Գիտության համակողմանի և խորքային զարգացումը պրոգրեսիվ տնտեսության, սոցիալ-տնտեսական վիճակի, մարդու և հասարակության պաշտպանվածության, պետության պաշտպանու-նակության ապահովման կայուն երաշխիք է:
Պետական քաղաքականության և գիտության շահերը ոչ միշտ են մեկտեղվում, օրակարգերը՝ համընկնում. գիտությունը ենթադրում է երկարատև և հեռակա ծրագիր, այն չի կարող լինել պետության հավերժ կցորդը և անկամ ծառան: Գիտական իրական նվաճումներ ունենալու համար պետությունը պիտի վերանայի իր սահմանափակող դերը, խրախուսի գիտության ինքնուրույն և գործուն կառավարումը, գիտությանը թույլ տա ունենալ իր տեսիլը: Գիտաշխատողը, որն ինքնին կապիտալ է, կախման մեջ է հայտնվում տնօրինությունից, մինչդեռ նրա գոյությամբ է պայմանավորված ինստիտուտի գոյությունը: Գիտական ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում թերի են, անհստակ, ծառայում են առանձին փոքրաթիվ խմբերի շահերին, երաշխավորում դրանց վերարտադրության հնարավորությունը և տրամադրում են մեծամասնությանը ճնշելու, շահագործելու հստակ մեխանիզմներ: Օրենքների վերանայումը օրակարգային է՝ գիտական հիմնարկներում որոշումների կայացումը բաց ու մասնակցային դարձնելու, գիտական աշխատանքը փակ կառավարման վնասներից ազատագրելու համար:
Գիտության և կրթության միջև կապը պահպանվում է մի խողովակով, որն ապահովում է ակադեմիական ոլորտում մշակված արժեքային կաղապարների անցումը բարձրագույն ուսումնական միջավայր: Այս երկու բնագավառի միջև գործնական կապը խզված է, ինտեգրումը բացակայում է: Գիտությունը պիտի մուտք գործի բարձրագույն կրթական համակարգ. վերջինիս գոյությունն առանց հետազոտական աշխատանքի մշակույթի՝ ինքնանպատակ է:
Բուհերը պետական և մասնավոր պատվերների միջոցով պետք է հանդիսանան գիտական կենտրոններ և գիտության խթանիչներ: Միևնույն ժամանակ՝ գիտական ինստիտուտները պետք է ներառեն կրթական ծրագրեր:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պետության խնդիրն է չափավոր ներգործել տնտեսության վրա այնպես, որ ստեղծվի համընդհանուր բարեկեցության պետություն։ Այն ենթադրում է արդյունքի արդար բաշխում և հանրային պատասխանատվություն այն քաղաքացիների համար, որոնք իրենց համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու հնարավորություն չունեն։ Տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ այն հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության։
Կուսակցությունը սոցիալ դեմոկրատական գաղափարախոսության արժեքների կրող է, ինչը ենթադրում է, որ սոցիալական արդարությունը, մարդու բարեկեցությունն ու մարդու իրավունքները գերագույն արժեքներ են: Այս արժեքների իրագործման համար անհրաժեշտ նախապայմաններն են մասնակցային 22ը և սոցիալական-շուկայական տնտեսությունը, որին պետությունը միջամտում է` նպատակ ունենալով իր քաղաքականություններով կանխել շուկայի ձախողումները և/կամ շտկել դրանք:
Մեր քաղաքականությունները լինելու են շրջադարձային և երկրի ամբողջ տարածքում հասցեագրելու են միջավայրային և ոլորտային մարտահրավերներ:
Հանրային կառավարման համակարգը, հանդիսանալով միջավայրը ձևավորող ամենազդեցիկ գործոն, առանձնահատուկ ուշադրության է արժանի: Ուստի, մեր քաղաքականությունները այս ուղղությամբ ծավալվելու են հանրային կառավարման համակարգի հետևյալ ուղղություններով`
- հանրային կառավարման համակարգի բարեփոխումներ,
- քաղաքականությունների ձևավորում, համակարգում և հաշվետվողականություն,
- հանրային ծառայությունների մատուցում,
- մարդկային ռեսուրսների կառավարում,
- հանրային ֆինանսների կառավարում՝ ներառյալ պետական գնումներ:
Այս բոլոր ուղղություններով մասնակցային և ներառական սկզբունքներով ձևավորելու ենք փաստերի վրա հենված զարգացման քաղաքականություններ, որոնք հնարավորություն կտան պետության միջամտությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում դարձնել հնարավորինս հիմնավորված և արդյունավետ: Արդյունքում ունենալու ենք հանրային ռեսուրսների ձևավորման և օպտիմալ տեղաբաշխման, ինչպես նաև քաղաքացիներին որակյալ հանրային ծառայությունների մատուցման համակարգեր: Այս գործընթացներում ապահովելու ենք նաև թափանցիկություն և հաշվետվողականություն:
Մեր այս քաղաքականություններով արմատապես փոխելու ենք տնտեսության մեջ առկա խաղի կանոնները` վերացնելով կորզող բոլոր հաստատությունները և գործիքները, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում:
Շուկան ապամենաշնորհելով և ստեղծելով խաղի հավասար կանոններ՝ հանրային և տնտեսական քաղաքականությունների միջամտությամբ զարգացնելու ենք տնտեսության երկրորդային և երրորդային սեգմենտները՝ երկարաժամկետում նպատակադրելով զարգացնել նաև չորրորդային` բարձր տեխնոլոգիաների սեգմենտը: Այս ուղղությամբ մեր հեռանկարն է տնտեսական քաղաքականություններով նպաստել արդյունաբերության և ծառայությունների մեջ երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը և մրցունակության բարձրացմանը, այդ մրցունակ ուղղությունները թիրախավորելով՝ հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական-ագրարայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տնտեսության:
Այս ուղղությամբ մեր քաղականությունները իրականացնելիս չենք առաջնորդվելու միայն պահի առաջնահերթություններով և գնահատելու ու հաշվի ենք առնելու նաև այդ գործողություների ազդեցությունը հաջորդ սերունդների վրա: Այս գիտակցումով տնտեսությունը վերոգրյալ ուղղություններով զարգացնելուն զուգընթաց՝ հետ ենք մղելու մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պետության զարգացման կարիքներից ելնելով՝ եզակի դեպքերում մետաղական հանքերի շահագործումը ամբողջովին կլինի պետության հսկողության և կառավարման ներքո: Սակայն նույնիսկ այս դեպքերում այն չի իրականացվի ի վնաս բնության և քաղաքացու կյանքի ու առողջ ապրելու իրավունքի: Այս հեռանկարի հիմքում նաև այն գիտակցումն է, որ ներկան ու ապագան երկրի ու քաղաքացու կյանքը վտանգի տակ դնող տնտեսական քայլերը նպաստում են նաև արտագաղթին և սահմանափակում հայրենադարձությունը:
Գտնում ենք նաև, որ անարդար է հանքարդյունաբերությունը նույն դրույքաչափով հարկել, ինչ արդյունաբերության մյուս ենթաճյուղերը։ Ըստ էության, հանքարդյունաբերական ձեռնարկությունների կատարած աշխատանքը ոչ թե արդյունաբերական արտադրությունն է, այլ հանրությանը պատկանող ընդերքի հարստությունը արդյունահանելու ծառայությունը։ Համապատասխանաբար, այն պետք է հարկվի բացարձակապես այլ ռեժիմով՝ որպես հանրությանը մատուցվող ծառայություն։
Տնտեսության զարգացման խթան հանդիսացող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները լինելու են մեր ջանքերի կիզակետում: Ձգտելու ենք պատասխանատու և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով կրճատել պետական պարտքի բեռը, նվազեցնել ընթացիկ ծախսերը և արդյունքում մեծացնել ֆիսկալ միջակայքը: Սա հնարավորություն կտա շեշտակի մեծացնել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումները: Սոցիալական ենթակառուցվածքների մասով պետությունն ունենալու է մեծ ներգրավվածություն` պարտադիր առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ և դրա զարգացմանը անմիջական մասնակցություն ունենալու միջոցով: Սրա առնչությամբ մեր տեսիլն է ներդնել առողջապահական, սոցիալական և կրթական համակարգեր, որ իրենց որակով չեն զիջի արևմտյան զարգացած երկրների նույնանուն համակարգերին:
Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը։ Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի ստանալ բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ այն դարձնելով բրենդային քաղաքականություն։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղում արտադրված որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում նաև պետական աջակցությամբ պետք է աստիճանաբար կիրառել միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան փոխարինել արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով:
Ե՛վ տնտեսական, և՛ սոցիալական ենթակառուցվածքների գծով զարգացնելու ենք համագործակցություն մասնավոր հատվածի հետ և կառուցելու ենք համակարգեր, որոնք վերոգրյալ ուղղություններով զարկ կտան տնտեսության զարգացմանը, ինչն իր հերթին կբարձրացնի քաղաքացիների կենսամակարդակը և բարեկեցությունը: Այս գործընթացում, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ լինելը, պետական ներդրումները կիրականացվեն՝ ըստ դրանց ֆինանսատնտեսական և սոցիալական առավելագույն հատույց ստեղծելու կարողության:
Տնտեսության զարգացման գործում մեր գերխնդիրն է լինելու հավասար մրցակցային պայմաններ ստեղծելով ապահովել կայուն և ներառական տնտեսական աճ, և այս գործընթացում համապատասխան կարևորություն է ստանալու նաև գների կայունության խնդրի արդյունավետ իրագործումը և ֆինանսական համակարգի զագացումը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մենք կրթությունը դիտարկում ենք իրավունք, որի հնարավոր առավելագույն հասանելիությունն ու որակի ապահովումը պետության հոգածության առարկան են։ Եթե մի քաղաքացի կարող է ավելի որակյալ կրթություն ստանալ, քան մյուսը, ապա վերջինիս իրավունքը կարելի է խախտված համարել։ Ընդ որում՝ քաղաքացու որևէ տարբերություն՝ լինի դա սոցիալ-տնտեսական վիճակը, սեռը, դավանանքը, թե այլ հանգամանք, չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրան որակյալ, հասանելի կամ անվճար կրթություն ստանալ։
Կրթության նպատակը անձի ինքնաճանաչողությանը, ունակությունների բացահայտմանը, ստացած տեղեկատվության և գիտելիքի վերլուծությանը, այլ ոլորտներին ինտեգրմանը նպաստելն է: Կրթական համակարգում անհրաժեշտ է բալանսավորել ինտելեկտուալ ոլորտում արդեն տարվող աշխատանքը՝ էմոցիոնալ, հոգևոր, ֆիզիկական ոլորտների զարգացման հետ:
Պետությունը պետք է երաշխավորի անվճար և բոլորի համար հասանելի նախադրպոցական, հանրակրթական և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական կրթություն։ Միաժամանակ միայնակ կամ մասնավորի հետ համագործակելով, կրթաթոշակների, դրամաշնորհների և պետական բյուջեից այլ հատկացումների միջոցով պետք է ապահովի հասանելի բուհական և հետբուհական կրթություն, ինչպես նաև շարունակական կրթություն ստանալու հնարավորություն՝ այդ թվում նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է սոցիալական պետություն։ Այն պետք է հստակեցնի քաղաքացիների նկատմամբ իր պատասխանատվության սահմանները։ Պետության սոցիալական քաղաքականության նպատակը պետք է լինի բարեկեցության, մշակութային զարգացման ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները։
Պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարեկեցության և հանրային համերաշխության պետության կայացումն է։ Սա ենթադրում է, որ երկրում չպետք է լինեն անոթի, կրթության ցածր ցենզ, անօթևան, սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով վատառողջ քաղաքացիներ։ Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կարող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունի և այդ հնարավորությունից չօգտվելը պատիվ չի բերում իրեն, իսկ անաշխատունակները ապրում են արժանապատիվ ու ապահովված։
Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքացիները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործնականում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վարմամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորությամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և արդյունքի արդար բաշխման պետության վարած քաղաքականությամբ և այլն։
Կանանց սոցիալական պաշտպանվածություն
Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է սեռերի իրավահավասարության հարցը լուծել՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձրացնելով գործնական ու մշակութային մակարդակ։
Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:
Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունքների իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գերակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս կատեգորիայի կանանց համար հարկավոր է մշակել հարկման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի՝ օգտվելու վերը նշված սոցիալական իրավունքներից:
Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատճառաբանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։
Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում անհապաղ նախաձեռնել և իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։
Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հիմքում ունենալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը։ Հնարավոր բոլոր հարցերը պետք է դիտարկվեն և լուծվեն դրանց շրջանակներում։
Մենք Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991 թ․ԱՊՀ կառույցին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991 թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի Հանրապետության բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը։ Հետևաբար, մեր կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։
Մենք գտնում ենք, որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կարգավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կարգավիճակի մասին։
Որպես Հայաստանի առանձնահատկություն ենք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախյան պատերազմից հետո երկիրրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Մյուս առանձնահատկությունը երկրի աշխարհագրական դիրքն է, որը տարբեր հակասական շահեր ունեցող տարածաշրջանում մեծ քաղաքական կշիռ և քաղաքական հարցերում մանևրելու հնարավորություն է տալիս պետությանը։ Հաջորդ առաջանձնահատկությունը պատմականորեն ձևավորված մեծ Սփյուռքն է, որը պետական շահի առաջխաղացման գործում կարող է էական ազդեցություն ունենալ։
Որպես մարտահրավերներ ենք դիտարկում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասարկումը, դիվանագիտական քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի և Արցախի քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված սահմաններում ֆիզիկական անվտանգության լավագույն պաշտպանությունը, արցախյան հարցի խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ Ելնում ենք նրանից, որ հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապահով ֆիզիկական տարածք։
ՄՇԱԿՈՒՅԹ
Հայ հասարակության քաղաքական կյանքում դրական մեծ ալիք առաջ բերեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը։ Այդ ալիքը պետք է տարածվի նաև մշակույթի վրա, ծնի և ծավալի խորքային փոփոխություններ։
Ըստ այդմ, կուսակցությունն անհրաժեշտ է համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութային գործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության և պետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխության սկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Արվեստի և մշակույթի դերակատարը պետք է լիարժեք ներգրավված լինի հասարակական գործերում և իր մասնագիտական կարողությունները ներդնի՝ վերլուծելու, հարցադրելու մեր կյանքն ու առօրյան, նախանշելու զարգացման հեռանկարները:
