Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը (ԱԺ 2018)
Սիրելի՛ հայրենակից,
Մեր երկիրն ապրում է իր նորագույն պատմության ամենափոթորկալից և լարված ժամանակահատվածներից մեկը:
Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, մեր հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ:
Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար:
Նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրները, այլև իրենք են խնդիր դարձել:
Անլրջություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերին վնասող և երկրի անվտանգությունը խաթարող արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ և միահեծան ներքին քաղաքականություն. սրանք առկա խնդիրների մի մասն են միայն, որոնց լուծումը պահանջում է, որ դեկտեմբերի 9-ին Դուք կատարեք կշռադատված և սթափ ընտրություն:
Եթե մտահոգ եք այս ամենով, ընտրե՛ք Հանրապետականին:
Հարգանքով և Ձեր վստահության խնդրանքով՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ
Իբրև ազգային պահպանողական կուսակցություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետական կյանքի ամենամեծ փորձառություն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար՝ ունի ասելիք և անելիք մեր ազգային-պետական կյանքում:
Հանրապետականի քաղաքական արմատները (որոնք գնում են մինչև 1960-ականներ), նրա առաջնորդների հեղինակությունը, իր գաղափարախոսության պատմականությունը (Գարեգին Նժդեհի ուսմունքը) և, միաժամանակ, արդիականությունը (պահպանողականություն) բարոյաքաղաքական զգալի կապիտալ են ապահովում կուսակցության համար:
Մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները
Իհարկե, եղել են բացթողումներ, թերություններ և սխալներ: Բայց նաև մեր գործունեությունը հանիրավի սևացրել են: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում, չի մրոտվում միայն շարժիչի այն մասը, որը չի աշխատում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը: Բայց դա չպետք է նշանակի մեր գիտելիքների ու փորձի օգտագործման հնարավորության կորուստ Հայաստանի քաղաքացու համար:
Պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին
Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, պատրաստ են ամեն ջանք ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
- Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից:
- Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է: Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:
- Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, մենք այն համարում ենք հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին:
- Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից:
- Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար՝ ի նպաստ Հայոց պետության հզորացման, սփյուռքի արժանապատիվ գոյատևման, հիմնական նպատակ համարելով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:
- Բազմակարծության, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի:
- Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:
ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ
«Ազգ—բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ուանվտանգ զարգացման երաշխիքն է
Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների քաղաքական ու կառավարչական փորձ ունեցող ուժ՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի Զինված ուժերի արդիականացման, նրա նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ հանրային վստահության պահպանման ու նպատակային ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման:
Ստացվել է այնպես, որ մեր պետության մեջ յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է զինվորական ծառայության խնդիրներին: Բայց 21-րդ դարում դա բավարար չէ, քանի որ այս դարը որակի, գաղափարի, արդյունավետության ավելացման դար է: Ներկայում երկրի պաշտպանունակությունը, առկա մարտահրավերներին դիմակայելը կախված են անվտանգության համակարգում յուրաքանչյուր քաղաքացու կողմից իր տեղի և դերի հստակ իմացությունից, նրա պատրաստվածության աստիճանից և պետության կազմակերպչական կարողություններից:
Անհրաժեշտ է`
- Սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարում
- Ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացում
- Գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացում
- Արդյունավետ ռազմադիվանագիտական և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնում
- Սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում
- Ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում
- Պահեստազորի հետևողական ամրապնդում
- Զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրում
- Զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական, հոգեբանական և նյութական աջակցության ընդլայնում:
ԱՐՑԱԽ
Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է:
Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «Ազգ-բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին:
Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում:
Հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց մենք կտրականապես դեմ ենք «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետև այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնամասշտաբ պատերազմի վտանգը:
Մեր ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:
Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն:
Մենք հայցում ենք Ձեր քվեն` Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն ունենալով որպես մեր օրակարգի թիվ մեկ խնդիր:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
Այս օրերին հաճախ են ասում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ նոր իշխանությունները շարունակում են ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է՝ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ նրանց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու արկածախնդրություն:
Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում:
Հաջողության բանաձևն է` գիտելիք, հմուտ թիմ, խոհեմություն, հետևողական աշխատանք:
Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական նպատակներն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսանկյունից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ հավասարակշռված և վարելու ենք Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։
Հնարավորությունների լիարժեք իրացումը կարող է տեղի ունենալ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ինստիտուտներ ստեղծող հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ։ Դրանց ձևավորումը շարունակական գործընթաց է և պահանջում է տնտեսական քաղաքականության հստակ առաջնահերթությունների որոշում, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովում։
Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: Նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ և իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն և բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։
Այս հնարավորությունները ստեղծվել են տնտեսական քաղաքականությունից բխող էական ինտեգրացիոն և ենթակառուցվածքային ծրագրերի հետևողական իրացմամբ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հետևենք ներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականությանը։
ՄԱՐԴԸ
Հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է՝ իր ֆիզիկական, մտավոր և բարոյական ներուժով
- Մարդը տնտեսական աճի թե՛ առաջնային նպատակն է, թե՛ կարևորագույն բաղադրիչը։ Պետական ապարատի և բիզնեսի օպտիմալացումը պետք է զուգակցվի մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծմամբ, այլ ոչ թե գոյամարտում ամենակենսունակի գոյատևման հավատամքով։
- Կրթության համակարգը մեր կարևորագույն մարտահրավերն է։ Այն պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի և աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։ Հայաստանի Հանրապետությունում այժմ առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, որ ենթադրում է ծախսային և ներդրումային առաջնահերթությունների որոշակի վերանայում։
- Մարդկային կապիտալի բարելավման առաջնահերթություններից է նաև առողջապահության ոլորտը։ Համակարգում ծախսերի օպտիմալացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է օր առաջ քննարկել պարտադիր ապահովագրման հայեցակարգը։ Այն հնարավորություն կտա պետական ծառայողներին ընձեռված հնարավորության նմանությամբ՝ հանրապետության բոլոր բնակիչների համար հասանելի դարձնել ծառայությունների մեծ փաթեթ։
- Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն և հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության և սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։