներ գործում, պատերազմներ վարում, պետություններ ստեղծում)[12]:
Պլատոնը (Քա 428-347թթ.) գտնում էր, որ կառավորողի գլխավոր հատկանիշը իմաստությունն է, իսկ երբ իշխաությունը միանում է իմաստության ու լրջամտույան հետ, ստեղծվում է լավագույն պետական կարգը[13]:
Մեկ այլ հույն փիլիսոփա Պլուտարքոսը (45-127 թթ.)նույնպես առաջնորդի մեջ բարձր է գնահատում իմաստությունը, խելքը՝ նշելով, որ եթե զգացմունքներն ունեն իրենց ելակետային սկզիվը, ապա նրանց աջակցում ու կարգավորում է խելքը: Ըստ րա՝ լիդերը պետք է օժտված լինի փառքի, անպարտելիության, մեծահոգության, զսպվածության և մարդասիրության հատկանիշներով[14]:
Իհարկե անտիկ ժամաններում պատկերացումներ կային, թե պատմությունը կերտում են աստվածները, իսկ մարդիկ ենթարկվում էին կառավարողին միայն մարմնական գործողությունների մեջ, այս մոտեցումը ամրագրվեց նաև քրիստոնեական աշխարհայացքի մեջ: Գործնականում ողջ միջին դարեր «երկու սրերի» պայքարի ժամանակահատված էր, երբ հակասության մեջ էին եկեղեցին ու պետությունը (աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները), սակայն պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում քաղաքական գործընթացների առանցքային դերակատարը հենց Հռոմի պապն էր՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:
Քաղաքական լիդերի մասին ամբողջական հայեցակարգ է մշակել քաղաքական մտքի խոշորագույն ներկայացուցիչ իտալացի Նիկոլո Մաքիավելին (1469-1527թթ.): Նա Իտալիայի միավորման ամբողջ հույսը կապում էր խոշոր պետական գործչի բանական գործունեության հետ: Նա կառավարողի առաջնային խնդիրն էր համարում ազգային շահը, ազգային համաձայնությունը, ազգային բարեկեցությունը և չէր պատկերացնում ազգային ուժեղ պետություն առանց քաղաքական կայունության: Նա քննադատու էր երկրի ներսում տիրող անկարգությունները, այն ղեկավարին, ով առաջնորդվում է ոչ թե համազգային, այլ անձնական կամ խմբային շահերից ելնելով: նա իտալիայի միավորումը կապում էր այնպիսի լիդերի հետ, որը օժտված էր քաղաքական ընդունակությամբ և ռազմական տաղանդով: Մաքիավելին հստակորեն նկարագրում է, թե ինչպես պետք է լիդերն իրեն պահի հարևանների, դաշանկիցների, հակառակորդի ու ենթակաների հետ: Նա լիդերներին բաժանում է երկու կարգի. Առաջինը նրանք են, ովքեր իրենց խոլքի, քաջության և ուժի շնորհիվ են հասել իշխանության, իսկ երկրորդը՝ նրանք, ում օգնել է պատահականությունը, ճակատագիրը[15]: Մաքիավելին մեծ նշանակություն էր տալիս ղեկավարի հոգեբանական հատկանիշներին, նրա դիվանագիտական հմտությանը: Լիդերը չպետք է այնպիսի արարքներ գործի, որ ենթակաների մոտ ատելություն առաջացնի: Նրա խելքի մասին պատկերացում կազմելու համար պետք է տեսնել, թե ինչպիսի մարդկանցով է իրեն շրջապատել, իսկ եթե լիդերը խելացի չէ, ապա անիմաստ է նրան օգտակար խորհուրդներ տալ: Ղեկավարը պետք է առյուծ նման ուժեղ լինի, որ վախեցնի գայլերին և աղվեսի պես խորամանկ, որ շրջանցի թակարդները[16]:
Քաղաքական լիդերի մասին բավականին հետաքրքիր մտքեր են արտահայտել Լոկը, Հելվեցիոսը, Հոլբախը, Հեգելը, Շոպենահուերը, Նիցշեն և այլք:
Հոլբախը նշում է, որ ժողովուրդները բոլոր ժամանակներում էլ եղել են իրենց տգիտության, անխոհեմության, դյուրահավատության և ամբոխը իրենց ենթարկել կարողացող մարդկանց կրքերի զոհերը: Ըստ նրա, ժողովուրդները հաճախ են փոխել կառավարման այս կամ այն ձևը, բայց նրանք երբեք չեն ունեցելընդունակություն՝ վերափոխելու էությունը, հասկանալու իրենց դժբախտությունների իսկական աղբյուրը:
Նիցշեն գտնում էր, որ համաշխարհային գործընթացի հիմքը ձգտումն է իշխանության, որ այդ ճանապարհին բարոյականությունը թույլերի զենքն է, իշխանության ձգտողը պետք է անտեի բարոյականությունը:
Ֆրանսիացի մտածող Գաբրիել Թարդը (1843-1904թթ.) գտում էր, որ քաղաքականության բոլոր նվաճումները արդյունքն են մեծ մարդկանց գործունեության: Ըստ նրա, սոցիալական առաջընթացն իրականացվում է հետևյալ ուրվագծով. առաջնորդ-գյուտարար, որ պայաքրում է ամբոխի անշարժության դեմ, ամբոխ, որ հրապուրվում է նորարարությամբ և ամբոխ, որ լուռ հետևում է լլիդերին: Առանց լիդերի ամբոխը գլխատված իրան է, ամբոխին հաճախ հրապուրում են ոչ թե ընտրյալները, այլ թափթփուկները, նա ատում է թույլ լիդերին և ստրկաբար ենթարկվում ուժեղին[17]:
Մեկ այլ ֆրանսիացի մտածող Գուստավ Լեբոն (1841-1931թթ.), շարունակելով Թարդի, նշում է, թե հասարակությունը թևակոխել է «զանգվածների դարը», որին կհետևի քաղաքակրթության անկումը: Սոցիալական կյանքում գլխավոր դերը խաղում է ամբոխը, նա ծրագիր է առաջադրում և թելադրում առաջնորդին: Լիդերն ամբոխը նվաճելու համար պետք է կարողանա շեշտակի, կտրուկ արտահայտություններով ամբոխին մոլորության մեջ գցել, որի դեպքում հեշտությամբ կդառնա նրա տերը, իսկ եթե փորձի բանականություն բերել՝ կդառնա նրա զոհը[18]:
Ժամանակակից քաղաքագիտության լիդերության հիմնախնդրի հետազոտության մեթոդաբանության մեջ կարևոր ու արդյունավետ դեր է խաղում Զ. Ֆրեյդի (1856-1939թթ.) հոգեվերլուծական մեթոդի կիրառությունը: Ըստ Ֆրեյդի՝ մարդկանց քաղաքական գործունեությանակտիվությունն առերևույթ պայմանավորված է քաղաքական, գաղափարական արժեքներով, մինչդեռ իրականում նրա հիմքում ընկած են անգիտակից, բնազդային դրդապատճառները: Նա քաղաքակրթությունն համարում էր մարդու ենթագիտակցական հակումների, առաջին հերթին, սեքսուալ (լիբիդո), սուբլիմացիան դեպի քաղաքական գործունեության, իշխանության[19]:
Սոցիոմշակութային միջավայրում բնազդները, հոգեկան էներգիայի լիցքերը չեն անհետանում, նրանք փնտրում են իրականացման տարբեր ճանապարհներ՝ կերպարանափոխելով ջղաձգության: Այդ գործընթացում առաջացած լիբիդոն սուբլիմացվում է առաջին հերթին իշխանության, լիդերության, ուրիշների վրա իշխելու ձգտման մեջ: Այդպիսի մարդկանց մեջ շատ հաճած առանձնանում են մեծ մարդիկ՝ լիդերներ, որոնք ձգտում եմ իշխել մյուս մարդկանց վրա:
Հոգեվերլուծության դիրքերից էր հիմնավորում իր հայացքները լիդերության մասին նաև ամերիկյան քաղաքագետ Հարոլդ Լասուելը (1902-1978թթ.)[20]: Նա նշում էր, որ լիդերներն անհատներ են, որոնք մանկուց հույսերի կորուստներ են ունեցել: Նման անձինք ալեկոծված են լիդերության կրքերով և հաճախ իրենց վերագնտում են քաղաքականության ասպարեզում: Իշխանությու փնտրող մերժվածները, ըստ Լասուելի, ելք են փնտրում բիզնեսի, կազմակերպված հանցագործության մեջ, միայն թե իշխեն մյուսների վրա: Նրանց համար միևնույն է՝ որտեղ հաստատվեն, միայն թե իշխանություն ունենա մարդկանց վրա: նա առաջ քաշեց այսպես կոչված կոմպենսացիայի (փոխհատուցման) տեսություն, որի համաձայն, մարդու ձգտումը իշխաության՝ ինքնահաստատման ցածր արտահայտություն է և նպատակ ունի հաղթահարելու սեփական թերարժեքության զգացումը; Սակայն այդ տեսությունը լայն տարածում չգտավ:[21]
Քաղաքական լիդերի. Լիդերության հիմնահարցի մասին բավականին արդյունավետ աշխատանք են կատարել ֆրանկֆուրտյան դպրոցի հետազոտողները (Ադորնո, Արենդտ, Ֆրոմ, Մարկուզե և այլք): Նրանց աշխատություններում հետազոտվում են հարիզմատիկ լիդերի հետնորդների քաղաքական գիտակցության առանձնահատկությունները, հատկապես՝ ամբողջատիրական վարչակարգի պայմաններում, որտեղ ղեկավարները հակված են բռնության ու բիրտ ուժի գործադրմանը:
Քաղաքական լիդերության բնույթը և քաղաքական գործընթացները
Նշենք, որ քաղաքական գործընթացների համատեքստում լիդերության անդրադառնալիս պետք որոշակի տարբերակում (տիպաբանություն) անցկացնել իրավիճակների բազմազանության մեջ, մասնավորապես, թե լիդերությունը տարբեր իրավիճակներում ինչպես կարող է դրսևորվել : Այդ խնդրի հետ կապված փորձենք հետազոտել լիդերությանը հիմնահարցը իշխանության լեգիտիմության համատեքստից: Իսկ երբ խոսում են լեգիտիմ տիրապետման մասին, պետք է անդրադառնանք նախևառաջ Մաքս Վեբերին մոտեցմանը: Վեբերի առանձնացնում է տիրապետման 3 տիպ՝ ռացիոնալ-օրինական, ավանդական, հարիզմատիկ: Իրական քաղաքական կյանքում լեգիտիմությունը ունի խառը բնույթ: Վեբերը հետազոտական նպատակներով առանձնացնում է լեգիտիմության իդեալական տիպերը[22]:
Սոցիալական գործողությունների տիպաբանությունը վեբերյան լեգիտիմ տիրապետման հայեցակարգի համար դարձավ գլխավորը: Նրա համար տիրապետում նշանակում է, որոշակի հրամանի հնարավորությունը հանդիպելու ենթակայություն, իսկ հրամանին ենթարկվելու դրդապատճառների հետազոտումը, նրան հնարավորություն տվեցին ստեղծել պետության իդեալական տիպերի տեսական սխեման, որը արդյունքում զարգացվեց այլ մտածողների կողմից:
Տիրապետման ռացիոնալ-օրինական տիպի հիմքում ընկած են նպատակառացիոնալ գործողությունները, իսկ որպես ենթարկման դրդապատճառներ (այս դեպքում օրենքներին ենթարկվելը, ոչ թե կառավարողի անձին) ծառայում են շահերի ընկալումը: Սա բնորոշ է արևմտյան հասարակություններին, որին բնութագրական է ֆորմալ-իրավական հիմքերի առաջնայնության ընդունումը: Նման երկրներում ղեկավարման ապարատը կազմված է կոմպետենտ պաշտոնյաներից, որոնք պարտավորվում են գործել ոչ թե իրենց ցանկությամբ, այլ օրենքներին, նորմերին, կանոններին համաձայն: Որպես լեգալ տիրապետման դասական հիմք ընդունված է համարել բյուրոկրատիան[23]:
Պետք է նշել, որ այս տարբերակում լիդերի համար գործունեության դաշտը հարաբերականորեն սահմանափակ է, քանի որ քաղաքական հարաբերությունները հիմնականում ինստիուտոցիոնալ ճանապարհով է լուծվում: Սակայն պետք է ամեն դեպքում նշել, որ միևնույն է լիդերի անձնական հատկանիշները (հռետորական կարողությունը, իմիջը, գիտելիքը և այլն) քաղաքական կարիերայի լավագույն միջոցն են նաև այս համակարգում:
Ավանդական տիրապետման տիպի հիմքը գործողությունները, համապատասխան ավանդույթներն են, իսկ ենթարկման դրդապատճառները կազմում են սովորույթները, ավանդույթները, հիմնված օրենքների և ղեկավարների հանդեպ խոր հարգանքը, որը անհրաժեշտությամբ լրացվում են նրանց «սուրբ» լինելու հանգամանքով: Ըստ Վեբերի «հավերժական արժեքի հեղինակության ձև է»: Որպես նման տիրապետման մաքուր տիպ է նահապետականը, որը իր կազմակերպմամբ նման է ընտանիքի, ուր տանտեր-կառավարիչը «պետական – ընտանեկան» հիերարխիայի գագաթին է: Այդ հիերախիայում դիրքերը որոշվում են ըստ տիրակալին մոտ գտնվելու աստիճանի, իսկ այդ բուրգով բարձրանալու հնարավորությունը պայմանավորված է տիրակալին նվիրվածությամբ, այսինքն ենթարկվել բացառապես անձին և ոչ թե օրենքին: Տիրապետման նման կառուցվածքը բավական ամուր է, ուստի նրա վրա հիմնված քաղաքական ռեժիմը կարող է երկար գոյատևել (օրինակ Չինաստանում): Այս տարատեսակը առկա է ներկայումս Նեպալում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Հորդանանում, Քուվեյթում և այլն[24]:
Գործնականում նման տիրապետման պարագայում լիդերի իշխանությունը հիմքրըառավելապես սովորույթն է, այլ ոչ թե լիդերի հատկանիշները, գործնականում լիդերը կարող է բավականին հեռու լինել հասարակությունից, նրան կարող են դիտարկել որպես «խորհրդանիշ»: Իսկ մյուս կողմից իրական հնարավորություններ ունեցող անձինք կարող են ճնշվել իշխանական բուրգի գագթաին տանող տարատեսական աստիճանավորների ու ֆորմալ մոտեցումների պատճառով, հենց այդ պատճառով նման հասարակություններում հազվադեպ են ի հայտ գալիս իրական լիդերներ:
Քաղաքական լիդերության բարձրակետը կարելի է համարել տիրապետման հարիզմատիկ տիպը: Վեբերը հարիզմա[25] անվանումը փոխառել է գերմանացի աստվածաբան Ռ. Զոնից (հուն. charisma – աստվածային շնորհ): Սոցիալական գործունեության աֆեկտիվ տիպ է (հիմնված է էմոցիոնալ կողմի վրա), որի համար հարկավոր են յուրօրինակ անհատական որակներ (կախարդող ունակություններ, խոսքի հատուկ շնորհ, ոգու և ինտելեկտի ուժ և այլն), որոնց շնորհիվ անձը տարբերվում է ընդհանուր զանգվածից` դառնալով նրա լիդեր և ենթարկելով իր կամքին:
«Հարիզմատիկ գերիշխանությունը իռացիոնալ է, քանի որ իր անաղարտ ձևով կախված է լիդերի բացառիկության հանդեպ ունեցած հավատքից»: Վեբերը հարիզմատիկ անձանց անվանում է «մարդիկ աշխարհի վրա», ովքեր կարծես առանձնացված են շրջապատից, ունեն յուրահատուկ առաքելություն: Հարիզմատիկ տիրապետումը ևս ենթադրում է անհատին ենթարկում որպես աննախադեպ, արտակարգ և անհասկանալի ինչ-որ երևույթի նկատմամբ զգայական ռեակցիա: Հարիզմատիկ կառավարչի ուժը սակավ հանդիպող շնորհ ունենալու մեջ է, որը համահունչ է կրոնական ենթարկմանը: Պատմությունը ցույց է տալիս, որ շատ հարիզմատիկ տիրապետողներ եղել են տիրաններ և դիկտատորներ (Հիտլեր, Ստալին) կամ էլ բավական կոշտ (ավտորիտար) կառավարման ոճ են որդեգրել: Հարիզմատիկ տիրապետմանը առավելապես ավտորիտար ռեժիմն է բնորոշ, քանի որ լիդերը իրեն վերապահում է անգամ օրենքը փոփոխել: Հարիզմատիկ են համարվում Մովսեսին, Դավթին, Մուհամեդին, Բուդդային, Մ. Գանդիին, Աթաթուրքին, Խոմեյենիին: Ներկայումս պահպանվել է աֆրիկյան ավանդական մի շարք պետություններում, ուր հարիզման դարձել է կազմակերպված քաղաքական երկրպագություն, ասես մի տեսակ «քաղաքական կրոն»:
Համաշխարհային քաղաքական պատմության մեջ հարիզմատիկ տիրապետումը բավական անցողիկ երևույթ է. այն աստիճանաբար վերափոխվում է, դառնում է ավանդական լեգիտիմություն, որը հնարավորություն է բացում իր հերթին ռացիոնալ-օրինական լեգիտիմության համար: Առաջնորդի հանդեպ էմոցիոնալ կախվածությունը բավական շուտ է վերանում, մարդիկ վերադառնում են հանգստի վիճակ, որը առավել երկարաժամկետ և ստաբիլ է, քան զգացմունքների սկզբնական պոռթկումը[26]:
Հարիզմատիկ լիդերության հարցի պարզաբանումը մեզ հնարավորություն տվեց գալու այն եզրակացության, որ հարիզմայի վրա հիմնված լիդերությունը չի վերածվում համակարգային կառավարման, այն վերափոխվում է: Իսկ լիդերությունը ինքնին վերածվում է զուտ ղեկավարման:
Լեգիտիմության Վեբերյան հայեցակարգը և ներկայումս տարածված դեմոկրատիան որպես քաղաքական ռեժիմ կապված չեն միմյանց հետ: Ավանդական և հարիզմատիկ լեգիտիմությունը կարող են դրսևորվել միայն ավտորիտար կառավարման ժամանակ: Դրանք գրեթե երբեք չեն հանդիպում դեմոկրատիաների ժամանակ (թերևս մաքուր ձևով): Վեբերի իդեալական տիպերը գործառնական են միայն տեսության մեջ: Իրականում բոլոր ավանդական համակարգերը ունեն լեգալության որոշակի գծեր, իսկ դեմոկրատական հասարակությունները պահպանվում են օրենքի և իշխանության ավանդական հեղինակությամբ: Ռացիոնալ – օրինական լեգիտիմության տիպը կարելի է հանդիպել որոշակի բացթողումներով մոտ 40 երկրներում գոյություն ունեցող շուրջ 200 երկրներից:
Ժամանակակից քաղաքագետ Դեյվիդ Հելդը փորձում է վեբերյան այս եռաբաժանումը տեղափոխել ներկա իրականություն, արդյունքում ի հայտ է գալիս բավական ծանրակշիռ սխեմա: Հելդը տարբերակում է լեգիտիմության հիմքով դրսևորվող հետևյալ տիպերը.
– համաձայնություն բռնության սպառնալիքի տակ,
– ավանդույթի հիմքով լեգիտիմություն,
– ապատիայի հիմքով համաձայնություն,
– պրագմատիկ ենթակայություն (սեփական շահի համար),
– գործիքային (ինստրումենտալ) լեգիտիմություն (համաձայնություն ենթարկվելու քանի որ տվյալ ռեժիմը կարող է ծառայել որպես համընդհանուր բարիքի հասնելու գործիք)
– նորմատիվ համաձայնություն
– իդեալական նորմատիկ համաձայնություն[27]:
Հելդը իրական լեգիտիմություն է համարում վերջին երկուսը, երբ պետության քաղաքացիներ մեծամասնությունը ամբողջությամբ աջակցում են գործող իշխանությանը:
Լիդերության բնույթի պարզաբանման համար անհրաժեշտ է նաև պարզաբանել այն հարցը, թե հասարակությունը ինչպիսի վարչակարգի կամ քաղաքական համակարգի պայմաններում է ապրում (ավտորիտար. տոտալիտար, դեմոկրատական): Յուրաքանչյուրն էլ ունի իր առանձնահատկությունները, նշենք դրանց մասին:
Ամբողջատիրական վարչակարգին բնորոշ է..
– Մեկ կուսակցություն, որը մեծամասամբ ղեկավարվում է մեկ մարդու («հարիզմատիկ լիդեր», «բռնապետ», «ժողովրդի հայր») կողմից,
– Միակ գաղափարախոսություն, որն ունի բացարձակ պաշտոնական կարգավիճակ, որը սովորաբար սոցիալիստական (էգալիտար) է,
– Սեփական ազգի (ռասայի, դասակարգի) առաջնայնության հիմնավորում,
– «նոր մարդու» և «իդեալական ապագայի» կերտման միտում, ինչը իրենից միֆ է ներկայացնում,
– Կոլեկտիվիստական ոգի, մարդը իրեն իդենտիֆիկացնում է պետության հետ, դառնում է հսկայական մեխանիզմի մի տարրը, իդիվիդուալիզմի ոչ մի դրսևորում չի հանդուրժվում,
– Թշնամու կերպարի ստեղծում (և՛ ներքին, և՛ արտաքին)
– Միտված է քաղաքացիական հասարակության թուլացմանը, քաղաքական մշակույթին փոխարինում է հասարակության մոբիլացումը, քաղաքականացումը,
– ԶԼՄ-ների ամբողջական վերահսկողություն, պրոպագանդա
– Գաղտնի ոստիկանության, քաղաքական հետախուզման, ահաբեկման համակարգ, մատնողականություն,
– «Զանգվածների սուվերենիտետի» պսևդոժողովրդավարական լեգիտիմություն, ֆորմալ ընտրություններ
– Տնտեսության ամբողջական վերահսկում, սեփականության պետական միակ ձևով, պլանավորում,
– Ողջ հասարակության կյանքի կանոնակարգում և ունիֆիկացում, վերջնական նպատակը դասակարգերը վերացնելու մեջ է,
– Հակվածություն տարածքային էքսպանսիայի[28]:
Ավտորիտարիզմին բնորոշ է.
– Կառավարման կոշտ միջոցները:
– Քաղաքականությունը ռեժիմի բացարձակ մենաշնորհ է,
– Իշխանության նկատմամբ վերահսկողություն չկա,
– Կրում է ուժային ողջ պոտենցիալը և անհրաժեշտության դեպքում կիրառում է հակառակորդների դեմ:
– Ավտոկրատիզմ (ինքնակալություն), այսինքն իշխանությունը կրում է փոքր խումբը (կամ մեկը): երբեմն պետության բլուխը կարող է զուռտ նոմինալ ֆիգուր լինել,
– Էլիտայի համալրումը կատարվում է կոոպտացիայի և ժառանգության սկզբունքով,
– Պլյուրալիզմի սահմանափակություն, որոշ դեպքերում կարող են թույլատրվել կուսակցությունների, շահերի խմբերի, ընդդիմության առկայություն` իշխանության վերահսկողության ներքո,
– Հստակ սահմանաված գաղափարախոսություն (ապագայի ծրագիր) չկա,
– Այն մտքի տարածում, թե իբր հասարակությունը պատրաստ չէ անցնելու քաղաքացիական հասարակության վիճակի:
– Մոբիլացվածության բացակայություն, ուստի և ցածր մասնակցություն,
– Իշխանությունը չի ձգտում վերահսկել հասարակության բոլոր բնագավառները,
– Տնտեսության վրա վերահսկողություն չկա, գործում է մասամբ ազատ շուկան.
– Դաստիարակում է կարգուկանոնի կուլտուրա և հարգանք օրենքների նկատմամբ[29]:
Դեմոկրատիայի համար բնութագրական է.
– լիբերալ գաղափարախոսական հիմքերը (անհատների ազատություններ և իրավունքներ),
– մեծամասնության իշխանությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը,
– իշխանության լեգիտիմությունը,
– Օրենքի գերակայությունը, սահմանադրականությունը
– Իշխանության 3 թևերի տարանջատվածությունը:
– Քաղաքական մշակույթի որոշակի աստիճանի առկայություն[30]:
Սկզբունքորեն վարչակարգերի ընհանուր բնութագրիչների նման մոտեցումը պատկերացում է տալիս կազմելու, թե յուրաքանչյուր վարչակարգի դեպքում պոտենցյալ քաղաքական լիդերը ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա և ինչպես պետք է ներկայանա հասարակությանը:
Քաղաքական լիդերի դերակատարումը հասարակության քաղաքական կյանքում
Պետք է նշել նաև, որ հասարակական կյանքում քաղաքական լիդերի դերակատարությունը պայմանավորված է նաև մի շարք հանգամանքներով, մանավորապես նույն լիդերի իմիջը, երկրի բնակչության մենտալիտետը (ընդհանուր քաղաքացիական ու քաղաքական մշակույթը), էթնո-կրոնական կազմը, կառավարման ձևը, պետության տիպը, արտաքին հարաբերությունները և այլն: Գործնականում այստեղ գործում է տնտեսագիտական հայտնի պահանջարկ ու առաջարկի կանոնը, լիդերությունը առաջանում է ըստ հասարակական կոնկրետ պահանջարկի: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհրաժեշտ հաշվի առնել մի շարք գործոններ կոնկրետ քաղաքական լիդերության մասին դատողություններ անելու համար:
Ամեն դեպքում փորձենք ներկայացնել լիդերի ընդհանուր դերակատարումը, որը տեսական հիմք կլինի կոնկրետ հետազոտությունների համար: Իսկ դերակատարում հասկացությունն այլ խոսքերով կարելի է ներկայացնել որպես գործառույթ (ֆունկցիա)[31]: Բնականաբար լիդերը բազմապիսի գործառույթն է իրականացնում, նշենք դրանցից կարևորագույնները:
Կառուցողական գործառույթ, որը արտահայտվում է կոնկրետ ծրագրի մեջ, որն ընդգրկում է հասարակության բոլոր անդամների կամ մեծամասնության շահերը: Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ շատ վերափոխումներ նրա նախաձեռնողներին անհաջողության են մատնել՝ մարդկանց համար պարզ ու հասկանալի հստակ քաղաքական ծրագիր չունենալու պատճառով: Չնայած լիդերները ապահովագրված չեն սխալներից, բայց միշտ չէ, որ նրանք գործում են լավագույն ձևով: Նրանք պարտավոր են գտնել հասարակական խնդիրների լուծման ամենաընդունելի եղանակը:
Կազմակերպչական գործառույթը իր մեջ ընդգրկում է կառավարման համակարգի և կադրերի ստեղծումը: Լիդերը ձևավորում է ապարատը, բաշխում պարտականությունները, պայմաններ ստեղծում պաշտոնական անձանց դաստիարակության ոը առաջընթացի համար: կարգավորում ու վերահսկում է նրանց միջև հարաբերությունները, նախապատրաստում նրանց փոխզիջումների կամ քաղաքական կուրսի վճռական փոփոխության:
Համակարգման գործառույթ, որը ենթադրում է իշխանության ինստիտուտների, հիմնարկների գործունեության համաաձայնեցում: Լիդերը պարատավոր է նրանց որոշումները, քաղաքական կուրսի ընտրությունը համապատասխանեցնել հասարակական կարծիքին և ընդունված արժեքների համակարգին:
Ինտեգրացիոն գործառույթը նախատեսում է հասարակությանը, զանգվածներին իր ծրագրերի շուրջ միավորում, պետությանը և ժողովրդին ծառայելու օրինակ է ցույց տալիս: Ուրիշ պետությունների հետ փոխհարաբերություններում հանդես է գալիս որպես ազգային միասնության խորհրդանիշ: Լիդերը կոչված է պահպանելու ազգային ավանդույթները, մարդկանց հավատը հասարակական իդեալի և արժեքների նկատմամբ[32]:
Սոցիալական դատավորի դերը ևս լիդերի գործառույթն է, որը հնարավոր է իրականացենլ միայն այն դեպքեւմ, երբ նա հենվու է ժողովրդի մեծամասնության վրա, հետևում է կարգուկանոնի ու օրինականության պահպանմանը:
Հաղորդակցման գործառույթ է իրականացնում իշխանության և զանգվածների միջև: Իշխանության պաշտոնակարգման բազմաստիճան բարդության պայմաններում բավականին մեծ է այս գործառույթի նշանակությունը: Բացի ավանդական լրատվամիջոցների գործածությունը, ուղղակի հանդիպումները, այսօր քաղաքական լիդերը նաև հնարավորություն ունի չմիջնորդավորված ու լայնածավալ հաղորդակցություն իօրականացնել՝ նորագույն հաղորդակցական տեխնոլոգիաների ու մասնավորապես Համացանցի միջոցով: Այդպիսով լիդերն էլ ավելի հասանելի է դառնում[33]:
Սակայն պետք է նշել, որ քաղաքականության ընթացքը շատ դեպքերում պայմանավորված է ոչ միան լիդերի կողմից իր գործառույթների անթերի իրականացումից, այլև նրա ինտուտիվ, բնազդային զգացմունքներից, որոնք դրսևորվում են սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ, վիճակը փրկելու համար պայմանների ստեղծման ու հակառակորդին անսպասելիորեն զինաթափելու շնորհքի մեջ: Ոչ միայն լիդերը, այլև շրջապատն էլ պետք է բավարարի ժամանակի պահանջներին, որպեսզի հասկանա և աջակցի լիդերին: Քիչ չեն եղել պատմության մեջ դեպքերը, երբ լիդերը չի կարողացել իրեն դրսևորել շրջապատում աջակցություն չգտնելու պատճառով[34]:
Լիդերի ու հասարակության միջև կապը փոխադարձ է, հասարակությունը պետք է նախապատրաստտի իր լիդերին, ստեղծի քաղաքական այն մատերիան, որից ծնվում է էլիտան: Քաղաքական լիդերի գործառույթների արդյունավետությունը պայմանավորված է դաշնակիցների և հակառակորդների հետ նրա ունեցած հարաբերությունների որակով: Քանի որ քաղաքականությունը չնախատեսված իրադարձությունների մի ամբողջ շղթա է, ուստի լիդերը պատրաստ պետք է լինի ցանկացած իրավիճակում ճիշտ ոոշում ընդունել: Դրա համար անհրաժեշտ է, որ նա յուարցնի քաղաքական իրադրության գիտական գնահատման մեթոդները, տիրապետի մարդկանց վրա հոգեբանական ներգործության և ինքնակարգավորման հատուկ եղանակների:
Կարող ենք նշել, որ միջպետական, միջազգային հարաբերությունների մեջ երկրները ներկայանում են շատ հաճախ համապետական լիդերների (պետության գլուխների)ձևով: Պետության գլխի ինստիտուտը շատ դեպքերում ձևական է, իսկ որոշ դեպքերում այ իրական իշխանության կրողն է: Կապված կառավարման ձևի այս կամ այն տիպից՝ պետության գլուխը (որպես լիդեր) ունի այս կամ այն դերակատարումը: Մասնավորեցնենք որոշ դեպքեր:
Բացարձակ միապետության պայմաններում նրան է պատկանում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ողջ լիազորությունները: Այս կառավարման ձևը բնութագրական է այն երկրներին, ուր դեռ պահպանվում են մինչկապիտալիստական, ավանդական քաղաքական հարաբերությունները (Սաուդյան Արաբիա, Բրյունեյ, Բութան, Քաթար, Օման և այլն): Սակայն սա առավելապես բնութագրական էր հին աշխարհի և միջին դարերի կառավարման ձևերին:
Սահմանադրական միապետություններում պետության գլխի իրավասութունները սահմանափակված են: Ըստ սահմանափակման աստիճանի` լինում են դուալիստական և պառլամենտական: Դուալիստական միապետություններում միապետի կողքին առկա է նաև պառլամենտը, որը օրենքներ է հրապարակում, հաստատում է բյուջեն (որոշներ երկրներում առկա է նաև պառլամենտին պատասխանատու կառավարության ինստիտուտ): Միապետը իրավունք ունի նշանակելու և պաշտոնանկ անելու նախարարների կաբինետի անդամներին, ունի բացարձակ կամ երկարաձգող (հետաձգող) վետոյի իրավունք պառլամենտի որոշումների հետ կապված, ինչպես նաև իրականացնում է ներկայացուցչական և արտաքին քաղաքական մի շարք գործառույթներ (Մոնակո, Հորդանան և այլն): Պառլամենտական միապետություներում միապետի իրական իշխանությունը ավելին քան համեստ է` «միապետը թագավորում է, բայց չի կառավարում»: Որոշ երկրներում միապետի գործառույթները զուտ ներկայացուցչական են (Ճապոնիայում 1947-ի սահմանադրությամբ, Շվեդիայում 1974-ի սահմանադրությամբ): Այլ երկրներում (օրինակ` Մեծ Բրիտանիա, Բելգիա, Դանիա, Նիդեռլանդներ, Իսպանիա և այլն) միապետը անվանապես (նոմինալ) պահպանում է որոշակի լիազորություններ, սակայն դրանցից օգտվում է միայն կառավարության կամ այլ մարմնի նախաձեռնությամբ կամ էլ ընդհանրապես չի օգտվում, այնպես որ այս լիազորությունները նախատեսված են որպես հնարավոր քաղաքական ճգնաժամի համար պահեստային լիազորություններ: Մասնավորապես պառլամենտի օրենսդրական ակտերի հանդեպ վետո կիրառելու իրավունքը (այնտեղ, ուր ֆորմալ կերպով միապետը կրում է նման լիազորություն), գործնականում չի կիրառվում[35]:
Մեր օրերում առավել շատ տարածված կառավարման ձև է հանրապետությունը իր երեք տարատեսակներով` պառլամենտական, նախագահական և կիսապառլամենտական (խառը), այս ձևում պետության գլխի ինստիտուտը հիմնականում վերապահված է նախագահին, երբեմ նաև վարչապետին:
Հայաստանում պետության գլուխը (համապետական լիդերը) նախագահն է, նա Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է[36]:
***
Ընդհանուր առմամբ հետազոտելով քաղաքական լիդերության հիմնահարցը եկանք որոշ տեսական ու պրակտիկ եզրակացությունների:
Զուտ քաղաքագիտության տեսանկյունից քաղաքական լիդերություն երևույթը վերլուծելիս անհրաժեշտ է դիտարկել քաղաքագիտական ևս մի քանի կատեգորիաների համատեքստում՝ քաղաքական իշխանություն, կառավարման ձև, լեգիտիմություն, քաղաքական մշակույթ, իմիջ և այլն:
Մենք եկանք այն եզրակացության, որ քաղաքական լիդերությունը առավելապես մանրավորվում է հարիզմայի միջոցով, ինչը անցողիկ բնույթ ունի, բավականին կարճատև է, այսինքն նույն լիդերությունն էլ երկարատև չի կարող լինել, այն վերամարմնավորվում է տիրապետման մեկ այլ մոդելի:
Լիդերության հիմնահարցը մշապես եղել է քաղաքական մտքի տարբեր ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, քանի որ այն քաղաքագիտության առանցքային հիմնախնդիրներից է: Գրեթե ամեն տեղ, ուր առկա է մարդկային հասարակությունը, այնտեղ այս կամ այն ձևով կարող են ի հայտ գալ որոշակի լիդերներ, որոնք իրենց վրա կվերցնենք համընդհանուր բնույթի որոշումներ կայացնելու լիազորություն: Այսինքն միշտ իր արդիականությունը կպահպանի լիդերության հիմնախնդրի համակողմանի իմացությունը:
Հավելված 1.
Լիդերի անձնային հատկանիշներ | |
Դրական | Բացասական |
Գիտելիք | Իշխանության ծարավ |
Համարձակություն | Անկայունություն |
Ազնվություն | Թուլություն |
Հնարամտություն | Անխոհեմություն |
Ուրիշներին ոգեշնչելու կարողություն | Էգոիզմ |
Մտքի պարզություն | Անբարոյականություն |
Ջերմություն | Գերքաղաքականացվածություն |
Համեստություն | Նախատրամադրվածություն |
Հավելված 2.
Լիդերի վարքային հատկանիշներ | |
Դրական | Բացասական |
Լավ խորհրդականներ է ներգրավում | Պաշտոնը ծառայեցնում է անձնական նպատակներին |
Հավատարիմ է իր տված խոսքին | Խախտում է օրենքը |
Ուժեղ լիդերություն է ստեղծում | Ներգրավվում է անիմաստ պատերազմի մեջ |
Լուծում է մեր տնտեսական խնդիրները | Չի պաշտպանում երկրի շահերն արտաքին հարաբերություններում |
Զարգացնում է լավ հարաբերություններ այլ երկրների հետ | Նախընտրում է որոշակի խմբի հետաքրքրությունները |
Հասկանում է հասարակ մարդկանց | Թաքցնում է ինչ-որ բան ժողովրդից |
Բարոյական կերպար է | Մեկուսանում է ժողովրդից |
Բաց շփվում է այլ մարդկանց հետ | Անբարոյական է անձնական վարքում |
Հավելված 3.
Վեբերի տիրապետման տիպերի ազատ աղյուսակ[37]
Ավանդական | Հարիզմատիկ | Ռացիոնալ | |
Տիրապետման գործիք | Հարգանք ավանդույթների սուրբ բնույթին | «Ողորմածության» ճանաչում | Օրենքի հետևում |
Գլխավոր կառավարչի անվանակոչումը | Տիրակալ (սենյոր) | Ղեկավար | Բարձրագույն պաշտոնյա |
Ենթակաների անվանակոչումը | Ծառաներ (գործընկերներ կամ ենթականեր) | Համախոհներ | Քաղաքացիներ |
Ռեսուրսները | Հանգանակություն | Ձեռքբերում, ընծա | Հարկեր |
Տիպիկ քաղաքական ռեժիմը | Միապետություն | Պլեբիսցիտար բռնապետություն | Պառլամենտական դեմոկրատիա |
Տիրապետման համար կիրառվող հատկանիշները | Հարգանք | Էմոցիա | Բանականություն |
Հեղափոխության տեսակները | Ավանդական հեղափոխություն | Աշխարհի ռադիկալ հեղափոխական հեղաշրջում |
Աղբյուրը՝ Դ. Կոլա, «Քաղաքական սոցիոլոգիա»
[1] Аристотель, Сочениния в четырех томах, Том 4, М., 1983, էջ 455:
[2] http://socio.rin.ru/cgi-bin/article.pl?id=415
[3] Լիդերության մասին մանրամասն տե՛ս http://www.dmoz.org/Business/Management/Leadership/
[4] Толковый политический словарь, 2005 // http://politike.ru/dictionary/825/word/politicheskoe-liderstvo
[5] Пугачев В. П. Политология, М., 2003, էջ 174:
[6] Քաղաքագիտության ներածություն, Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միություն, Եր., 1996, էջ 159-160:
[7] http://khorhurd-armenia.narod.ru/politician/
[8] Мухаев Р. Т. Теория политики: учебник, М., 2005, էջ 348-349:
[9] Սեդրակյան Ս. Ա., Եդիգարյան Վ. Մ. Քաղաքական հոգեբանություն, Եր., 2002, էջ 73:
[10] Տե՛ս Հավելված 1, 2, աղբյուրը՝ http://khorhurd-armenia.narod.ru/politician/
[11] Մասնավորապես տե՛ս այլ երկրների համապատասխան հարցումների տվյալները՝ Артемов Г. П. Политическая социология: Учебное пособие, М., 2002, էջ 212:
[12] Տե՛ս օրինակ Հին Հունաստանի դիցաբանության մասին Грейвз Р. Мифы Древней Греции. — М.: Прогресс, 1992:
[13] Տե՛ս Պլատոնի «Պետություն» աշխատությունը // http://www.philosophy.ru/library/plato/01/0.html
[14] http://ancientrome.ru/antlitr/plutarch/index-sgo.htm
[15] Նիկոլո Մաքիավելի – Տիրակալը /Թարգ. Ալբերտ Բարսեղյանի/, Եր., 2010, էջ 34-57:
[16] Նույն տեղում:
[17] Пугачев В. П. Политология, М., 2003, էջ 172:
[18] Гюстав Лебон Психология народов и масс. — М.: Академический проект, 2011, http://lib.ru/POLITOLOG/LEBON/psihologia.txt
[19] http://www.lib.ru/PSIHO/FREUD/
[20] http://www.pseudology.org/information/Lasswell_Harold.htm
[21] http://allstuds.ru/kompkonc.html
[22] Մ. Վեբերը իր «Քաղաքականությունը որպես մասնագիտությունը և կոչում» զեկույցի մեջ նշում է.
Պետությունը, ինչպես և քաղաքական միությունը, որը պատմականորեն նախորդել է նրան, մարդկանց տիրապետելու այլ մարդկանց հարաբերություն է, որը հիմնվում է լեգիտիմ (թերևս լեգիտիմ համարվող) բռնության որպես միջոցի վրա: Սկզբունքորեն առկա են լեգիտիմության 3 ներքին հիմնավորումներ:
Առաջին` դա «մշտական վաղվա» հեղինակությունն է, բարոյականության հեղինակությունը, որը հինված է «ավանդական» տիրապետման վրա, ինչպես կատարել են հին աշխարհի միապետերը (պատրիարք) կամ իշխանները:
Երկրորդ` հատուկ անձնական շնորհի հեղինակությունն է (Gnadengabe – հարիզմա), լրիվ անձնական հավատարմություն, անձնական վստահություն, որը արտահայտվում է առաջնորդի որակներ ինչ-որ մեկի մոտ դրսևորվելով. անկեղծ հերոսություն և այլ հարիզմատիկ տիրապետման մեջ, ինչպես կատարում է մարգարեն, կամ քաղաքական դաշտում ընտրված իշխան – հրամանատարը, պլեբիսցիտ – տիրակալը, ականավոր դեմագոգը և քաղաքական կուսակցության առաջնորդը:
Երրորդ` լեգալության հիմքով տիրապետում, լեգալ կանոնակարգի պարտադրության ուժի հավատ (Satzung) և գործնական կոմտեպենտություն, որը հիմնավորված է ռացիոնալ ստեղծված կանոններով, այսինքն հիմնված կանոնների իրականացման ժամանակ ենթարկման կողմնորոշում. տիրապետում այն ձևով, որը իրականացնում է ժամանակակից «պետական ծառայողը» և իշխանության բոլոր այն կրողները, ովքեր նման են նրան այս հարաբերություններում: – Вебер М., Политика как призвание и профессия – http://www.nir.ru/socio/articles/weber_politika.htm
[23] Категории политической науки, М., 2002, էջ 109-110:
[24] Категории политической науки, М., 2002, էջ 109-110:
[25] Հարիզմա բառը, որպես արդի քաղաքական գործչին բնորոշիչ օգտագործելիս, սրբության իմաստ չունի, այլ միայն դարձվածք է: Հարիզմատիկ առաջնորդությունը արտահայտվում է իշխանության անձնավորման մեջ (ինչպես դը Գոլի, Ելցինի պարագայում): Շատ դեպքերում ԶԼՄ-ները որպես հարիզմա են բնորոշում սխալ երևույթներ` լիդերի պատվարկումը (պատվելը): Հարիզման ընդունվում է որպես ինչ-որ աստվածային պարգև, նույնացվում է հայրենիքի փրկչի ձևի հետ, որը ի հայտ է գալիս շատ հազվադեպ պատերազմների և առավել քաոսային իրավիճակների ժամանակ: Ըստ ֆրանսիացի քաղաքագետ Գի Հերմեի Եվրոպայի համար հարիզմատիկ լիդերների ժամանակները անցյալում են:
[25] Мельвиль А. Ю., Политология: учебник, М., 2008, էջ 94-95:
[26] Мельвиль А. Ю., Политология: учебник, М., 2008, էջ 94-95:
[27] Категории политической науки, М., 2002, էջ 112-113:
[28] Соловьев А. И. Политология: политическая теория, политические технологии: Учебник, М., 2003, էջ 255-266:
[29] Соловьев А. И. Политология: политическая теория, политические технологии: Учебник, М., 2003, էջ 249-254:
[30] Նույն տեղում էջ 267-280:
[31] http://all-politologija.ru/knigi/politologiya-uchebnoe-posobie/funkcii-i-tipologiya-politicheskix-liderov
[32] http://www.yorku.ca/khoosh/POLS4120/Political%20Leadership%20Theory.pdf
[33] Քաղաքագիտության ներածություն, Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միություն, Եր., 1996, էջ 164-165:
[34] http://kulturoznanie.ru/politology/funkcii-politicheskogo-liderstva/
[35] Категории политической науки, М., 2002, էջ 244:
[36] ՀՀ սահմանադրություն, հոդված 49:
[37] Категории политической науки, М., 2002, էջ 111: