Խնդիրներ, որոնցից պետք է զգուշանա Ջո Բայդենը
ԱՄՆ-ի տնտեսության վիճակի մասին վերջին երեք նախազգուշական նշանները կարող են անհանգստության պատճառ հանդիսանալ նախագահ Ջո Բայդենի և դեմոկրատների համար, քանի որ նախագահը ցանկանում է վերընտրվել: Այս մասին գրում է NEWSWEEK-ը (Three Warning Signs About the Economy That Will Have Spooked Joe Biden):
Սպիտակ տունը բուռն արձագանքեց Fitch վարկանիշային գործակալության՝ այս շաբաթ ԱՄՆ վարկային ռեյթինգը իջեցնելու որոշմանը և դրա համար մեղադրեց նախորդ վարչակազմին:
Վարկանիշի իջեցմանը հաջորդեցին հուլիս ամսվա զբաղվածության սպասվածից թույլ թվերը և լուրերն այն մասին, որ մեկ գալոն բենզինի միջին գինը միայն վերջին ամսում աճել է 30 ցենտով, ինչից տուժել են ամերիկացիները:
ԱՄՆ-ի տնտեսությունը միշտ էլ առանցքային խնդիր է նախագահական ընտրություններում: Բայդենի թիմը քարոզում էր այսպես կոչված «Բայդենոմիքս»-ը — նախագահի տնտեսական ծրագիրը — գրանցվել է գնաճի տարեկան մակարդակի զգալի նվազում, որը հունիսին կազմել է 3 տոկոս:
Սա ցածր է 2022 թվականի հունիսի 9 տոկոսից և մոտենում է Դաշնային պահուստի թիրախին՝ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքին:
Այնուամենայնիվ, այս շաբաթվա տնտեսական նորությունները կարող են սարսափեցնել Սպիտակ տանը, քանի որ Բայդենը սկսում է իր քարոզարշավը:
Վարկային ռեյթինգի իջեցում
Fitch-ը՝ երեք խոշոր վարկանիշային գործակալություններից մեկը, որը գնահատում է կառավարությունների և ընկերությունների վարկունակությունը, երեքշաբթի հայտարարեց, որ իջեցնում է ԱՄՆ-ի վարկային ռեյթինգը մեկ աստիճանով ամենաբարձր՝ AAA-ից AA+:
Թեև AA+-ը դեռևս համարվում է երկրի վարկունակության շատ դրական ցուցանիշ, Բայդենի վարչակազմի պաշտոնյաները ակնհայտ զայրույթով արձագանքեցին որոշմանը:
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարություն է տարածել, որում Fitch-ի քայլն անվանել է «կամայական և հիմնված հնացած տվյալների վրա»:
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել է. «Fitch-ը հիմա տարօրինակ և անհիմն որոշում է կայացրել», հաղորդում է Reuters-ը:
Աշխատաշուկան նվազում է
Հուլիսյան աշխատատեղերի հաշվետվությունը, որը հրապարակվել է ուրբաթ, ցույց է տվել, որ ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղերը սպասվածից ավելի դանդաղ են աճել: Հուլիսին ԱՄՆ-ի տնտեսությունն ավելացրել է 187,000 աշխատատեղ, ինչը ավելի քիչ է, քան Dow Jones-ի կանխատեսումը (200,000):
Զբաղվածության մասին տվյալները կարող են վկայել ԱՄՆ-ի տնտեսության դանդաղման մասին, թեև նոր աշխատատեղերի թիվն աճել է հունիսի համեմատ, երբ այդ թիվը կազմում էր ընդամենը 185,000 աշխատատեղ:
Հուլիսին գրանցվել է ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ամենաթույլ ամսական աճը` սկսած 2020 թվականի դեկտեմբերից։ Նախկին զեկույցը նաև առաջինն էր այն իրադարձությունից հետո, երբ Fed-ը բարձրացրեց տոկոսադրույքները մինչև 22 տարվա առավելագույնը, և դեռ պետք է պարզել, թե սա երկարաժամկետ ինչ ազդեցություն կարող է ունենալ զբաղվածության թվի վրա:
Գործազրկության մակարդակը հուլիսին կազմել է 3,5%։ Գործազուրկ է եղել 5,8 մլն մարդ։
Բայդենը ողջունել է աշխատատեղերի մասին զեկույցը ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ:
«Գործազրկությունը ռեկորդային ցածր մակարդակի մոտ է և աշխատունակ տարիքի ամերիկացիների մասնաբաժինը, ովքեր աշխատանք ունեն, 20 տարվա առավելագույն մակարդակի վրա. սա Բայդենոմիկան է», — ասվում է հայտարարության մեջ:
Բենզինի թանկացում
Բենզինի մեկ գալոնի միջին գինը բարձրացել է 30 ցենտով վերջին ամսվա ընթացքում՝ ԱՄՆ նավթավերամշակման որոշ գործարաններում խափանումների պատճառով՝ պայմանավորված ուժեղ շոգով:
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ օգոստոսի 5-ին մեկ գալոն բենզինի միջին գինը կազմել է 3,83 դոլար. մեկ ամիս առաջ միջինը 3,52 դոլար էր:
Այս ցուցանիշը դեռ ցածր է մեկ տարի առաջ մեկ գալոն բենզինի միջին գնից, որը կազմում էր 4,11 դոլար, սակայն բենզալցակայաններում գնաճն աննկատ չի մնա ամերիկացի սպառողների շրջանում։
Գնաճը պայմանավորված է Տեխաս և Լուիզիանա նահանգներում առնվազն չորս նավթավերամշակման գործարանների չնախատեսված անջատումներով, որոնք մասամբ առաջացել են աննորմալ շոգից։
Այս երկու նահանգներին բաժին է ընկնում ԱՄՆ նավթավերամշակման հզորության կեսը։
Սպիտակ տունը «շատ ուշադիր» հետևում է բենզինի գներին՝ նախորդ շաբաթ հաղորդել էր CNN-ը՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում:
«Զավեշտն այն է, որ ուժեղ տնտեսությունը ենթադրում է ավելի բարձր գներ», — ասաց պաշտոնյան: «Որքան լավ աշխատի նախագահը (և նրա տնտեսական քաղաքականությունը), այնքան ամեն ինչ թանկ կլինի»: