Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի «դավաճանությունն» ու Մոսկվայի անուղղակի աջակցությունն Անգելա Մերկելին
Անգելա Մերկելից առաջ Գերմանիան ղեկավարող Գերհարդ Շրյոդերն ընդգրկվել է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Նրա դիտարկմամբ այդ նշանակումն առաջիկա խորհրդարանական ընտրություններին Գերմանիայի սոցիալ—դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) դիրքերի վրա բացասական չի ազդի: «Չեմ կարծում, որ ես իմ մանդատով իմ կուսակցությանը վնաս հասցնեմ»,- հայտնել է Շրյոդերն օգոստոսի 17-ին շվեյցարական «Blick» թերթի հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ Շրյոդերը Գերմանիայի կանցլերն էր 1998-2005 թվականներին, իսկ դրանից հետո ղեկավարում էր «Հյուսիսային հոսք» գազամուղի օպերատար «Nord Stream AG» ընկերության դիտորդական խորհուրդն, ապա բաժնետերերի կոմիտեն: 2016 թվականից Շրյոդերը ղեկավարում է նաև «Nord Stream 2» ընկերությունը, որն այդ գազամուղի երկրորդ խողովակաշարն է անցկացնում:
Պատմելով Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված ընկերության ղեկավարության կազմում ընդգրկվելու իր մտադրության մասին՝ Շրյոդերը նշել է. «Ես առաջադրվելու եմ չնայած այն քննադատություններին, որոնք ես անարդարացի եմ համարում»:
Ավելի վաղ ԳՍԴԿ-ի ղեկավարությունն այս նորությունները քննադատությամբ էր ընդունել: Այդ կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել էր, որ ինքը «նման բան չէր անի»: Ի պատասխան Շրյոդերը նշել էր. «Յուրաքանչյուրը պետք է ինքն իմանա, թե ինչ է խոսում: Այնուհանդերձ, ընտրությունների ժամանակ ես կաջակցեն Մարտին Շուլցին, եթե նա ցանկանում է»:
Դրանով հանդերձ Գերհարդ Շրյոդերը բարձր է գնահատել Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիստիան Լինդների դիրքորոշումը, ով առաջարկում է ժամանակավորապես աչք փակել Ղրիմի շուրջ հակամարտությանը և առաջնահերթ այլ կետերով համաձայնության հասնել Մոսկվայի հետ հարաբերություններում:
2017 թ. սեպտեմբերի 24-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն են, նախընտրական քարոզարշավի մեկնարկի նախաշեմին նման նշանակումը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, այն այսպես թե այնպես ազդելու է ընտրությունների արդյունքների վրա:
Այս նշանակմամբ Մոսկվան հստակ մեսիջներ է ուղարկում Գերմանիային: Սոցիոլոգիական հարցումների արդյունքներից ակնհայտ է դառնում, որ Մերկելի կողմից առաջնորդվող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն ընտրություններին կրկին առաջինը կլինի: Իսկ նրա հիմնական մրցակից ԳՍԴԿ-ի համար այդ կուսակցության անդամ Շրյոդերի նոր պաշտոնը միայն ի վնաս իրենց կաշխատի: Այսինքն դրանով Կրեմլն անուղղակիորեն աջակցություն է ցուցաբերում Մերկելին, իսկ թե ինչ է ակնկալում դրանով, պարզ կլինի ընտրություններից հետո: