ՆԱՏՕ-ն նոր անդամ ունի
Շվեդիան վերջապես կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին։
Շվեդիան հաղթահարել է վերջին արգելքը՝ դառնալու ռազմական դաշինքի 32-րդ անդամը այն բանից հետո, երբ Հունգարիան — միակ երկիրը, որը դեռևս չէր հաստատել այն — խորհրդարանական քվեարկություն անցկացրեց՝ հավանություն տալու այդ քայլին:
Շվեդիայի անդամակցությունը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ աճող անորոշության ֆոնին, քանի որ ԱՄՆ-ի նախագահական մրցավազքի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնում է հրաժարվել անվտանգության երաշխիքներից Եվրոպայի առնվազն մի մասի համար:
Երկուշաբթի Բուդապեշտը ի վերջո կատարեց այդ քայլը, երբ խորհրդարանը 188 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց բանաձեւին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ավելի քան 600 օր հետաձգել է Շվեդիայի հայտի հաստատումը:
Այժմ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները վավերացրել են Շվեդիայի անդամակցության կարգավիճակը: Դրոշի բարձրացման արարողությունը սպասվում է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս շաբաթվա ավարտին։
Քրիսթերսոնն այն անվանել է «պատմական օր»։
«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների խորհրդարաններն այժմ քվեարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության օգտին: Շվեդիան պատրաստ է ստանձնել իր պատասխանատվությունը եվրատլանտյան անվտանգության համար»,- ասել է Քրիսթերսոնը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը՝ ասելով. «Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բոլոր դաշնակիցները կշահեն Շվեդիայի անդամակցությունից։ «Լավ է, որ Հունգարիայի խորհրդարանը այսօր հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը», — ասել է Շոլցը։