Ի՞նչ է սպասվում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախօրեին
Մոտ 19 երկիր ցանկություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ խմբին, հայտնում է Bloomberg-ը։
Զարգացող տնտեսությունների դաշինքը, որը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, պատրաստվում է հանմդիպել հունիսի 2-3-ը Քեյփթաունում՝ քննարկելու հետագա ընդլայնումը, երկուշաբթի ասաց կազմակերպությունում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Անիլ Սուկլալը:
«ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը և դրա պայմանները կքննարկվեն,- ասաց նա:- Տասներեք երկիր պաշտոնապես միանալու հայտ է ներկայացրել, ևս վեցը ոչ պաշտոնական: Մենք ամեն օր մասնակցության հայտ ենք ստանում»:
Ընդլայնման մասին խոսակցությունները նախորդ տարի սկսել է Չինաստանը՝ որպես ԲՐԻԿՍ-ի ժամանակավոր նախագահ: Աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը մեծացնում է իր դիվանագիտական ազդեցությունը՝ փորձելով հակազդել զարգացած երկրների գերակայությանը ՄԱԿ-ում: Այնուամենայնիվ, առաջարկվող ընդլայնումը մյուս անդամների մոտ մտավախություն է առաջացրել, որ նրանց ազդեցությունը կնվազի, հատկապես, եթե Պեկինի մերձավոր դաշնակիցները միանան դաշինքին: Չինաստանի ՀՆԱ-ն ավելի քան երկու անգամ գերազանցում է ԲՐԻԿՍ-ի մյուս չորս տնտեսությունների ընդհանուր արժեքը:
Սուկլալի խոսքով՝ բոլոր հինգ պետությունների արտգործնախարարները հաստատել են իրենց մասնակցությունը հունիսին կայանալիք քննարկումներին։ Ընդլայնման հեռանկարներից բացի, նրանք կքննարկեն նաև թեժ կետերը, ներառյալ Սուդանը, որտեղ երեքշաբթի տասը օր տևած հակամարտությունից հետո ուժի մեջ է մտել հրադադարը:
2006 թվականին BRIC անվամբ ձևավորվելուց ի վեր խումբը միայն մեկ նոր անդամ է ընդունել՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը 2010 թվականին:
Պաշտոնապես անդամակցության հայցող երկրների թվում Սուկլալը փետրվարին նշեց Սաուդյան Արաբիային և Իրանին: Բացի այդ, կազմակերպության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Արգենտինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը, Բահրեյնը և Ինդոնեզիան, ինչպես նաև երկու անանուն երկրներ Արևելյան Աֆրիկայից և մեկը՝ Արևմտյան Աֆրիկայից: