Հայկական հեղափոխություն․ արմատական վերափոխումների 3 մեխանիզմ
Ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ քաղաքական իրադարձություն․ հայ ժողովրդի միասնականության պայմաններում իշխանական բուրգի գագաթին բազմած գործիչն հրաժարական տվեց։ Սա նաև բացառիկ թավշյա հեղափոխությունն էր, որի ժամանակ մարդկային կորուստներ չարձանագրվեցին։
Խորհրդարանն ընտրելու է նոր վարչապետին․ ժողովրդական զանգվածների ճնշման պայմաններում իշխանությունն իր ձեռքը կվերցնի Նիկոլ Փաշինյանը։
«Հակափաշինյանական» ուժերն ամեն կերպ փորձում են արատավորել հեղափոխության արդյունքները, իսկ որպես կարևորագույն «հաղթաթուղթ» ցանկանում են ժողովրդին ցույց տալ, թե իբր Փաշինյանը պայքարում էր միայն իշխանության հասնելու համար։ Այսինքն նրանք փորձում են հեղափոխությունը «վերածել» հեղաշրջման։
Եթե փորձենք ընդհանրական ներկայացնել այդ երկու քաղաքագիտական տերմինների հիմնական տարբերությունը, ապա կարող ենք ասել՝ հեղափոխությունն ենթադրում է արմատական համակարգային փոփոխություններ, իսկ հեղաշրջումը՝ միայն իշխանափոխություն։
Հայկական հեղափոխությունը դեռ չի ավարտվել ու միայն ժամանակը հնարավորություն կտա հավաստի քաղաքագիտական գնահատել այդ իրադարձությունը։
Պետք է նշել, որ հեղափոխությունները սովորաբար անողոք են դրանց կազմակերպիչների նկատմամբ, երբեմն նրանք շատ արագ կորցնում են իրենց իշխանությունը, հաստատվում են «տեռորի» ռեժիմներ և վերջին հաշվով հանգեցնում են նոր բռնապետության հաստատման (Ֆրանսիական մեծ հեղափոխության օրինակով)։
Հաշվի առնելով այս իրողությունները հեղափոխականները պետք է կարողանան ձևավորել ինստիտուցիոնալ վերափոխումների մեխանիզմ։
1․ ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՆՑՈՒՄ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ․
Պետք է վերափոխվի Ընտրական օրենսգիրքը, խորհրդարանական ընտրություններից կբացառվի բաց ցուցակով ընտրակարգը։ Արդյունքում իրական պառլամենտարիզմի պայմաններում Հայաստանում կհաստատվի գործուն բազմակուսակցական համակարգ։
2․ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՆ․
Պետք է տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ, որի կարևորագույն վերափոխումներից մեկը լինելու է խորհրդարանի Վերին պալատի ձևավորումը, որում ներկայացված կլինի Հայկական սփյուռքը։
3․ «ՀԻՆԳԵՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱՎՈՐՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ․
Սահմանադրական փոփոխություններով կարող են ամրագրվել նաև Համահայկական նախաձեռնությունների կենտրոնների ցանցի ձևավորումը, որոնք իրականացնելու են իշխանությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության գործառույթ՝ դառնալով «հինգերորդ իշխանություն», ինչպես նաև լինելու են քաղաքացիների լոկալ նախաձեռնությունների համակարգող կառույցներ (բիզնեսի ստեղծումից մինչև տարատիպ ձեռնարկների իրականացում)։
Այս երեք մեխանիզմների առկայությունն ապահովում է «ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ Այս ամենի առկայության պայմաններում մենք կունենանք հարատև զարգացող հայակենտրոն պետականություն, ուր հնարավոր կլինի վերացնել երկրի առջև կանգնած բոլոր հնարավոր արատավոր երևույթներն ու սպառնալիքները։
Հայկական հեղափոխության հաղթական հաջողության դեպքում այն կարող է ծնել ժողովրդավարական վերափոխումների նոր ալիք («Դեմոկրատիայի չորրորդ ալիքը»)՝ տարածվելով մասնավորապես պոստխորհրդային երկրներում, Մերձավոր Արևելքում և հետագայում այլ տարածաշրջաններում։