«Ռեգիոնների Եվրոպա». բազմաշերտ կառավարումը Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության համատեքստում
Եվրոպական Միությունը ԱՄՆ-ի նման դաշնային պետություն չէ, այն ոչ էլ միջազգային կազմակերպություն է, ինչպես Միավորված ազգերի կազմակերպությանը: Այն իրականում եզակի է, ԵՄ անդամ երկրները պահպանում են իրենց անկախությունն ու ինքնաիշխանությունը, սակայն նրանք միավորում են ավելի մեծ գլոբալ ազդեցության համար, ինչը առանձին վերցրած ոչ մի երկիր չէր կարող ունենալ:
Պետությունների միավորումը գործնականում նշանակում է, որ անդամ երկրները իրենց որոշում կայացնելու իրավասությունների որոշ մասը փոխանցում են միասնական հաստատություններին, որպեսզի եվրոպական մակարդակում համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ժողովրդավարական կերպով որոշումները նդունվեն:
ԵՄ որոշումների կայացման գործընթացն ընդհանրապես և համատեղ որոշումների գործընթացը մասնավորապես ներառում են հիմնական երեք հաստատություններ`
- Եվրոպական խորհրդարանը (ԵԽ), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և ընտրվում է նրանց կողմից,
- Եվրոպական Միության խորհուրդը, որը ներկայացնում է առանձին անդամ երկրները,
- Եվրոպական հանձնաժողովը, որի նպատակն է պաշտպանել ամբողջ Միության շահերը:
Այս ինստիտուցիոնալ եռանկյունը ձևավորում է ողջ ԵՄ տարածքում գործող իրավական ակտերը, սովորաբար Հանձնաժողովն է առաջարկում, իսկ Խորհրդարանը և Խորհուրդը հաստատում են դրանք:
Կարևոր դեր ունեն ևս երկու հաստատություն` Արդարադատության դատարանը, որը պահպանում է Եվրոպական օրենսդրությունը, և Աուդիտորների եվրոպական դատարանը, որը ստուգում է Միության գործողությունների ֆինանսավորման կողմը:
Այս հաստատությունների լիազորությունները և պարտականությունները շարադրված են ԵՄ բոլոր գործողությունների հիմքը կազմող համաձայնագրերում: Դրանցում շարադրված են նաև այն կանոններն ու ընթացակարգերը, որոնց պետք է հետևի ԵՄ-ը: Համաձայնագրերը ստորագրվում են երկրների նախագահների և/ կամ վարչապետների կողմից և վավերացվում են երկրների խորհրդարանների կողմից:
Ի լրումն իր հաստատությունների, ԵՄ-ն նաև մի շարք այլ մարմիններ ունի, որոնք իրենց կոնկրետ դերն ու առաքելությունն ունեն:
- Տնտեսական և սոցիալական կոմիտեն ներկայացնում է քաղաքացիական հասարակությունը, գործատուներին և աշխատողներին,
- Ներդրումների եվրոպական բանկը ֆինանսավորում է ԵՄ ներդրումային ծրագրերը, և օժանդակում է մանր ձեռնարկատիրությանը Եվրոպական ներդրումային հիմնադրամի միջոցով,
- Եվրոպական կենտրոնական բանկը պատասխանատու է եվրոպական դրամային քաղաքականության համար,
- Եվրոպական Օմբուդսմենը քննում է ԵՄ հաստատությունների և մարմինների վարչարարության թերացման վերաբերյալ բողոքները,
- Եվրոպական տվյալների պաշտպանման վերահսկիչը ապահովում է մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունը,
- Եվրոպական համայնքի պաշտոնական հրապարակումների գրասենյակը ԵՄ վերաբերյալ տեղեկություններ է հրապարակում,
- Եվրոպական համայնքի աշխատակազմի ընտրության գրասենյակը ԵՄ հաստատությունների և մարմինների համար աշխատակիցներ է հավաքագրում:
- Տարածաշրջանների կոմիտեն ներկայացնում է տարածաշրջանային և տեղական իշխանությունները, Անդամները նշանակվում են Խորհրդի կողմից, 4 տարի ժամկետով` վերընտրման իրավունքով: Այն խորհրդատվություն է տրամադրում Խորհրդին և Հանձնաժողովին: Հարկ է նշել, որ Տարածաշրջանների կոմիտեն և Սոցիալական ու տնտեսական հարցերով կոմիտեն ունեն ընդհանուր կազմակերպական կառուցվածք: Տարածաշրջանների կոմիտեի խնդիրը ԵՄ օրենսդրության վերաբերյալ տեղական և տարածաշրջանային տեսակետներ ներկայացնելն է: Այն կատարվում է Հանձնաժողովի առաջարկների վերաբերյալ կարծիքներ ներկայացնելով: Հանձնաժողովը և Խորհուրդը պետք է խորհրդակցեն Տարածաշրջանների կոմիտեի հետ անմիջապես տեղական և տարածաշրջանային իշխանություններին վերաբերող հարցերի շուրջ, սակայն կարող են խորհրդակցել Կոմիտեի հետ նաև ցանկացած այլ խնդիրների շուրջ: Իր կողմից Կոմիտեն կարող է իր նախաձեռնությամբ որոշումներ կայացնել և ներկայացնել դրանք Հանձնաժողովին, Խորհրդին և Խորհրդարանին:
Ի լրումն սրա, ստեղծվել են հատուկ գործակալություններ, որոնք զբաղվում են առանձին տեխնիկական, գիտական և կառավարման խնդիրներով:
Ընդհանուր առմամբ Եվրամիության բազմաշերտ կառավարման հիմքում դրված է այն հրամայականը, որ Միություն պետք է հիմնված լինի բազմազանության վրա: Նախ պատճառն այն է, որ Միության մեջ ընդգրկված են միանգամայն տարբեր էթնո-մշակութային արժեքներ ունեցող երկրներ, որոնք համատեղ որոշումներ են ընդունում տարաբնույթ հարցերի շուրջ: Արդարացիությունը, այսինքն այն ընկալումը, թե ընդունված որոշումները կարելի է լեգիտիմ համարել բոլոր անդամների կողմից, չափազանց բարդ ու բազմաբովանդակ ընթացակարգ է: Հենց այդ ընթացակարգի ապահովման նպատակով է, որ Եվրամիությունը այդպիսի բազմաշերտ համակարգ է ձևավորում:
Միաժամանակ այն հնարավորություն է տալիս կյանքի կոչել «տարածաշրջանների (ռեգիոնների) Եվրոպա» գաղափարը: Սրանով առանձին սուվերեն երկրների դերը սկսում է նվազել, ազգային շահը անցնում է ետին պլան, արդյունքում Եվրոպան մի կողմից բաժանվում է ավելի փոքր վարչական միավորների, սակայն նման բաժանվածությունն էլ կենսական հրամայական է դարձնում Միության գոյությունը ու պահպանումը: Իսկ նման բաժանվածության հիմնական խթանը ու ուղղորդիչը կլինի տնտեսությունը, հարկ է շեշտել, որ Եվրամիությունը ի սկզբանե կայացել է որպես տնտեսական կառույց ու բոլոր հնարավոր հիմնախնդիրը, որոնք ծառել են Միության առջև, ստացել են զուտ տնտեսական բնույթի լուծումներ:
Ուստի հավանականությունը մեծ է, որ ոչ այնքան հեռու ապագայում իրողություն կդառնա նաև «Ռեգիոնների Եվրոպայի» տեսլականը: Իսկ նման նոր քաղաքական-աշխարհագրական տարանջատվածությունը կարող է օրինակ դառնալ նաև ձևավորվող նմանատիպ այլ միությունների համար: