Եվրամիության դերը համաշխարհային քաղաքականության մեջ
Եվրամիությունը հիմնականում տնտեսական հիմքով ձևավորված ու տնտեսական առաջնայնությունը կրող կառույց է (կարդացե՛ք. «Եվրամիության կայացումը. «Շումանի ծրագրից» մինչև Լիսաբոնյան համաձայնագիր»): Ժամանակակից միջազգային թատերաբեմում այնքան էլ հստակ չէ ԵՄ դերը: Այս հիմնախնդիրը չափազանց կարևոր է, քանի որ ԵՄ-ը` որպես համաշխարհային քաղաքականության կարևորագույն դերակատարներից մեկը և մի ամբողջական տարածաշրջանի քաղաքական կուրս թելադրող կառույց իրապես յուրօրինակ է և աննախադեպ:
Կարևոր է հասկանալ, թե ինչ է դառնալու ԵՄ-ն. ակնհայտ է մի բան, որ այդ կառույցն ունի զարգացման հստակ այլընտրանքներ: ԵՄ-ն և՛ պետություն է, և՛ ոչ, և՛ կարող է դառնալ պետություն, և՛ ոչ: Այսինքն ԵՄ-ն պատրաստ է ապագայի վայրիվերումներին:
Եվրամիությունը 28 երկրների տնտեսական և քաղաքական միավորում է, այն ունի հիմն, դրոշ, ընդհանուր դրամական միավոր, առանձին ինտերնետային դոմեյն և այլ տարբերակիչ գործոններ[1]: Այսինքն այն մի կառույց է, որը հիշեցնում է պետություն (համադաշնություն): ԵՄ-ում անցկացվում են համաեվրոպական ընտրություններ, ունի ընդհանուր իշխանական մարմիներ: Սակայն այն պետություն չէ, այնքանով, որքան նրան անդամ պետությունները պահպանում են իրենց սուվերենության իրավունքը, այսինքն ԵՄ-ն գերակա չէ նրանց նկատմամբ:
Եվրամիությունը մենք պայմանականորեն կարող ենք ներկայացնել որպես ամբողջական կառույց՝ տնտեսական հզորության դուրսբերման նպատակով: Իհարկե սա պայմանական է ու ներկայցվող թվերը վերաբերում են անդամ երկրների տնտեսական ցուցանիշների զուտ գումարին: Այդպես՝ 2016 թ. տվյալներով Եվրամիության ՀՆԱ-ն կազմում է 16,4 տրիլիոն դոլար, մեկ անձի հաշվարկով ՀՆԱ-ն կազմում է 32.000 դոլար: Ըստ ոլորտների ՀՆԱ-ն բաշխված է այսպես. գյուղատնտեսությունը 1,8 տոկոս է կազմում, արդյունաբերությունը՝ 25 տոկոս և ծառայությունների ոլորտը 73.1 տոկոս: Այսինքն ԵՄ իր ցուցանիշներով տիպիկ պոստինդուտրիալ հասարակական կառույց է[2]: Եվրամիության մեծագույն խնդիրներից մեկը տնտեսական կտրվածքով վերաբերում է ռեսուրսների սակավությանը (հատկապես ածխաջրածնային), ինչն էլ կապում է Եվրոպայի ձեռքերը:
Գործնականում ԵՄ-ում չափազանց մեծ կարևորություն ունեն մի քանի երկրներ, որոնք հանդես են գալիս որպես տվյալ կառույցի «լոկոմոտիվներ»: Դրանց թվում նախևառաջ անհրաժեշտ է շեշտել ԳԴՀ-ն, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը:
Գերմանիան իր տնտեսական հզորությամբ` ՀՆԱ-ի ցուցանիշով հինգերորդ երկիրն է աշխարհում[3]: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ այն երրորդն էր նույն ցուցանիշով: Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան նույնպես տնտեսապես հզոր երկրներ են, համապատասխանաբար նույն ցանկի յոթերորդ և ութերորդ տեղերն են զբաղեցնում: Այս երկրները ինչպես նաև ԵՄ մեկ այլ անդամ պետություն` Իտալիան, որը այդ վերը նշված ցուցակում զբաղեցնում է տասներորդ տեղը, «Մեծ յոթնյակի» անդամ երկրներ են: Նպատակահարմար չեմ համարում շեշտել Իտալիայի լրջագույն դերը, սակայն այն չի կարելի համեմատել վերը առանձնացրած երեք պետությունների հետ: Թեկուզ այն, որ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և երկրորդ` ունեն միջուկային զինանոց:
Այսինքն այս երեք երկրները ունեն մեծ լծակներ, որոնցով հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկել կազմակերպությունը և ազդել նրա քաղաքական կուրսի վրա: ԵՄ-ի անդամ մնացած երկրները, որոնք բավականին զարգացած են, ունեն բարձր կենսամակարդակ, սակայն ռեալ լծակներ, որոնցով կարելի է համաշխարհային քաղաքականության մեջ ինչ-որ զգալի փոփոխություններ կատարել դրանք չունեն:
Հստակորեն կարելի է շեշտել, որ մինչև 20-րդ դարի կեսերը, այսինքն մինչև երկբևեռ աշխարհակարգի ձևավորումը համաշխարհային քաղաքականությանը եվրոպակենտրոն էր: Իսկ երկբևեռ աշխարհում Եվրոպան ոչ միայն երկրորդային պլան անցավ, այլ անգամ հստակ բաժանվեց երկու ռազմաքաղաքական ճամբարների միջև: Հենց երկբևեռ աշխարհն էլ կատալիզատոր հանդիսացավ եվրաինտեգրացման գործընթացների համար:
Անշուշտ եվրոպական երկրները և մասնավորապես վերը նշված 3 հզորագույն երկրները չէին կարող համակերպվել արդեն իրենց իսկ «սատելիտային» կարգավիճակի հետ: Բայց և պրագմատիզմը ցույց էր տալիս, որ իրենք բավարար հզորություն չունեին ԱՄՆ-ի կամ ԽՍՀՄ-ի հետ ձեռք մեկնելու համար: Իսկ այսօր համաշխարհային թատերաբեմ են իջնում այնպիսի պոտենցյալ ունեցող երկրներ, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, որոնք այսօր տնտեսական և հետևաբար այլ պոտենցյալ հզորությամբ շրջանցում կամ էլ ըստ իրատեսական կանխատեսումների կշրջանցեն յուրաքանչյուր եվրոպական առանձին երկրի: Մասնավորապես Չինաստանն այսօր իսկ ՀՆԱ-ի ցուցանիշով երկրորդն է, Հնդկաստանը` չորրորդը, իսկ Բրազիլիան` իններորդը[4]:
Այս կոնտեքստում եվրոպական երկրների առանձին ազգային շահերը երկրորդական պլան են մղվում, գերակա է դառնում համաեվրոպական շահը: Այլ է հարցը, թե անդամ երկրների զուտ ազգային շահերի իրականացման համար ինչքանով է համաեվրոպական շահերը միջոց ծառայում: Տվյալ կոնտեքստի համար արձրագրենք, որ համաեվրոմիութենական և առանձին անդամ երկրների պետական-ազգային շահերը համընկնում են: Այնուհանդերձ տեղին է անդրադառնալ «առաջատար» հորջորջված եռյակի հնարավոր ազգային շահերի շեշտադրմանը:
ԳԴՀ-ին դեռ հետապնդում է ֆաշիստական սինդրոմը, որը հնարավորություն չի տալիս բացեիբաց խոսել համաշխարհային թատերաբեմում «արևի տակ իր տեղը գրավելու մասին»: Սակայն «գերմանական կենսական տարածքները» անշուշտ ներկա ԳԴՀ-ով չէր կարող սահամանափակվել: Այսինքն Գերմանիայի համար ԵՄ-ն կարող է լինել միջոց Եվրոպան ավելի հեշտ գերմանացնելու համար (նկատի ունենք մշակութային էքսպանսիան): Իսկ որոշ դեպքերում էլ իրեն հարմար և իր համար կարևոր հայտարարությունները կատարել ոչ թե գերմանացու, այլ եվրոպացու չեզոք անվան տակ:
Ֆրանսիան այն երկիրն է, որը մշտապես հավակնել է համաեվրոպական գերիշխանության: Ամենևին պատահական չէ, որ հենց Ֆրանսիան է միշտ հանդես եկել եվրաինտեգրացիոն ծրագրերով: Սակայն Ֆրանսիան հասկանում է, որ միայնակ չի կարող ոչինչ անել տարածաշրջանում, առավել ևս հաշվի առնելով գերմանական գործոնը: Այս պարագայում կարելի է համոզված հայտարարել, որ Ֆրանսիայի դեպքում տեղի է հայտնի գովազդային արտահայտությունը. «մեր շահերը համընկնում են»: Տվյալ դեպքում ֆրանսիական և եվրամիութենական շահերը համընկնում են միանգամայն:
«Ֆրանս-գերմանական դաշինքը» իրոք եվրամիության և ցանկացած եվրաինտեգրացման «թիվ 1» հենքն է և ցուցանելի օրինակ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց կազմակերպելու համար:
Միացյալ Թագավորության դեպքը սկզբունքորեն այլ է: Նախ այն անդամագրվել է եվրոպական ընտանիքին ավելի ուշ` 1973թ.-ին: Սակայն նրա անդամագրությունը կառույցի բովանդակությունը արմատականորեն փոխեց: Միացյալ Թագավորությունը շատերը համարում են ոչ այն է եվրոպական երկիր, այլ ատլանտիստական: Այսինքն շեշտվում է նրա կապվածությունը օվկիանոսի մյուս ափին գտնվող «մեծ եղբոր»` ԱՄՆ-ի հետ: Այդ կապակցությամբ ոմանք այն համարում են «Եվրոպայում ԱՄՆ-ի չխորտակվող ավիակիր»: Սա իհարկե հիմք է եվրոպական այլ երկրների համար Միացյալ Թագավորության հանդեպ անվստահություն ունենալու համար[5]: Այժմ Մեծ Բրիտանիան նախաձեռնում է Եվրամիությունից դուրս գալու գործընթաց, որը կառույցի համար ռևերս նշանակություն կունենա:
Չնայած այս տարաձայնություններին տրամաբանական է նաև համաեվրոպական գաղափարի առկայությունը բոլոր երկրներում: Այսինքն այն ինչ բարձրաձայնում է ԵՄ կարգախոսը. «միասնականություն բազմազանության մեջ»: Այդ միասնականությունը ընդհանուր ձգտում է աշխարհագրորեն ամբողջական կառույց ձևավորելու համար: Եվ ամենևին էլ անսպասելի չի լինի ԵՄ-ին անդամագրումը զուտ եվրոպական այնպիսի երկրների, ինչպես Նորվեգիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Հորվաթիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովիանայի, Ալբանիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի և եվրոպական գաճաճ պետությունների անդամագրումը: Այլ հարց է, թե արդյոք Եվրոպան պատրաստ է ընդունելու Թուրքիային: Քանի որ նման հնարավոր զարգացումների դեպքում ԵՄ-ի գոյության տրամաբանությունը արմատականորեն կվերափոխվի: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին` Անդրկովկասին, ապա ես սկզբունքորեն բացառում եմ անդամագրումը ԵՄ-ին, առանց Թուրքիայի անդամագրության: Քանի որ հազիվ թե ԵՄ-ին ձեռնտու լինի ունենալ իր հիմնական հողային զանգվածից բավական հեռու գտնվող մի երկրամաս, անշուշտ խնդիրները շատ կլինեն: Վերջին շրջանում արդիականություն են ստանում ԵՄ-ՌԴ ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացումները և անգամ ՌԴ հնարավոր անդամակցությաւնն Ընդհանուր շուկային: Սակայն այս խնդիրները ևս չափազանց լայն քննարկման նյութ է:
Կարևոր է նաև շեշտել ԵՄ-ԱՄՆ գերկարևոր ռազմավարական համագործակցությունը, ինչը պայմանավորում են մի շարք մերձեցնող գործոններ: Սակայն այսօր նկատելի է մի տենդենց, որ Եվրոպա — ԱՄՆ հարաբերությունների զարգացումը իր տեղը զիջում է ԱՄՆ — Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պոտենցյալ զարգացման հնարավորությանը:
Այդպիսով ԵՄ-ը ոչ միայն ինչ-որ կառույց է, այլ մի ստվար եվրոպական զանգվածի համար նպատակների մարմնավորում: Իսկ որ՞ն է այդ նպատակը. իհարկե, համաեվրապականացում: Այս համատեքստում ԵՄ-ն հանդես է գալիս որպես այդ ոչ միայն նպատակի, այլև գաղափարի մարմնավորում և դրոշակակիր:
Տնտեսական բաղադրիչը ԵՄ հզորության առաջնային տարրն է: Տնտեսական միասնականությունն է հենց պայմանավորել եվրաինտեգրացման գործընթացները: Եվրամիությունը տնտեսական պոտենցյալով առաջինն է աշխարհում: Ընդհանուր ԵՄ-ի ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է մոտ 16,4 տրիլիոն դոլարը. այդ ցուցանիշով ԵՄ-ն զիջում է միայն ԱՄՆ-ին[6]: Սակայն շեշտենք մի հանգամանք, որ զարգացման տեմպերն ավելի ցածր են քան ԱՄՆ-ում: Կանխատեսումներն այնպիսին են, որ առաջիկա մեկ-երկու տասնամյակում ԱՄՆ կգերազանցի նույն ցուցանիշով ԵՄ-ին:
Մյուս կողմից կարևոր է ԵՄ գոտում էներգակիրների առկայությունը: Ինչը մասնավորապես ածխաջրածնային հումքի համար այնքան էլ լավ ցուցանիշ չի ապահովում: Այսինքն ԵՄ-ն ածխաջրածինների ներկրող երկիր է: Զուտ ներքին ռեսուրսներն ոչ մի կերպ չեն կարող բավարարել ԵՄ-ի պահանջարկը[7]:
Հենց ածխաջրածնային «քաղցն» է, որ ԵՄ-ին հարկադրում է շրջվել դեպի արևելք: Իսկ արևելքում ՌԴ-ի մոնոպոլիային անհրաժեշտ է այլընտրանք: Այդպիսին կարող է լինել Կասպից ծովի ավազանի հումքը: Հենց այս գործոնով է պայմանավորված ԵՄ-ի հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանով: ԵՄ-ին անշուշտ պետք չէ ո՛չ պրոբլեմատիկ տարածաշրջանում, ո՛չ էլ ուղղակի հարևանություն մուսուլմանկան «ճագարային» արագությամբ բազմացող երկրների հետ: Գործնականում ԵՄ տնտեսական դերի հարցը նաև առնչվում է ժողովրդագրական խնդրին: Մինչև 20-րդ դարի կեսերը Եվրոպան իր բնակչության ընդհանուր թվով զգալի դիրք ուներ աշխարհում: Այսօր ԵՄ-ն իր կես միլիարդ բնակչությամբ կազմում է աշխարհի բնակչության 7,3%-ը, ինչը երրորդ ցուցանիշն է Չինաստանից և Հնդաստանից հետո[8]: Դարասկզբին այդ ցուցանիշը ավելին էր քան կրկնակի և տենդենցը շարունակվում է, ԵՄ-ի բնակչության տոկոսային թիվը գնալով կրճատվում է: Սա պայմանավորված է ծնելիության ցածր և մահացության բարձր մակարդակով: Իսկ մյուս կողմից ԵՄ-ի համար գերխնդիր է դառնում միգրանտների խնդիրը:[9]
Տարեց տարի ԵՄ-ում տիտղոսակիր բնակչությունը թվաքանակի անկում է ապրում և աճում է մահմեդական բնակչության թիվը, այժմ նրանց թիվը 13 մլն է[10]: Մահմեդական բնակչությունից վտանգը այն է, որ շատ դեպքերում դրանք չեն ուծացվում եվրոպական ընտանիքին, ինչը կարող է ապագայում անջատողական քաղաքականության հանգեցնել: Մյուս կողմից միգրանտները նաև հանցածին տարրեր են համարվում: Այս ամենն իհարկե իր արտացոլումն է գտնում եվրոպական բնակչության մեջ և ամրագրվում նեոֆաշիստական գաղափարախոսություններրում և քաղաքական կուրսերում:
Քանի որ ԵՄ-ն բավականին հրապուրիչ է արտաքին ավելի ցածր զարգացման մակարդակ ունեցող երկրների բնակչության համար, ապա դա հնարավորություն է տալիս այդ երկրների հետ խոսել ավելի հրամայական տարբերակով, առաջ տանել իրեն նախընտրելի դիվանգիտություն:
ԵՄ հզորության «Աքիլլեսյան գարշապարը» ռազմականն է: Եղել են հստակ ծրագրեր եվրոպական բանակ ստեղծելու ուղղությամբ, այսօր էլ նման քայլերը շարունակվում են: Սա իհարկե չափազանց կարևոր նշանակություն ունի ռեալ ԵՄ-ի դերի բարձրացման համար: Այսինքն «ԵՄ-ն, լինելով տնտեսական հսկա, ռազմական գաճաճ» է: ԵՄ-ը իրականացնում է խաղաղապահ առաքելություններ հիմնականում ՄԱԿ-ի համապատասխան լիազորությամբ:
[1] Տես կառույցի պաշտոնական կայքում — http://europa.eu
[2] Եվրամիության առանձին ոլորտների ցուցիչներն տե՛ս ԿՀՎ-ի կայքում https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ee.html
[3] http://siteresources.worldbank.org/DATASTATISTICS/Resources/GDP_PPP.pdf
[4] Տես Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքում — http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/01/weodata
[5] http://stud24.ru/economic-geography/velikobritaniya-i-evropejskij-sojuz/60209-199894-page3.html
[6] http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?year_high_desc=true
[7] ԵՄ էներգակիրների արտադրության և սպառման ցուցանիշների և այդ ցուցանիշներով աշխրհում զբաղեցրած դիրքերի մասին մանրամասն տես ԿՀՎ-ի կայքում — https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ee.html http://www.pupr.edu/hkettani/papers/WMP.pdf
[8] http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-QA-09-047/EN/KS-QA-09-047-EN.PDF
[9] Ծնելիության, մահացության և միգրանտների թվային ցուցանիշների մասին տես ԿՀՎ-ի կայքում — https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ee.html
[10]http://www.pupr.edu/hkettani/papers/WMP.pdf