Գերմանիան ծրագրում է հզորացնել պաշտպանական կարողությունները
Գերմանիան նախատեսում է իրեն ապահովել հակահրթիռային վահանով և բանակցում է բավարական ընկերության հետ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար, հայտնում է Bloomberg-ը։
— Բեռլինը բանակցություններ է վարում ութ IRIS-T համակարգերի գնման շուրջ
— Ֆինանսավորումը կիրականացվի Գերմանիայի պաշտպանության հիմնադրամից՝ 100 միլիարդ եվրոյի չափով
Գերմանիան բանակցում է պաշտպանական մի շարք արտադրողների հետ բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության վահան ստեղծելու համար, որը կարող է արժենալ մինչև 17 միլիարդ եվրո (18,5 միլիարդ դոլար), ըստ խնդրին ծանոթ մարդկանց:
Կանցլեր Օլաֆ Շոլցի կոալիցիոն կառավարությունը բանակցություններ է վարում բավարական Diehl Defence արտադրողի հետ երկուսից երեք միլիարդ եվրո արժողությամբ մինչև 8 IRIS-T հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար, ասել են աղբյուրները, ովքեր խնդրեցին չհրապարաել իրենց անունները:
Նախատեսվող հակահրթիռային վահանը, որը կներառի նաև այլ համակարգեր, նախատեսված է Գերմանիային, ինչպես նաև հարևան երկրներին հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար, մարդկանց խոսքով։ Հրթիռային համակարգի արժեքը կարող է փոխվել բանակցությունների շարունակման հետ կապված:
Գերմանիան սկսել է հիմնանորոգել իր պաշտպանական արդյունաբերությունը Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ մեծացնելով կրիտիկական սպառազինությունների արտադրությունը: Նախորդ տարի Շոլցը հայտարարեց Բունդեսվերի արդիականացման և պաշտպանության տարեկան ծախսերը մեծացնելու 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի մասին: Հիմնադրամը կօգտագործվի գործարքների ֆինանսավորման համար:
Ընդհանուր փաթեթը կներառի Israel Aerospace Industries աչտադրության Arrow 3 համակարգը, որի համար Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հատկացրել է մինչև չորս միլիարդ եվրո, և ԱՄՆ Patriot համակարգը, որի համար Բեռլինը կարող է ծախսել մինչև 10 միլիարդ եվրո, հայտնել են աղբյուրները։
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների մանրամասները, սակայն հաստատել է, որ դրանք շարունակվում են, այդ թվում՝ IRIS-T համակարգերի վերաբերյալ Diehl-ի հետ: Գերմանիայի նպատակն է ստեղծել ժամանակակից հակահրթիռային վահան և ինտեգրել այն ծրագրվող եվրոպական երկնքի վահան նախաձեռնության մեջ։
Շոլցն առաջին անգամ հրթիռային վահանի մասին հայտարարեց Պրահայում օգոստոսին։ Նա ասաց, որ առաջիկա տարիներին Գերմանիան խոշոր ներդրումներ կկատարի իր հակաօդային պաշտպանության ոլորտում, քանի որ մայրցամաքը «շատ բան ունի հասնելու»: Նա ասաց, որ նման ինտեգրված համակարգը կլիներ ավելի արդյունավետ և ծախսարդյունավետ, քան եթե յուրաքանչյուր ժողովուրդ կառուցեր իր բարդ համակարգերը:
Առնվազն 15 երկիր՝ հիմնականում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ, ստորագրել են ծրագրին միանալու մտադրության մասին նամակ։