Ինչպե՞ս է դասվում ԱՄՆ պարտքը մնացած աշխարհի համեմատ
Համաշխարհային պարտքը ներկայումս կազմում է 305 տրիլիոն դոլար՝ 45 տրիլիոն դոլարով ավելի, քան մինչ COVID-19 համաճարակը, ըստ Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF)՝ ֆինանսական արդյունաբերության համաշխարհային ասոցիացիայի: Այս մասին գրում է AL JAZEERA-ն:
Համաշխարհային պարտքը ընկերությունների, կառավարությունների և անհատների պարտքի ընդհանուր գումարն է ամբողջ աշխարհում: 305 տրիլիոն դոլար պարտքից ընկերություններին բաժին է ընկնում 161,7 տրլն դոլարը (53 տոկոս), կառավարություններին՝ 85,7 տրլն դոլարը (28 տոկոս), իսկ ֆիզիկական անձանց՝ 57,6 տրլն դոլարը (19 տոկոս):
IIF-ը կանխատեսում է, որ համաշխարհային պարտքը կշարունակի աճել, քանի որ պետական փոխառությունները մնում են բարձր՝ ազդեցության ենթարկվելով այնպիսի գործոններից, ինչպիսիք են բնակչության ծերացումը, աշխարհաքաղաքական լարվածությունը, առողջապահության ծախսերի ավելացումը և կլիմայի ֆինանսավորման անհավասարությունը:
Ո՞ր երկրներն ունեն ամենաշատ պարտքը
Պետական պարտքը ներկայացնում է երկրի չմարված ֆինանսական պարտավորությունները, որոնք կազմված են տարբեր կատեգորիաներից, ինչպիսիք են վարկերը և պարտքային արժեթղթերը:
IIF-ի գլոբալ պարտքի մոնիտորն ընդգրկում է 21 հասուն շուկայական տնտեսություն, ներառյալ եվրոգոտին, ինչպես նաև զարգացող շուկայի 30 երկրներ:
2023 թվականի առաջին եռամսյակի դրությամբ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենաբարձր պետական պարտքը՝ 30,1 տրիլիոն դոլար պարտք պարտատերերին: Վաշինգտոնի պարտքն այժմ կազմում է 31,4 տրիլիոն դոլար՝ առաջացնելով հետագա անհանգստություն ԱՄՆ-ի կառավարության ծախսերի և փոխառությունների վերաբերյալ:
Այս համատեքստում պետք է նշել, որ ԱՄՆ-ը պարտք է նույնքան գումար, որքան ամենաբարձր պարտք ունեցող հաջորդ չորս երկրները միասին վերցրած, այդ թվում՝ Չինաստանը (14 տրլն դոլար), Ճապոնիան (10,2 տրլն դոլար), Ֆրանսիան (3,1 տրլն դոլար) և Իտալիան (2,9 տրլն դոլար):
Ո՞ր երկրներն ունեն բավարար գումար պարտքերը վերադարձնելու համար
Պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրները կարող են փոխհատուցել իրենց վճարումները, եթե նրանց համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ավելի բարձր է, քան պետական պարտքը:
Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը( debt-to-GDP ratio), որը համեմատում է երկրի պարտքի չափը նրա տնտեսության հետ, կառավարության ֆինանսական կայունության ցուցանիշներից մեկն է: 100 տոկոսից մեծ ցանկացած արժեք ցույց է տալիս, որ երկիրն ավելի շատ է ծախսում, քան արտադրում է:
Համաձայն IIF-ի՝ համաշխարհային պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 95,5 տոկոս:
Ճապոնիան՝ աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունը, ունի պարտքի ամենաբարձր հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ՝ 239 տոկոս: Տոկիոյի պարտք/ՀՆԱ-ի բարձր հարաբերակցությունը մասամբ կարող է պայմանավորված լինել վերջինիս ծերացող բնակչության և սոցիալական բարեկեցության ծախսերով:
Պարտք/ՀՆԱ բարձր հարաբերակցությամբ երկրորդ երկիրը Հունաստանն է՝ 197 տոկոս, որին հաջորդում են Սինգապուրը (165 տոկոս), Իտալիան (135 տոկոս) և ԱՄՆ-ը (116 տոկոս):
Ի՞նչ է ԱՄՆ պարտքի սահմանաչափը
Պարտքի սահմանաչափը առավելագույն գումարն է, որը կառավարությունը կարող է վերցնել: Հունվարի 19-ին ԱՄՆ-ը հասավ 31,4 տրիլիոն դոլարի փոխառության սահմանաչափին: Այդ ժամանակից ի վեր գանձապետարանը մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ խուսափելու իր օրինական պարտավորությունները չկատարելուց(հայտնի է որպես դեֆոլտ):
ԱՄՆ դեֆոլտը, ամենայն հավանականությամբ, երկիրը կգցի մեծ ռեցեսիայի մեջ, կցնցի համաշխարհային տնտեսությունը և կհանգեցնի գործազրկության աճի:
Մայիսի 28-ին, շաբաթներ տևած բանակցություններից հետո, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթին պայմանավորվեցին երկու տարով բարձրացնել պարտքի սահմանաչափը՝ միևնույն ժամանակ սահմանափակելով որոշ ծախսեր:
Չորեքշաբթի ուշ երեկոյան կայացած նիստում Ներկայացուցիչների պալատը քվեարկեց 314–117 օրինագծի առաջ մղման համար։