Դանիան հաստատել է «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի «խոշորամասշտաբ վնասը»
Դանիացի պաշտոնյաները հաստատել են, որ Բալթիկ ծովում Դանիայի ափերին գտնվող «Հյուսիսային հոսք 1» և 2 խողովակաշարերին «մեծ վնաս է հասցվել», և որ նախորդ ամիս վնասի պատճառ են դարձել «ուժեղ պայթյունները»։ Գրում է AL JAZEERA-ն։
Սեպտեմբերի վերջին Բալթիկ ծովում վնասվել էին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերը, որոնք ռուսական գազը Եվրոպա տանող ամենամեծ ուղիներն են: Չորս արտահոսք է տեղի ունեցել միջազգային ջրերում, բայց Դանիայի և Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիներում:
Երեքշաբթի օրը Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է, որ մի շարք նախնական հետաքննություններ է իրականացրել այսպես կոչված «հանցագործության վայրերի» վերաբերյալ՝ Դանիայի զինված ուժերի աջակցությամբ և, ի թիվս այլոց, Դանիայի անվտանգության և հետախուզական գործակալության հետ համագործակցությամբ:
Գործակալությունն ու ոստիկանությունը որոշել են ստեղծել համատեղ քննչական խումբ, որը կզբաղվի միջադեպերի հետագա հետաքննությամբ, հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ «հնարավոր չէ ասել, թե երբ կարելի է սպասել հետաքննության ավարտին»:
Այս ամսվա սկզբին Շվեդիայի ներքին անվտանգության գործակալությունը հայտնել է, որ վերջինիս ափին ավելի մոտ գտնվող երկու լրացուցիչ արտահոսքի վերաբերյալ իր նախնական հետաքննությունը «ուժեղացրել է լուրջ դիվերսիայի կասկածները», իսկ դատախազն ասել է, որ տեղում ապացույցներ են առգրավվել:
Ավելին, Դանիայի սեյսմոլոգները ավելի վաղ հայտնել էին, որ արտահոսքի շրջակայքում գրանցել են 2,3 բալ ուժգնությամբ ցնցումներ Ռիխտերի սանդղակով, և որ այդ ազդանշանները նման չեն երկրաշարժերի ազդանշաններին:
Վնասված խողովակաշարերը մի քանի օր շարունակ օդ են արտանետել հսկայական քանակությամբ մեթան՝ հզոր ջերմոցային գազ:
Խողովակաշարերի վնասը դարձել է ուկրաինական ճգնաժամի հիմնական կետը: Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ-ը եղել է դժբախտ պատահարների շահառուն, մինչդեռ Վաշինգտոնը հերքում է իր առնչությունը: