Հյուսիսային Իռլանդիա,Կոսովո, Հարավային Սուդան. հակամարտությունների համեմատական վերլուծություն և ԼՂՀ առնչություններ
Ներկայացնում ենք ժամանակակից միջազգային հարաբերությունների կարևորագույն երեք հիմնախնդիրների՝ Հյուսիսային Իռլանդիայի, Կոսովոյի և Հարավային Սուդանի ինքնորոշման հիմնահարցի պարզաբանմանը՝ համեմատականներ անցկացնելով երեք կոնֆիլկտների միջև, ինչպես նաև դուրս բերելով միջազգային իրավունքի մեջ երկու կարևորագույն սկզբունքների՝ «ժողովուրդների ինքնորոշման» և «պետությունների տարածքային ամբողջականության» համադրությանը, որոնք արտահայտված են մասնավորապես ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտով[1]:
Նշված երկու սկզբունքների որոշակի հակասության պատճառով հնարավոր չի լինում իրավական լուծում տալ կարևորագույն պետական հիմնախնդիրներին, ուստի մնում է ապավինել քաղաքական լուծմանը, որն էլ կախված է քաղաքական իրողություններից և հակամարտության մեջ ներգրավված կողմերի ուժային հարաբերակցությունից: Սակայն երևույթի ավելի խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ դա տարածված «մոլորություն» է, որով հաճախ որոշ երկրներ փորձում են քողարկել իրենց ծավալապաշտական շահերից բխող ժխտողական վերաբերմունքը միջազգային իրավունքի կիրառման նկատմամբ: Դա ինքնորոշման սկզբունքի հակադրումն է տարածքային ամբողջականության կամ սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին, թեև այդ հակադրման հակաիրավական բնույթն ակնհայտորեն երևում է խնդրի իրավագիտական վերլուծության պարագայում[2], ինչը միանշանակորեն հաստատում է, որ ոչ միայն հակասություն չկա, այլև նման հակասությունը սկզբունքորեն հնարավոր չէ, քանզի դրանք գտնվում են միջազգային իրավունքի տարբեր հարթություններում: Իսկ ՄԱԿ-ի «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով սահմանված յոթ գլխավոր սկզբունքների շարքում ինքնորոշման սկզբունքը ներառվել է, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը՝ ոչ, ակնհայտորեն նկատի ունենալով թե այդ փաստաթղթերի իրավական բովանդակությունը և թե ՄԱԿ-ի կանոնադրության գերակայությունը մյուս միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի նկատմամբ[3]:
Ստորև ուսումնասիրում են նման հակամարտությունների օրինակներն ու համեմատությունը՝ Հյուսիսային Իռլանդիան, Կոսովոն ու Հարավային Սուդանը:Այս երեք դեպքերը ցուցողական են նաև ԼՂՀ հակամարտության առումով, ի դեպ նույն ԵԱՀԿ-ին վերապահված է նաև ղարաբաղյան հարցի կարգավորումը[4]:
Հյուսիսային Իռլանդիա
Հյուսիսային Իռլանդիան գտնվում է Մեծ Բրիտանիայի կազմում, հիմնադրվել է 1921 թ. մայիսի 3-ին, տարածքը մոտ 13.8 հազար քառ. կմ է, որտեղ ապրում են ողջ Մեծ Բրիտանիայի բնակչության ընդամենը 3 տոկոսը՝ 1.8 մլն մարդ[5]: Բնակչությունը միատարր չէ. մոտ երրորդ մասը Իռլանդիա կղզու բնիկ բնակչությունն է, իսկ մնացյալ մեծամասնությունը անգլո-իռլանդացիներն շոտլանդա-իռլանդացիներն են, այսինքն իրենց ավելի շուտ դիտարկում են որպես բրիտանացիներ, ովքեր նաև բողոքական քրիստոնեության դավանորդներ են: Մինչդեռ իռլանդացիները, մասնավորապես նաև Իռլանդիայի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կաթոլիկներ են: Հենց այս էթնո-կրոնական տարանջատումն էլ հանդիսանում է երկրամասում առկա քաղաքական խնդրի ու անջատողական նկրտումների պատճառը:
Ժամանակակից կոնֆլիկտի հիմքերը գալիս են 20-րդ դարի սկզբից, երբ 1919-1921 թթ. անգլո-իռլանդական պատերազմի արդյունքում 1922 թ. Իռլանդական Հանրապետությունը անկախություն ստացավ Միացյալ Թագավորությունից, սակայն Հյուսիսային Իռլանդիան շարունակեց մնալ Թագավորության կազմում[6]:
Այս բաժանումից հետո՝ ողջ 20-րդ դարի ընթացքում Մեծ Բրիտանիայիում կազմակերպվել են բազմահազար ահաեկչություններ, որոնք կազմակերպվել են Իռլանդական հանրապետական բանակի կողմից (անջատողական կազմակերպություն, որին նպատակն է Հյուսիսային Իռլանդիայի անկախացումը Մեծ Բրիտանիայից և միավորումը Իռլանդիայի հետ): Ահաբեկչության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ հյուսիսիռլանդական իշխանությունները կառավարեն երկիրը: Խնդիրն այն է, որ հյուսիսիռլանդական պառլամենտում սովորաբար ավելի մեծ ներկայացվածություն ունեն բողոքականները, որոնք կողմ են Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, որն էլ ինքնին առաջացնում է կաթոլիկ բնակչության դժգոհությունը:
Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության լուծման գործում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի առաջին արդյունավետ համագործակցության փորձն էր 1985 թ. Անգլո-իռլանդական համաձայնագիրը, որում հաստատվում է Հյուսիսային Իռլանդիայի պատկանելությունը Մեծ Բրիտանիային, առ այն որ տարածքի բնակչության մեծամասնությունը կողմ է դրան: Այս համաձայնագրի առաջին դրական հետևանքն էր 1993 թ. ընդունված Դաունինգ-սթրիթի (Downing Street) հռչակագիրը, որը հռչակում է ոլոր հետաքրքրված կողմերին բանակցային սեղանի շուրջ հավաքելու սկզբունքները՝ պայմանով, որ կհրաժարվեն բռնության գործադրումից: Այդ պայմանավորվածությունների հիմքով Իռլանդական հանրապետական բանակը հայտարարեց կրակի դադարեցման մասին, նրա ճանապարհով գնացին նաև բողոքականների ռազմական կազմավորումները: Սակայն հիմնահարցը մինչև օրս էլ վերջնական լուծում չի ստացել, Հյուսիսային Իռլանդիան շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում[7]: Ընդհանրացնելով կոնֆլիկտը կարող են ասել, որ դրա արդյունքում երկիրը զգալի կորուստներ ունեցավ[8]:
Հյուսիսային Իռլանդիայի հարցում կա քաղաքական իրողություն, որ մենք գործ ունենք հզոր պետության՝ Մեծ Բրիտանիայի հետ, որը երբևէ թույլ չէր տա, որովը այլ արտաքին ուժ ներգրավում կոնֆլիկտի լուծման մեջ, դրանով է նաև պայմանավորված, որ հակամարտությունը մինչև օրս առկախված է: Մի հանգամանք ևս կա նման խնդիրներից որևէ մեկի լուծումը կարող է դոմինոյի էֆֆեկտ ունենալ ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Եվրամիության այլ երկրների համար: Օրինակ 2014 թ. Շոտլանդիայում նախատեսված է անցկացնել հանրաքվե Մեծ Բրիտանիայից դուրս գալու նպատակով, նմանատիպ ցանկություն ունի նաև Կատալոնիան (Իսպանիայում): Այս ամենը կարող է մեծ ալիք բարձրացնել ու արմատապես փոխել Եվրոպայի քաղաքական քարտեզը:
Կոսովո
Ըստ ժամանակագրության ուսումնասիրվող հաջորդ հակամարտությունը Կոսովոյի խնդիրն է: Կոսովոյի Հանրապետությունը բալկանյան փոքր պետություն է 10.9 հազար քառ. կմ տարածքով և մոտ 1.7 մլն բնակչությամբ, այս ցուցանիշներով գրեթե հավասար է Հյուսիսային Իռլանդիային: Այն անկախացել է Սերբիայից 2008 թվականին[9]: 2013 թ. սեպտեմբերի տվյալներով ՄԱԿ-ի անդամ պետությունների կեսից ավելին՝ 106 պետություն ճանաչում են Կոսովոյի անկախությունը, այսինքն ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի արդեն իսկ անկախություն ունեցող, սուվերեն պետություն է:
Ժամանակակից կոնֆլիկտի առաջացման հիմքերը կրկին բխում են 20-րդ դարասկզբից, երբ Օսմանյան կայսրությունը դուրս էր մղվում Բալկաններից: 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմների արդյունքում Կոսովոյի մեծ մասը մտավ Սերբիայի կազմի մեջ, իսկ մի փոքր մասը՝ Մոնտենեգրոյի (Չերնոգոիայի) կազմում: Հենց այդ շրջանում էլ առաջացավ Ալբանիա պետությունը: Մեծ թվով էթնիկ ալբանցիներ մնացին Կոսովոյի կազմում, որը բնական հակասություն էր ծնում ալբանական և սլավոնական տարրերի միջև, հակասությունը ոչ միայն էթնիկականի, այլև կրոնական տարբերության մեջ էր: Ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի դեպքերի այստեղ էթնիկական տարրն ավելի շեշտված էր:
Առաջին աշխարհամարտից հետո Կոսովոն Սերբիայի կազմի մեջ էր,այդպես շարունակվեց մինչև Հարավսլավիայի կազմաքանդումը: Հակասությունն երկու էթնիկական տարրերի միջև էլ ավելի սրվեց, երբ Հարավլսավիայում իշխանության անցավ Սլոբոդան Միլոշևիչը 1988 թ.: 1989 թ. նոր սահմանադրությունը արմատապես կրճատում էր երկրի քիչ թե շատ ինքնավարություն ունեցող շրջանների իրավունքները, Կոսովոյի ալբանացիները բոյկոտեցին այդ հանրաքվեն: Կոսովոյի տեղական լիազորությունները կրճատվեցին, արդյունքում սկսվեցին զանգվածային ցույցեր և անհանգստություններ, 1990 թ. Կոսովոյում արտակարգ իրավիճակ հայտարարվեց: Սակայն ալբանացիների շրջանում անջատողական ձգտումները էլ ավելի էին մեծանում, իսկ 1991 թ. սեպտեմբերի 22-ին հռչակվեց Կոսովոյի Հանրապետության ստեղծումը, ապա անցկացվեց չթույլատրված հանրաքվե ու նախագահական ընտրություններ ալբանական համայնքների շրջանում: Մեկ ամիս անց երկրի անկախությունը ճանաչեց Ալբանիան (հոկտեմբերի 22): Սա ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի նշանակում էր կոնֆլիկտի մեջ հարակից ուժերի հստակ ներգրավում: Կոսովոյում ևս սկսվեց անջատողական ուժերի ձևավորում, որը 1996 թվականին միավորվեեց Կոսովայի ազատագրման բանակի մեջ[10]: Շրջանում սկսվեց իրական պարտիզանական-ահաբեկչական պատերազմ: Արդյունքում 1998 թվականից նրանց դեմ դուրս եկավ արդեն հարավսլավական բանակը: Պատերազմը ուղեկցվում էր զանգվածային ճնշումներով, խաղա բնակիչների սպանություններով, էթնիկական զտումներով: Արդյունքում 1999 թ. ռազմական գործողություններին միջամտեց ՆԱՏՕ-ն՝ ընդդեմ Հարավսլավիայի: ՆԱՏՕ-ն լիազորված էր ՄԱԿ-ի կողմից, իսկ զանգվածային ավիահարվածների արդյունքում սերբական կառավարությունը հարկադրված էր թույլ տալ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը այդ շրջան, որի ղեկավարությունը հանձնվեց ՄԱԿ-ին, համաձայն 1999 թ. հունիսի 10-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևի[11]: ՄԱԿ-ի ժամանակավոր ադմինստրացիայի հաստատումից հետո մեծ թվով փախստականներ (հիմնականում սերբեր ու գնչուներ) մնացին Սերբիայում, նրանց քանակությունը ըստ սերական տվյալների մոտ 277 հազար էր: Ներկայում Կոսովոյի բնակչության 92 տոկոսը ալբանացիներ են, մինչդեռ 1991 թ. միայն 82 տոկոսն էին, սերբերը կազմում են 5 տոկոսը, իսկ գնչուները՝ 3 տոկոսը:
2004 թ. հոկտեմբերի 23-ին Կոսովոյին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ (երկիրը խորհրդարանական հանրապետություն է), պառլամենտում տեղերը բաշխվեցին ըստ էթնիկական պատկանելություն 120 մանդատներից 100-ը պատկանում է ալբանացիներին, մնացածը՝ ազգային փոքրամասնություններին, որից 10-ը՝ սերբերին: Հակամարտության մեջ մինչ օրս գրանցված ամենից կարևոր արդյունք եղավ այն, որ 2008 թ. փետրվարի 18-ին Կոսովոյի պառլամենտը միակողմանի հայտարարեց երկրի անկախության մասին[12]: Իսկ արդեն 2010 թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Կոսովոյի անկախության հռչակումը Սերբիայից որպես օրինական[13]: Դրանով ըստ էության հակամարտությունը վերջնականապես կարելի է լուծված համարել: Կոսովոյի հակամարտության մեջ տարբերակիչ գիծն այն էր, որ այստեղ տեղի ունեցավ միջազգային միջամտություն ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կողմից: Իսկ մյուս առանձնահատկությունը աշխարհաքաղաքական իրողություններն են: Մասնավորապես հակամարտության հիմքերում առկա երկբևեռ աշխարհակարգի խնդիրները, հազիվ թե ՆԱՏՕ-ի կողմից ինտերվենցիա լինել Հարավլսավիա, եթե ԽՍՀՄ-ը գոյություն ունենար, կամ Ռուսաստանը այնքան թույլ չլիներ, որքան 90-ականների վերջերին էր: Ի վերջո Կոսովոյի անկախացումը նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտություններ էր, դրանով է պայմանավորված, որ մինչև օրս ՌԴ-ն չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: Կոսովոյի հակամարտությունը ևս մեծ թվով զոհերի ու կորուստների հանգեցրեց[14]:
Հարավային Սուդան
Մեր համեմատական հետազոտության հաջորդ օբյեկտը Հարավային Սուդանն է: Այն բաժանվել է Սուդանից ընդամենը 2011 թ. հուլիսի 9-ին: Ի համեմատություն նախորդ երկու դեպքերի Սուդանը տարածքով ու բնակչության զգալիորեն գերազանցում է: Տարածքը 620 հազար քառ. կմ է, իսկ բնակչությունը շուրջ 11 մլն[15]:
Մինչև եվրոպական գաղութացման շրջանը Հարավային Սուդանում պետական կազմավորումներ չկային: 1898-1955 թվականներին Սուդանը անգլո-եգիպտական ազդեցության տակ էր և վարվում էր առանձին ղեկավարում Սուդանի հարավային և հյուսիսային մասերում: Հարավային Սուդանում վարվում էր տեղի բնակչության քրիստոնեացման քաղաքականություն: 1956 թ. հռչակվեց միասնական Սուդան պետության անկախությունը, սակայն կառավարող քաղաքական գործիչները փորձում էին վարել Հարավի արաբացման ու մահմեդականացման քաղաքականություն: Երկրում ազգային-էթնիկական ինքնության մասին խոսելը անիմաստ է, հիմնականում նեգրոիդ ռասայի ներկայացուցիչներին տարանջատող հիմնական չափորոշիչը դարձավ կրոնը: Այս առումով Հարավային Սուդանի դեպքը զգալիորեն տարբերվում է Կոսովոյից, ինչպես նաև որոշակիորեն Հյուսիսային Իռլանդիայից:
Արաբական հյուսիս կողմից վարվող խթրական քաղաքականության պատճառով 17 տարի (1955-1972 թթ.) ընթանում էր քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց Ադդիս-Աբեբայի համաձայնագրով, որով Հարավին տրամադրվում էր ներքին ինքնավարություն[16]: Սակայն մոտ մեկ տասնամյակ անց Սուդանի իշխանությունները կրկին սկսեցին վարել երկրի իսլամացման քաղաքականություն, անգամ քրեական օրենսգրքի մեջ հատուկ իսլամական պատժամիջոցներ մտցվեցին: Դրանից հետո Սուդանի ազատագրման ազգային բանակը վերսկսեց ռազմական հակադրությունը Հյուսիսին:
Ըստ որոշ գնահատականների երկու տասնամյակների ընթացքում Սուդանի հարավում կառավարական ուժերը ոչնչացրել են 2 մլն խաղաղ բնակիչներ, ևս 4 մլն հարավցիներ հարկադրված են եղել լքել իրենց երկիրը: Բազմամյա պատերազմը հանգեցրեց հումնաիտար աղետի:
2003-2004 թվականի բանակցությունները հակամարտող կողմերի միջև ֆորմալ առումով վերջ դրեցին 22 տարի շարունակվող երկրորդ քաղաքացիական պատերազմին: 2005 թ. հունվարի 9-ին Քենիայում ստորագրվեց Նայվաշայի համաձայնագիրը[17], որով շրջանին ինքնավարություն էր տրամադրվում: Իսկ Հարավի առաջնորդ Ջոն Գարանգը դարձավ Սուդանի փոխնախագահ: Հարավային Սուդանն իրավունք էր ստանում 6 տարվա ինքնավարությունից հետո անկախության հանրաքվե անցկացնել: Իրավիճակը կրկին սրվեց, երբ Գարանգը ավիավթարի հետևանքով մահացավ: Արդյունքում 2007 թ. սեպտեմբերին Սուդան այցելեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ապա միջազգային հանրությունը երկրում խաղաղարար ուժեր մտցրեց: Իրավիճակն այդպես էլ մնաց մինչև վեցամյա շրջանն ավարտվեց, անցկացվեց հանրաքվե և աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվեց նոր՝ Հարավային Սուդան պետությունը:
Հարավային Սուդանի դեպքը ևս ցույց տվեց, որ երբ միջազգաին իրավունքի հիմնական սկզբունքների մեջ (մասնավորապես տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներ) որոշակի խնդիր կա, այսինքն զուտ իրավականորեն խնդիրների կարգավորումը չի ստացվում, անհրաժեշտություն է քաղաքական լուծում: Նշված երկու դեպքերում, որոնք լուծում են ստացել (Կոսովո և Հարավային Սուդան) եղել է միջազգային ուժերի միջամտություն: Այսինքն հակամարտության լուծման մեջ եղել է ժամանակակից համաշխարհային քաղաքականությանը բնորոշ միտում՝ սուվերենության հարցը երկրորդական պլանում է մնում, միջազգային հանրությունը օգտագործում է նոր սկզբունքներ (հումանիտար աղետ, էթնիկ զտում), որոնց պատճառով լեգիտիմ իրավունք է իրեն վերապահում իրականացնելու «հումանիտար ինտերվենցիա»: Այսինքն մեծ հաշվով հակամարտությունները լուծում են ստանում միայն արտաքին միջամտության միջոցով:
Ուսումնասիրելով երեք հակամարտությունները Հյուսիսային Իռլանդիայում, Կոսովոյում և Հարավային Սուդան՝ եկանք որոշ եզրահանգումները: Նախևառաջ բոլոր այս հակամարտությունները զուտ քաղաքական հարթակով կարող են լուծվել, քանի որ միջազգային իրավունքի կարգավորիչ սկզբունքները որոշակիորեն թերություններ ունեն:
Ցանկացած համակարտության մեջ որպես հակամարտության առաջացման հիմք հանդես է գալիս էթնիկական կամ կրոնական տարբերությունը, որոնք և անհադուրժողականության ֆոնի ներքո ծնում են բռնություն: Իսկ բռնության կամ ընդհանրապես ռազմականացված գործողությունների համակարգման համար ձևավորվում են անջատողական ինստիտուտներ, որոնք գրեթե նույնական անուններ ունեն, որն համապատասխանում է իրենց նպատակներին:
Բոլոր նման հակամարտությունների լուծումն ամբողջությամբ կախված է աշխարհաքաղաքական իրողություններից ու ներգրավված դերակատարների սեփական պետական կամ վերպետական շահերից: Այսինքն եթե աշխարհաքաղաքական բևեռները ցանկանում են, ապա միջազգային իրավունքի սկզբունքները կարող են երկրորդական պլան անցնել, կամ կարող են նոր սկզբունքներ մտցնել միջազգային քաղաքական օրակարգ, ինչպես «հումնաիտար ինտերվենցիան» կամ «կանխարգելիչ ինտերվենցիա»:
Մեզ համար այս հետազոտության հիմքով արված եզրակացությունները նույնքան կարևոր են Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, այսինքն այն դրույթները, որոնք մենք շեշտեցինք նույնությամբ կարող են արտահայտվել Արցախի պայմաններում: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ քաղաքական բևեռը գերակայության կհասնի ողջ տարածաշրջանում, հենց այդ քղաքական բևեռի քաղաքական կամքն էլ կլինի հակամարտության լուծման հիմնական գրավականը:
[1] Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը /Պատմությունը, գործունեությունը և հեռանկարները / Ա. Հարությունյան, Եր., Անտարես, 2006, էջ 23-24:
[2] Թորոսյան Տ. Հակամարտությունների կարգավորման իրավական հիմքը. Տարածքային ամբողջականություն, թե ինքնորոշման իրավունք. Լրաբեր հասարակական գիտությունների, 2007, N1, էջ 3-16
[3] Տարբեր երկրների մասով համեմատական համատեքստում ինքնորոշման իրավունքի հիմնահարցի մասին մանրամասն տե՛ս Wolff S. Resolving Territorial Self-determination Disputes, A Comparative Review of Contemporary International Practice, 2013 http://www.stefanwolff.com/files/tsdc.pdf
[4] Торкунов А. В. Современные международные отношения и мировая политика, М., 2004, էջ 527-530:
[5] Հյուսիսային Իռլանդիայում 2011 թ. մարդահամարի տվյալները տե՛ս http://www.nisra.gov.uk/Census/key_report_2011.pdf
[6] Documents on Irish Foreign Policy Volume I, 1919-1922. //Anglo-Irish Treaty, 6 December 1921, http://www.nationalarchives.ie/topics/anglo_irish/dfaexhib2.html
[7] Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության մասին մանրամասն տե՛ս Holloway D., Understanding The Northern Ireland Conflict: A Summary and Overview of the Conflict and Its Origins. The Community Dialogue Critical Issues Series, June 2005
[8] Հյուսիսային Իռալանդիայի հակամարտության արդյունքների մասին տե՛ս Fact sheet on the conflict in the Northern Ireand -http://www.dayofreflection.com/pdf/fact_sheet_on_the_conflict_in_and_about_northern_ireland_2.pdf
[9] Կոսովոյի մասին մանրամասն տե՛ս օրինակ http://www.worldbank.org/en/country/kosovo
[10] Տե՛ս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պաշտոնական կայքում https://www.cia.gov/news-information/speeches-testimony/1999/ps020299.html
[11] ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1244 բանաձևի տեքստը տե՛ս http://www.refworld.org/cgi-bin/texis/vtx/rwmain?docid=3b00f27216
[12] Парламент Косова объявил о независимости края, 17.02.2008, http://www.vesti.ru/doc.html?id=164128&cid=1
[13] Международный суд ООН признал независимость Косово, 22.07.2010, http://kommersant.ru/doc.aspx?DocsID=1473715
[14] Հակամարտության պատճառով տեղ գտած կորուստների մասին մանրամասն տե՛ս New Kosovo War Victims Report Released, December 14, 2013 http://www.rferl.org/content/New_Kosovo_War_Victims_Report_Released/1845593.html
[15] ԿՀՎ-ի պաշտոնական կայք https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/od.html
[16] http://www.worldstatesmen.org/Sudan.html#Southern
[17] Comprehensive Peace Agreement between the Government of Sudan and the SPLM/SPLA (with Annexes), 09.01.2005, http://peacemaker.un.org/node/1369