Սերժ Սարգսյանի գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու ուղին («Համահայկական կոնգրես»)
Հայ ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանից հրաժարվել իշխանությունից։ Սակայն որքան էլ ստվար լինեն բողոքող քաղաքացիների շարքերը, ցույցերը դատապարտված են, եթե պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը հստակ չէ։
«Համահայկական կոնգրեսը» առաջարկում է Սերժ Սարգսյանի գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու ուղին։
Ինչու՞ պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյան․
- Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմ չէ․ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը հավանությունը չի տալիս նրա պաշտոնավարմանը։
- Սերժ Սարգսյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը խաբեության ճանապարհով։ 2014 թվականին հայտարարելով, որ այլևս երբեք չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին՝ դրժել է իր խոստումը։
- Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները քաղաքական մանիպուլյացիա էին՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով խորհրդարանական կառավարման ձևի անվան տակ բացարձակ մեծամասնական ընտրակարգի հաստատման համար։
Ինչպե՞ս պետք է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին․
- Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի ցույցերը պետք է համակարգվեն ցանցային մեխանիզմով, պետք է գործեն լոկալ համակարգող կենտրոններ՝ ընդհանուր մարտավարության շրջանակներում։
- Համակարգող կենտրոններին կարող է անդամակցել ցանկացած քաղաքացի, սակայն բոլոր որոշումները պետք է ընդունվեն քննարկումների ճանապարհով, որպեսզի իշխանությունները չկարողանան իրենց գործակալներին ներմուծել ցանցի մեջ և ազդել պայքարի ընթացքի վրա։
- Հայկական սփյուռքն ի աջակցություն ցուցարարների կարող է երթեր ու ցույցեր անցկացնել Սփյուռքի տարբեր բնակավայրերում։
- Ցուցարարները պետք է աջակցություն ստանան՝ անհրաժեշտ պարագաներ, սնունդ, գումար և այլն, որոնք հնարավոր կլինի փոխանցել համակարգող կենտրոնների պատասխանատուների միջոցով։
Ի՞նչ է պետք պահանջել իշխանություններից․
- Սերժ Սարգսյանը, եթե անգամ հրաժարվի վարչապետի պաշտոնից, լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, փաստացիորեն կշարունակի ղեկավարել երկիրը։ Պետք է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ, ինչպես նաև ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ։
- Պետք է ձևավորվի ազգային ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, կարճ ժամանակահատվածում վերանայվի «Ընտրական օրենսգիրքը», որից պետք է բացառվի խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակով ընտրակարգը։
- Պետք է հայտարարվեն ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
- Ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները պետք է նախապատրաստեն ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ կձևավորվի իրական խորհրդարանական հանրապետություն, իսկ Ազգային ժողովը կունենա երկու պալատ՝ վերին պալատում ներկայացված կլինի սփյուռքը։
Նշված կետերը կարող են խմբագրվել և ավելացվել նոր դրույթներով։