Ընդսմին, լայն առումով, մենք հակված ենք տեղային մշակույթը դիտարկել որպես համաշխարհային իրողությունների մաս և գործորդ։ Հայ մշակույթը պետք է բաց լինի աշխարհի առաջ և միաժամանա այնքան արժեքավոր, որ աշխարհն էլ վերցնելու բան ունենա հայ մշակույթից։
Մշակութային քաղաքականության ռազմավարության վերանայման շրջանակներում առաջարկում ենք՝
- մշակույթի տարբեր ոլորտներում սովորող մասնագետների ու բուհը նոր ավարտած մասնագետների մուտքը գործնական դաշտ ու նրանց որպես արվեստագետ կայացմանն օգնելը,
- վերանայել մշակութային հիերարխիաները վերարտադրող պետական կարգավորումները և դրանց չափանիշները՝ կոչումներ, մեդալներ և այլն: Սրանք ավելի շատ արտոնություններն ամրագրող գործիք են, մինչդեռ պետք է լինեն այս կամ այն մշակութային գործչի նկատմամբ հասարակության երախտիքի արտահայտում,
- վերանայել գաղփարաբանական առումով պետության միջամտությունն իր իսկ կողմից ֆինանսավորվող նախագծերին։ Պետության գործն է ոչ թե նախընտրելի թեմաներ առաջարկելը կամ դրանց իրականացման նախընտրելի ձևեր թելադրելը, այլ որակական պահանջներ սահմանելը և դրանց կատարմանը հասնելու հնար գտնելը,
- պետական հովանավորությամբ ծրագրերի շրջանակում ապահովել մշակույթի որոշակի բազմազանություն և ապակենտրոնացում ։
Մինչ օրս մշակույթի ոլորտում պետական ֆինանսավորումը ծանրակշիռ դեր է ունեցել և զգալի չափով պայամանավորել դրա բնույթը։ Որպես դրան հակազդեցություն՝ այժմ ունենք մշակույթի նախարարությունը լուծարելու՝ գնալով խտացող մտայնություն։ Սակայն թե՛ առաջին, թե՛ երկրորդ մոտեցումները ներկա պայմաններում շահեկան չեն։ Հարկ է փնտրել այլ լուծումներ՝ պետական, մասնավոր և հասարակական սեկտորների արդյունավետ համագործակցության տարբերակներ։
Պետք է վերանայել նկարիչների, կինեմատոգրաֆիստների, գրողների և այլ ստեղծագործական միությունների հետ պետության հարաբերությունները։ Դրանք ժամանակին ստեղծվել են ոլորտները վերահսկելու և կառավարելի դարձնելու համար, այսօր արդեն ժամանակավրեպ են և կարելի է աստիճանաբար դադարեցնել պետության կողմից դրանց ֆինանսավորումը և համագործակցության այլ ձևաչափեր որոնել։
Կարիք կա վերասահմանելու մշակութային ժառանգության չափանիշները, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության մեջ ներգրավված հաստատությունների դերը և գործառույթը։ Հատկապես հրատապ է ճարտարապետական հուշարձանների պահպանության հարցը։
ԱՎԻԱՑԻԱ
ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սեփական ավիափոխադրողների գոյությունը համարում ենք պարտադիր և իրատեսական:
Դրա համար գլխավոր նախապայմանը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է: Իրավական դաշտը պետք է հայկական ավիափոխադրողներին հնարավորություն տա բոլոր մրցակից ընկերությունների հետ գտնվել հավասարազոր մրցակցային պայմաններում: Այս դրույթները ամրագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) օրենքներում:
Առաջարկվող հաջորդ քայլը միջազգային վճարային համակարգերին և ավիափոխադրողների ալյանսների միանալն է, ինչպես նաև առանձին ավիափոխադրողների հետ համագործակցության պայմանագրերի կնքումը՝ ինչպես ներխմբային, այդպես և ինտերլայն պայմանագրերով: Դրանք տեղական փոխադրողների համար բազմիցս կավելացնեն շուկայի ծավալը տարբեր ընկերությունների հետ համատեղ կատարվող թռիչքների հաշվին: Ինչպես նաև կբերեն տարանցիկ փոխադրումների հնարավորության, որն էլ իր հերթին կբերի թռիչքների աշխարհագրության մեծացման և ոլորտի ընդլայման:
Հաջորդ ուղղությունը, որը գտնում ենք պարտադիր, քաղաքացիական ուղղաթիռների շահագործումն է, որոնք շատ շահութաբեր են և միջազգային շուկայում ունեն մեծ պահանջարկ՝ հատկապես հակահրդեհային գործունեության բնագավառում:
Հայաստանի Հանրապետությունում մոտ 20 տարի չեն կատարվել գյուղատնտեսական ավիացիոն աշխատանքներ: Այդ բացը ևս կարելի է կազմակերպել առանց մեծ ծախսերի՝ ժամանակակից մեթոդներով, որոնք գրեթե բացառում են օդանավերի օգտագործումը: Դրանք հիմնականւմ կատարվում են ԱԹՍ-ով, որն այսօր բավականին արդիական եւ զարգացող ոլորտ է:
Այս ծրագրերը կարելի է իրականացնել ինչպես պետության մասնակցությամբ, այնպես էլ առանց դրա՝ մասնավոր ավիաընկերությունների ուժերով: Դրանք մեծ ներդրումներ չեն պահանջում, քանզի օդանավերը ընդհանրապես չեն վաճառվում կանխիկ գումարով, այլ գնվում են լիզինգային ընկերությունների կողմից: Իսկ պետության մասնակցությունը կարող է կրել միայն մարտավարական ուղղությունների կարգավորման և մուտքերը գանձարան ավելացնելու նպատակով, քանի որ գրագետ կառավարման պայմաններում ավիացիան ոչ միայն անվտանգության գրավական է, այլ նաև շահութաբեր ոլորտ:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔ
Ա. Երիտասարդական քաղաքականության ոլորտում.
Թափանցիկ, հասկանալի, հասանելի եւ արդյունավետ երիտասարդական քաղաքականության մշակում եւ գործարկում, որը նախագծված է երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումները իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդահեն զարգացման եւ ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա:
Երիտասարդական քաղաքականությունը.
- Պետք է կառուցվի լինի երիտասարդների կարիքների ուսումնասիրման, խորքային վերլուծության եւ փաստարկված հենքի վրա մշակված լուծումների վրա: Այն պետք է հոգա երիտասարադների կարիքները եւ առավելագույն պայմաններ ապահովի նրանց ներուժի կիրառման եւ ինքնաիրականացման համար:
- Պետք է հիմնված լինի սոցիալական արդարության եւ ներառականության սկզբունքների հիման վրա: Քաղաքականությունները եւ ծրագրերը պետք է լինեն առավելագույնս ներառական եւ հասնեն առավել խոցելի սոցիալական խմբերին:
- Պետք է իրականացնի տաղանդների կառավարման արդյունավետ ծրագրեր: Մեծ ստեղծագործական, մտավոր եւ գիտական ներուժ ունեցող երիտասադները պետք է ստանան լիարժեք պետական աջակցություն իրենց ինքնաիրականացման ապահովման համար:
- Պետք է մոտիվացնի երիտասարդին ներգրավվելու քաղաքական և քաղաքացիական գործընթացներին, բարձրացնի տեղեկացվածության մակարդակը երկրում առկա խնդիրների ու դրանցով զբաղվող նախաձեռնությունների մասին, նպաստի իրավագիտակցության բարձրացմանը:
- Պետք է նպաստի երիտասարդների ազգային եւ միջազգային շարժին և շարժունակությանըերիատասարդներին պետք է տրվեն շփվելու, փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորություններ Հայաստանում եւ արտերկրում իրականացվող ծրագրերին մասնակցության, նման ծրագրերի նախաձեռնման եւ իրականացման միջոցով:
- Երիատասարդների համար պետք է ապահովի արժանավայել վարձատրվող եւ ինքնազարգացմանն ու ինքնաիրականացմանը նպաստող աշխատանք ստանալու կամ ստեղծելու հնարավորություն: Երիտասարդների համար պետք է մշակվեն եւ գործարկվեն մասնագիտական կողմնորոշման արդունավետ համակարգեր, ինչպես նաեւ առաջին աշխատանքային փորձի հնարավորություններ ապահովող ծրագրեր:
- Երիտասարդների համար պետք է ապահովի մասնագիտացման եւ վերամասնագիտացման ապահովման մեխանիզմներ, ի դեմս ցկյանս ուսուցման (life long learning) եւ համընդգրկում ուսուցման (life-wide learning) եւ այլ համակարգերի:
- Պետք է ուղղված լինի Հայաստանի բոլոր համայնքների եւ երիտասարդական խմբերի համաչափ եւ ներդաշնակ զարգացմանը. պետք է վերացվեն մայրաքաղաքի եւ մարզերի, կենտրոնական բնակավայրերի եւ ծայրամասերի, քաղաքի եւ գյուղի հնարավորությունների եւ ենթակառուցվածքների միջեւ առկա ծայրահեղ տարբերությունները:
- Պետք է լինի մասնակցային. երիտասարդները պետք է պատրաստվեն եւ հնարավորություներ ստանան մասնակցելու իրենց հետ կապված բոլոր որոշումների կայացման գործընթացներին: Հատուկ պետք է խրախուսվեն երիատասարդական տարբեր տիպի խորհուրդները, ուսանողական եւ դպրոցական ինքանակառավարման մարմինները եւ ապահովվի դրանց ապաքաղաքական, արդյունավետ եւ թափանցիկ աշխատանքը, ինչպես նաեւ խթանվեն ժամանակակից, նորարական եւ երիտասրդների առավել մոտիվացնող նոր մասնակցության հնարավորություններ եւ ձեւաչափեր:
- Պետք է լինի թափանցիկ եւ վերահսկվող: Բոլոր պետական քաղաքականությունները եւ ծրագրերը պետք է գործեն առավելագույնս թափանցիկ եւ մասնակցային կառավարման սկզբունքների համաձայն: Պետք է մշակվեն եւ գործարկվեն միջոցների ծախսման վերահսկման եւ ծրագրերի արդյունավետության գնահատման հստակ համակարգեր:
Բ. Երիտասարդական ծրագրեր եւ այլ աշխատանք երիտասարդների հետ
Պետական երիտասարդական ծրագրերը եւ միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու ենթակառուցվածքները պետք է ապահովեն երիտասարդների համակողմանի եւ ներդաշնակ զարգացման բազմաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց ներուժի իրագործմանը, բարեկեցությանը եւ երջանիկ ապագայի ապահովմանը:
Երիտասարդական ծրագրերն ու աշխատանքը.
- Պետք է օգնեն երիտասարդներին ներդաշնակ կերպով զարգացնելու իրենց հոգեւոր, ինտելեկտւալ, էմոցիոնալ եւ ֆիզիկական դաշտերը եւ կառուցել աշխարհընկալման արդյունավետ մոդել, որը թույլ կտա ճշգրիտ կերպով կողմնորշվել, որոշել առաջնայնություններ, ինչպես նաեւ դնել եւ հասնել իրենց նպատակներին:
- Պետք է նպաստեն երիտասարդների տնտեսական հզորացմանը եւ ֆինանսատնտեսական անկախությանը: Երիտասարդների համար առանձնահատուկ կարեւորության խնդիր է ճիշտ մասնագիտական կողմնորոշումը եւ տնտեսական ոլորտում ակտիվ մասնակցության հնարավորությունների դաշտի առկայությունը: Երիտասարդները այստեղ ունեն լրջագույն ներուժ, որի իրացման պարագայում ոչ միայն կապահովեն իրենց անձնական բարեկեցությունը, այլեւ՝ կնպաստեն երկրի թռիչքային զարգացմանը:
- Պետք է Հայաստանի բոլոր մասերում ապահովվեն երիատասարդների որակյալ ժամանցի հնարավորություններ: Այստեղ պետք է եւս լրջագույն ուշադրություն դարձվի երկրի անհամաչափ զարգացմանը այս տեսանկյունից եւ հատուկ ծրագրերով ապահովվի մարզերի եւ հատկապես գյուղական շրջանների ենթկառուցվածքների եւ ծրագրերի հզորացումը:
- Պետք է նախագծվեն եւ գործարկվեն նորարարական մեխանիզմներով եւ հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրների առաջատար փորձը: Ծրագրերը պետք է հաշվի առնեն ներկայումս Հայաստանում եւ գլոբալ մակարդակում ընթացող տրանսֆորմացիոն գործընթացներն ու դրանց միտումները եւ չհիմնվեն նախկինում իրենց անարդյունավետությունը բազմիցս ապացուցած ռեակտիվ, պրոբլեմ լուծելու վրա հիմնված մոտեցումների վրա:
- Պետք է ամեն կերպ խթանվեն միջսերնդային համերաշխությունն ու փոխհամագործակցությունը: Նախկին իրողությունների վրա հիմնված մեծահասակների գիտելիքի եւ փորձի մոնոպոլ տիրապետման մոդելը պետք է փոխարինվի գիտելիքների եւ փորձի միջսերնդային փոխանակման պրակտիկաներով: Եվ պետք է մշակվեն եւ իրականացվեն համատեղ զարգացման օրակարգեր եւ ծրագրեր, որտեղ ներգրավված են առնվազն երեք սերունդների ներկայացուցիչներ:
- Պետք է իրականացվեն հիմնվելով որակի հստակ չափանիշների վրա եւ ըստ այդմ պետք է մշակվեն եւ գործարկվեն երիտասարդների հետ աշխատանքի արհեստավարժ եւ որակյալ մասնագետների պատրաստման մեխանիզմներ:
- Պետք է հիմնված լինեն ռազմավարկան պլանավորման հստակ գործընթացների վրա: Պետք է զարկ տրվի տարբեր բնույթի երիտասարդական ոլորտի ռազմավարական մշակումների հարթակների ձեւավորմանը, որոնք կմշակեն զարգացման հստակ սցենարներ, մոդելներ եւ չափորոշիչներ:
- Պետք է հաշվի առնեն եւ առանձնահատուկ կարեւորություն տան ինֆորմացիոն հասարակարգի իրողություններին: Նախկին ինդուստրիալ համակարգի մնացուկային մոտեցումները եւ ծրագրային դրույթները պետք է ենթարկվեն ռադիկալ վերանայումների եւ թարմացումների եւ հարմարեցվեն ապագայի մարտահրավերների լուծմանը:
- Պետք է միտված լինեն երիտասարդների հոգևոր ու մշակութային զարգազմանը, նպաստեն երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը, ներառյալ՝ վնասակար սովորույթների մասին իրազեկումը:
- Պետք է դիտարկեն երիատասարդական խնդիրները համայն հայության տեսանկյունից: Երիտասարդական ծրագրերում հատուկ ուշադրություն պետք է դարձվի սփյուռքահայ երիտասարդների հետ համագործակցային մեխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ Սփյուռքի բոլոր սերունդների ներկայացուցիչների մասնագիտական եւ փորձագիտական ներուժի կիրառմանը Հայաստանում եւ Հայաստանից դուրս երիտասարդական ծրագրերի կազմակերպման գործընթացներում:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Տարածքային համաչափ զարգացումը մարդու և նրա միջավայրի փոխազդեցության ոլորտում է։ Ուստի պետությունը պետք է իր վրա վերցնի զարգացումը խթանող միջավայր ձևավորելու առաքելությունը։
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացում. ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ վերաբաշխելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, եւ ՏԻՄ-երի լիազորությունները դարձնելով բացառիկ և հստակ:
Համայնքների ֆինանսական ապակենտրոնացում. սա ենթադրում է համայնքային բյուջեների մուտքերի կայունության և բազմազանության ապահովում, համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի կատարելագործում և արդյունավետության բարձրացում, համայնքային բյուջեների եկամուտների ձեւավորման եւ ծախսերի կատարման առավելագույն անկախություն գործադիր իշխանությունից, ՏԻՄ-երի ֆինանսական կարողությունների զարգացում:
ՏԻՄ-երի ու նրանց միավորումների հետ խորհրդակցական մեխանիզմի ապահովում. Անհրաժեշտ է մշակել եւ ներդնել քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում տեղական ինքնակառավարման հետ ուղղակիորեն առնչվող հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց միավորումների հետ խորհրդակցելու իրավունքի իրականացմանն ուղղված ֆորմալ մեխանիզմներ:
Համայնքների վարչական սահմանների փոփոխության, համապետական ծրագրերի և խոշոր տնտեսական ծրագրերի դեպքում համայնքների լսված լինելու իրավունք. անհրաժեշտ է մշակել եւ ընդունել համապատասխան օրենսդրական իրավակարգավորումներ, որոնք կսահմանեն համայնքների լսված լինելու իրականացման եղանակները, մեխանիզմները, ընթացակարգը, ինչպես նաեւ այդ կապակցությամբ համապատասխան մարմինների պարտականությունները:
Տարածքային կառավարման հայեցակարգի վերանայում. տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների փոխհարաբերությունները շարունակում են մնալ ոչ լիարժեք կարգավորված եւ չհստակեցված: Պետք է արմատապես վերանայել տարածքային կառավարման համակարգը եւ օրենսդրորեն կարգավորել տարածքային կառավարման հարաբերությունները:
Կիրառելով միասնական համակարգչային համակարգեր՝ ընդլայնել գերատեսչությունների կողմից քաղաքացիներին մատուցվող բոլոր ծառայությունները, որպեսզի հասանելի լինեն բոլոր համայնքներում։ Այսպիսով՝ մենք նախատեսում ենք տարածքային կառավարման միավորների կամ տարածաշրջանների համար կիրառել տարբերակված հարկային քաղաքականություն, գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող տարածքներում տնտեսությունը վերակողմնորոշել դեպի աշխատատար արդյունաբերություն: Միաժամանակ հիմնել պրոֆիլային կրթական հաստատություններ, որոնք միտված են լինելու հետզհետե առավել գիտատար դարձնելու արդյունաբերական տվյալ ճյուղեր:
Դիտարկել ՓՄՁ հարկերը համայնքներին աստիճանաբար թողնելու հնարավորությունը՝ սկսելով առավել խոցելի համայնքներից։ Խթանել համայնք-ՓՄՁ կապերը, սոցիալական ձեռնարկատիրությունը եւ իրականացնել քաղաքների մասնագիտացման եւ համաչափ զարգացման ծրագրեր:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը մեր գերակա առաջնահերթությունն է, մեր բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու:
Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով:
Տնտեսական առումով Հայաստանի Հանրապետության բնական պաշարները՝ընդերքը, հողը, ջուրը, օդը, բուսական,կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սերունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հարցում։ Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հանրաճանաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։
Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկվի՝ տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և արդյունահամնումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերին, կազմակերպություններին կամ կորպորոցիաներին՝ լինեն դրանք տեղական թե միջազգային:
Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական արդեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաներ նոր՝ առավել կանաչ տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մետաղական հանքերը նույնպես պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում չեզոքցնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մետաղական հանքերը:
Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արարածների համար։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կուսակցությունն առաջնորդվելու է սահմանադրականության սկզբունքներով: Մենք գտնում ենք, որ մեր երկրում սահմանադրական կարգը լիարժեք հաստատված չէ, ներկա Սահմանադրությունը դելեգիտիմ է, եւ նախորդ հանրաքվեի արդյունքները կեղծված են: Մեր նպատակն է երկրում վերջնականապես հաստատել սահմանադրական կարգ եւ ընդունել նոր Սահմանադրություն, որի կլինի լեգիտիմ, իսկ դրա մշակման գործընթացը՝ իրապես մասնակցային:
Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ
Քվազիժողովրդավարական համակարգից իրական ժողովրդավարական համակարգի անցման կարևորգույն նախապայմաներից մեկը ուղիղ ժողովրդավարության այնպիսի մեխանիզմների զարգացումն է, ինչպիսիք են տեղական և հանրապետական հանրաքվեների իրականացման հնարավորությունների և երաշխիքների ապահովմանը ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը, ընտրովի պաշտոնյաների հետկանչի մեխանիզմների իրականացման հնարավորությունների և երաշխիքների ապահովմանը ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը եւ ԱԺ-ին, կառավարությանը, եւ տեղական ինքնակառավարական մարմիններին անվստահություն հայտնելու և արձակելու ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրմանը ուղղված բարեփոխումների իրականացումը:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների ու քաղաքացու ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը պետության հոգածության առաջին խնդիրն է։ Հայաստանում պետք է լավագույնս պաշտպանված լինեն երկրի յուրաքանչյուր բնակչի բոլոր իրավունքները՝ անկախ նրա սեռից, դավանանքից, տարիքից, սոցիալական վիճակից և այլ տարբերություններից։
Մարդու իրավունքների պաշտպանություն
Պետությունը մարդուն պետք է դիտարկի որպես հիմնարար արժեք: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով սահմանված բոլորը իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մեծացնի մարդու իրավունքների պաշտպանության իրացման հնարավորությունները` արհեստակցական կազմակերպություններ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ, ՄԻՊ, դատարաններ և այլն:
Արդարադատություն
Դատական համակարգը և յուրաքանչյուր դատավոր պետք է լինի անկախ և զերծ որևէ քաղաքական միջամտությունից։ Դատական համակարգի բնականոն զարգացման համար անկյունաքարային են հետևյալ հարցերը.
ա) 1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում համակարգված ապօրինությունների մեջ դեր կատարած դատավորները պետք է հեռանան դատական համակարգից` անցումային արդարադատության շրջանակներում կիրառվելիք վեթթինգի մեխանիզմի իրականացման միջոցով,
բ) նոր դատավորների նշանակման հարցում պետք է ազդեցիկ դառնա մասնագիտական կառույցների կարծիքը։ Նման կառույցներն են փաստաբանական պալատը, համալսարանները, իրավաբանների մասնագիտական և իրավապաշտպան կազմակերպությունները։ Բարձրագույն դատական ատյանի դատավորների նշանակման հարցում պետք է դիտարկել նրանց անմիջականորեն ՀՀ քաղաքացիների կողմից ընտրելու հնարավորությունը: Պետք է բացառվի անփորձ անձանց նշանակումը դատավորի պաշտոնում,
գ) անհրաժեշտ է ավելացնել դատավորի անկախության ինչպես սոցիալական, այնպես էլ իրավական երաշխիքները։ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել բացառությամբ դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքերով,
Անցումային արդարադատություն
1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար խախտումները (օրինակ`կոռուպցիայի, համապետական ընտրություներ, մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման, ապրիլյան քառօրյայի զոհեր և այլն) վերացնելու, զոհերի խախտված իրավունքների վերականգնելու` ներառյալ արդարացի փոխատուցման իրավունքը, մեղավորների նկատմամբ արդարացի պատժի միջոցներ կիրառելու, պետական ծառայության համակարգը օրինախախտ, ոչ պրոֆեսիոնալ և ոչ բարեխիղճ պետական ծառայողներից մաքրելու, ինստիտուցիոնալ համակարգային բարեփոխումներ իրականացնելու, հասարակական համերաշխություն ապահովելու և ապագայում մարդու իրավունքների հիմնարար խախտումները չկրկնելու համար նոր գումարման Ազգային Ժողովի ձևավորումից հետո երկրում անհրաժեշտ է իրականացնել անցումային արդարադատություն:
Կոռուպցիայի դեմ պայքար
Կոռուպցիայից զերծ Հայաստանի ստեղծումը հանդիսանալու է պետության կարևորագույն ուղենիշներից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարը ուղղված է լինելու հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես անվտանգության սպառնալիքի և հասարակության անհանդուրժողականության ընկալման արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ քամահրանքի ու ատելության միջավայրի ստեղծմանը: Պետությունը խրախուսելու է հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հակակոռուպցիոն կառուցակարգերի կյանքի կոչմանը:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է անցում ապակենտրոնացված համակարգից կենտրոնացված համակարգի` կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմնի ստեղծմամբ, որն իր գործունեությունը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների հիման վրա:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:
Մեր երկրում էներգետիկ անվտանգության խնդիրը հանգում է հետևյալ խնդիրների լուծմանը՝ էներգակիրներից մեծ կախվածություն, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացում, էներգիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող և փոխանցող համակարգի ստեղծում, էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում, վերականգնվող էներգետիկայի զանգվածային կիրառում, վառելիքի շուկայի դիվերսիֆիկացում, մատակարարվող գազի որակի ստուգման պարզ ու թափանցիկ համակարգի ստեղծում, ոլորտի որակյալ մասնագետների ներգրավում և կրթություն։