Եվրոպան վտանգի առաջ է կանգնած
— Պաշտոնյաները վստահեցնում են, որ Կիևի ֆինանսավորման որոշումը ավելի շուտ բացառություն է, քան կանոն։
— «Սակայն հետագա աջակցությունը բարդանում է ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններով։
ԱՄՆ օրենսդիրների որոշումը՝ չեղյալ համարել Ուկրաինային 6 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, մեծացրել է Կիևի դաշնակիցների մտահոգությունը — նրանք սա տեսնում են նշան, որ ԱՄՆ-ի աջակցությունը ռազմական ջանքերին սկսում է թուլանալ: Այս մասին գրում են հոդվածի հեղինակներ Էմիլի Էշթոնը (Emily Ashton) և Անդրա Տիմուն(Andra Timu) BLOOMBERG-ում:
Կոնգրեսը դադարեցրել է Ուկրաինայի ֆինանսավորումը, որպեսզի խուսափեն կառավարության փակումից: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված Ուժերի հակահարձակումը շարունակվում է, և այս քայլ խթանում է մտավախությունները, որ Միացյալ Նահանգները կարող է շրջվել դեպի մեկուսացում և ապավինել ներքին քաղաքականությանը: Երկու շաբաթից էլ քիչ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց ամերիկյան մայրաքաղաք և խնդրեց նոր սպառազինության համակարգեր և հետագա ֆինանսական և ռազմական աջակցություն։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ցանկացավ պահպանել անանունությունը, ասաց, որ իրավիճակը մտահոգիչ է և պետք է արագ կարգավորվի:
«Սա մեզանից շատերին անակնկալի բերեց — նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային», — հեռախոսով Bloomberg-ին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը: Զրույցի պահին նա եղել է Կիևում, որտեղ մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Սա կարող է հավանություն առաջացնել այն երկրներում, որոնք չեն աջակցում Ուկրաինային կամ նրան այլ բան են ցանկանում, բայց ոչ հաղթանակ», — հավելել է Լանդսբերգիսը: «Ակնհայտ է, որ ամեն ինչ կարելի է շտկել, բայց սա ցույց է տալիս քննարկման ողջ բարդությունը»։
Որոշ դաշնակիցներ հիշեցին նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիին կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ֆինանսավորման հարցում։ Նրանք սա համարեցին որպես ապացույց, որ Ուկրաինայի ռազմական ջանքերին միջազգային լայն աջակցությունը պահպանվում է, և որ օգնության հետաձգումը միայն ժամանակավոր միջոց է:
Շաբաթ օրը Կոնգրեսը երկկուսակցական աջակցությամբ ընդունեց մի միջոցառում, որը կպահի ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև նոյեմբերի կեսերը, սակայն Ուկրաինային օգնությունը ներառված չէր, ինչը հարված էր Բայդենի վարչակազմին:
Սակայն նոր աջակցություն ստանալը գնալով ավելի դժվար է դառնում, մասամբ այն պատճառով, որ Միացյալ Նահանգների ներքաղաքական ուշադրությունը տեղափոխվում է այլ հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության վրա:
Բայդենի վարչակազմը հուսով է, որ ֆինանսավորման որոշումը կդիտվի որպես անոմալիա, ասել է ամերիկացի պաշտոնյան: Այնուամենայնիվ, մի քանի եվրոպացի պաշտոնյաներ ասում են, որ օրենսդիրների քայլը մտահոգիչ է, թեև ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային, ամենայն հավանականությամբ, կշարունակվի:
Օգնության դադարեցման որոշումը միայն ոչ պաշտոնապես է քննարկվել Կիևում կայացած նախարարների հանդիպմանը։ Ընդհանուր կոնսենսուսն այն է, որ Վաշինգտոնը լուծում կգտնի, ասել է ԵՄ դիվանագետներից մեկը՝ անանունության պայմանով խոսելով՝ պայմանավորված բանակցությունների գաղտնի բնույթով:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դաշինքը «խորապես ափսոսում է» Կոնգրեսի որոշման համար, բայց միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ այն կվերանայվի։
«Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային և բանակցել մեր ամերիկացի դաշնակիցների և ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես շարունակեն օգնել»,- եզրափակել է Բորելը։