Պատժամիջոցները չաշխատեցին
Մեծ Բրիտանիան, որը Մոսկվայի դեմ պատժամիջոցների հիմնական աջակիցներից մեկն է, ավելացնում է ռուսական նավթի գնումները հնդկական գործարաններում դրա վերամշակվելուց հետո, գրում է Breitbart-ը։
Հեղինակ՝ Ջեք Մոնտգոմերի:
Մեծ Բրիտանիան ուժեղացրել է հնդկական նավթի գնումները Ռուսաստանի հետ Արևմուտքի պատժամիջոցների պատերազմի ֆոնին, սակայն դրա մեծ մասը, հավանաբար, վերամշակվում է ռուսական նավթից, որը Հնդկաստանին վաճառվում է զեղչով:
Չնայած տարածված այն համոզմունքին, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում կոնֆլիկտի բռնկումից հետո դարձել է վտարված պետություն, և նրան աջակցում են միայն Իրանը և Հյուսիսային Կորեան, Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի շատ կառավարություններ հիմնականում դուրս են մնացել Մոսկվայի հետ Արևմուտքի տնտեսական պատերազմից, ներառյալ ավանդական դաշնակիցներ համարվող երկրները, ինչպիսիք են Իսրայելը, Հնդկաստանը և նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:
Հնդկաստանը օգտվեց հակամարտության սկզբնական փուլում Ռուսաստանի և Եվրամիության միջև էներգետիկ առևտրի դանդաղումից և պայմանագիր ստորագրեց ռուսական նավթը զգալի զեղչով գնելու վերաբերյալ: Իսկ այժմ Մեծ Բրիտանիան, որը պատժամիջոցների հիմնական ջատագովներից մեկն է, ավելացնում է այս նավթի գնումները հնդկական գործարաններում վերամշակումից հետո:
Իշխող Պահպանողական կուսակցությանը մոտ թերթը նշում է, որ Ջամնագարի նավթավերամշակման հսկայական գործարանը 2022 թվականին քառապատկել է ռուսական հում նավթի և մազութի առաքումները՝ հասցնելով 215-ի, որոնցից 29-ը ստացել է Մեծ Բրիտանիան: Համեմատության համար նշենք, որ մինչ հակամարտությունը այն ներմուծել էր ընդամենը յոթ բեռնափոխադրում։
«Վերամշակված հում նավթի մոտավորապես հինգ բարելից մեկը ռուսական է», — ասում է Wood Mackenzie-ի վերամշակման, էներգետիկայի, քիմիական նյութերի, մետաղների, վերականգնվող աղբյուրների և հանքարդյունաբերության փորձագետ Ալան Գելդերը:
«Հնդկական նավթավերամշակման գործարանները միշտ արտահանել են Եվրոպա, բայց այժմ մատակարարումները ավելացել են, քանի որ այն դարձել է ավելի շահավետ. դիզվառելիքի գները Եվրոպայում աճել են ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին պահանջարկի ավելացման պատճառով», — բացատրեց նա:
«Արտահանվող հնդկական դիզելային վառելիքի զգալի մասը արտադրվում է ռուսական հումքից»,- հավելեց նա՝ պարզաբանելով, որ գրեթե անհնար է ճշգրիտ որոշել ռուսական հումքի տոկոսը։ Ընդ որում, բրիտանացի գնորդներն ու քաղաքական գործիչները ամեն կերպ պատժամիջոցները ներկայացնում են որպես հաջողություն։
Ավելի վաղ բրիտանական կառավարությունը հայտարարել էր, որ հարգում է ռուսական էժան նավթ գնելու Հնդկաստանի որոշումը: