«Տեղեկատվական» և «իմաստային» պատերազմներ
«Տեղեկատվություն և տնտեսություն» այս երկու ոլորտների վերահսկողությունը հնարավորություն է տալիս հասնելու ամբողջական իշխանության, այս բանաձևերը մշակվել է դեռ ժամանակակից թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի կողմից, որի արդյունավետությանը ականատես ենք մենք:
Մշտապես տեղեկատվությունը օգտագործվել և մեկնաբանվել է միայն այն տարածող անձի կամ հանրույթի շահերին համահունչ: Օբյեկտիվ տեղեկատվություն որպես այդպիսին պրակտիկայում սկզբունքորեն չի հանդիպում, անգամ ամենից չեզոք երևույթների մասին տեղեկատվությունն իր մեջ պարունակում է հստակ էմոցիոնալ նրբերանք ու կոնկրետ գնահատողական վերաբերմունք: Այսինքն տեղեկատվությունը առաջնահերթ այն տարածողի կողմից գիտակցաբար ուղղորդվում է: Սակայն հաճախ միևնույն իրողությունները ներկայացնելու համար միանգամայն իրարամերժ մոտեցումներ կարող են տարածվել, ըստ էության դա էլ կազմում է «տեղեկատվական հակամարտության» հիմքը, երբ տարածվող տեղեկատվությունները որոշակիորեն հակասում են միմյանց:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու կատարելագործման շրջանում տեղեկատվության կրիչների ու աղբյուրների, ինչպես նաև բուն բազմապիսի ինֆորմացիայի պակաս չի զգացվում, արդյունքում առավել կարևոր է դառնում տեղեկատվության հավաստիության հիմնահարցը: Իսկ հավաստիության դուրսբերման առաջնային խնդիրն է հասկանալ, թե ով է կոնկրետ տեղեկատվություն տարածողը և ինչ նպատակով է տարածվում: Տեղեկատվությունը տարբեր ձևերի կարող է լինել՝ սկսած պաշտոնական հաղորդագրություններից, լուրերի թողարկումից, մինչև գովազդ, PR և անգամ գրականություն, պատմություն և մշակույթ:
Ներկայում տեղեկատվության տարածման կարևորագույն աղբյուրը հանդիսանում են պետությունները՝ որպես ժամանակակից աշխարհակարգի առաջնային դերակատարներ: Սակայն նրանց կողմից տարածվող տեղեկատվությունների հակասությունը, որը հաճախ ուղղորդվում է հակառակ կողմի սխալականության շեշտադրմամբ, դառնում է այն «տեղեկատվական հակամարտությունը», որը մենք անվանում ենք «տեղեկատվական պատերազմ»:
Պետությունների կողմից «տեղեկատվական պատերազմի» հիմնական ու առանցքային միջոցներից է լրատվական դաշտը՝ ԶԼՄ-ները, սակայն հաճախ լրատվությունը իր կոնկրետ շահերից ելնելով սեփական քաղաքական կուրսն է պահում: Ժամանակակից աշխարհում ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցության մյուս միջոցների դերը այնքան մեծ է, որ էապես ազդում է պետությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա: Օգտագործելով ԶԼՄ-ների գործառույթները, ինչպես նաև նրանց ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ պետությունները կյանքի են կոչում իրենց կանխամտածված նպատակները: Պետությունները սովորաբար սեփական լրատվական համակարգերն են ունենում, պաշտոնապես տարածում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հաճախ էլ որոշ լրատվամիջոցներ ուղղակիորեն համագործակցում են պետության հետ, հովանավորվում են նրանց կողմից:
Տեղեկատվական պատերազմի մեջ նույնպես, ինչպես և իրական ռազմական գործողությունների ժամանակ, կարևոր նշանակություն է ստանում հստակ ռազմավարության և մարտավարությունների մշակումն ու հաջորդական իրագործումը: Ռազմավարությունը պատերազմի այն տեսլական է, որը ուրվագծվում է սուբյեկտների կողմից, այդ գործում կարևորվում է հատկապես թիրախային խմբերի հստակ զատորոշումը, քանի որ տարածվող տեղեկատվությունը, հաշվի առնելով կոնկրետ լսարանի առանձնահատկությունները, կարող է առավել արդյունավետ ներկայացվել: Այս գործում պետք է մշակել այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են թիրախային խմբերի նկատմամբ արդյունավետ հարձակում կազմակերպելու համար:
Ռազմավարությունն իր հերթին կյանքի է կոչվում առանձին մարտավարական քայլերի և հնարքների միջոցով: Մարտավարական միջոցները բազմաթիվ ու բազմապիսի կարող են լինել և կարող են արտահայտվել տեղեկատվության տարբեր կրիչների միջոցով, այդ ամենը կախված է կոնկրետ իրավիճակից ու առկա հնարավորություններից: Սկզբունքորեն տեղեկատվական պատերազմի մեջ առաջնահերթ կարևորություն է ստանում անհրաժեշտ տեղեկությունների արագ հայթայթումն ու տարածումը, ինչը հաճախ վճռորոշ է դառնում «տեղեկատվական պատերազմի» արդյունքի համար: Մարտավարական հնարքները կարող են ոչ միայն որոշակի մանիպուլյացիոն երանգներ ունենալ, այլև կոնկրետ անճշտություն, կեղծիք ու սուտ պարունակել, հաճախ Մաքիավելու «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը տեղեկատվական պատերազմի կարգախոսն է դառնում:
Եթե «տեղեկատվական պատերազմը» կարող է միակողմի ուղղորդվել և ներկայացնել պատկերացումներ առանձին երևույթների մասին՝ անկախ հակառակորդի կողմից դրան պատասխանելու կամ հակընդդեմ մոտեցում առաջարկելու հնարավորությունից, ապա «իմաստային պատերազմը» արդեն կոնկրետ մենամարտն է: Այդ դեպքում հակամարտող կողմերը հստակորեն տեսնում են իրենց օբյեկտը, հասկանում են օբյեկտի հանդեպ նպատակային վերաբերմունքը ու փորձում են օբյեկտիվ առնչվող իրողությունները ներկայացնել այն կոնկրետ շեշտերով, որոնք վերջնական հաշվով հանգեցնելու են իրենց նպատակների իրագործմանը: Ըստ էության, կարող ենք ասել, որ «իմաստային պատերազմը» «տեղեկատվական պատերազմի» մի հատված է, ավելի շուտ՝ մարտավարական քայլերից մեկը: Այն երևույթների մասին դիտարկումնեըը հիմնավոր փաստարկելու և տրամաբանական արդյունավետ շղթա կազմելու մեխանիզմ է:
Տեղեկատվական պատերազմի վառ օրինակ է Սառը պատերազմը, երբ աշխարհը վերածվել էր հստակ բևեռների ու գրեթե բոլոր հարցերում այդ բևեռները իրարամերժ մոտեցում էին ցուցաբերում, սակայն պարզ է, որ այդ դիրքորոշումները ուղղորդվում և վերահսկվում էին կոնկրետ անձանց կողմից, կոնկրետ նպատակների համար: Արևմուտք – ԽՍՀՄ հակամարտությունն ընդգրկում էր գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած կենսակերպից, մշակույթից, սպորտից մինչև կատարյալ պետական համակարգի ու մարդության զարգացման տեսություններ: Եթե Սառը պատերազմն ամբողջական տեղեկատվական պատերազմ էր, ապա այդ կոնկրետ ոլորտների մեջ հակասությունները ու նմանատիպ հակամարտությունները արդեն «իմաստային պատերազմի» արտահայտություն էին: Այսօր ևս որոշակիորեն վերածնվում է Արևմուտքի և Ռուսաստանի «սառը» հակամարտությունը:
Հայկական միջավայրի համար տեղեկատվական պատերազմի առավել հստակ տարբերակ է Արցախյան հակամարտությունը, որը քսանամյա զինադադարից հետո առավել ինտենստիվ ուղեկցվում է տեղեկատվական և իմաստային պատերազմներով: