Չինաստանի բնակչությունը առաջին անգամ սկսում է նվազել` սկսած 1960-ականներից
Վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանի բնակչությունը նվազել է 850 հազար մարդով, հայտնում է Bloomberg-ը։
Չինաստանի բնակչությունը վեց տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսել է նվազել 2022 թվականին։ Սա կարևոր հանգրվան է աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության համար, որը բախվում է ժողովրդագրական ավելի ու ավելի լուրջ ճգնաժամի:
Երեքշաբթի Ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա ավարտին Չինաստանն ուներ 1,41 միլիարդ բնակչություն, ինչը 850 հազարով պակաս է 2021 թվականի վերջի համեմատ: Սա առաջին անկումն է սկսած 1961 թվականից՝ նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի օրոք Մեծ սովի վերջին տարին։
2022 թվականին ծնվել է մոտ 9,56 միլիոն երեխա՝ մեկ տարի առաջվա 10,62 միլիոնի դիմաց։ Սա ամենացածր ցուցանիշն է առնվազն 1950 թվականից ի վեր՝ չնայած կառավարության ջանքերին՝ խրախուսելու ընտանիքներին ավելի շատ երեխաներ ունենալ:
Ընդհանուր առմամբ մահացել է 10,41 միլիոն մարդ, ինչը մի փոքր ավելին է, քան վերջին տարիներին գրանցված մոտավորապես 10 միլիոնը: Նախորդ ամսից Չինաստանում գրանցվել է COVID-ի հետ կապված մահերի աճ՝ դեկտեմբերի սկզբին վիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը կտրուկ դադարեցնելուց հետո: Այս տարի, ամենայն հավանականությամբ, կգրանցվեն COVID-ի հետ կապված ավելի շատ մահեր, քանի որ վարակը շարունակում է տարածվել ամբողջ երկրում:
Բնակչության նվազումը տեղի է ունեցել շատ ավելի արագ, քան նախկինում ակնկալվում էր, և կարող էր արգելակ հանդիսանալ տնտեսական աճի համար՝ նվազեցնելով, օրինակ, բնակարանների պահանջարկը: Անկումը կարող է դժվարացնել չինական տնտեսության առաջ անցնել ԱՄՆ-ից, և երկիրը վտանգում է այս տարի կորցնել աշխարհի ամենաբնակեցված պետության իր կարգավիճակը հօգուտ Հնդկաստանի:
Դեռևս 2019 թվականին ՄԱԿ-ը կանխատեսեց, որ Չինաստանի բնակչությունը գագաթնակետին կհասնի 2031 թվականին, իսկ դրանից հետո կնվազի: Նախորդ տարի, սակայն, ՄԱԿ-ը վերանայեց այդ գնահատականը՝ խոսելով գագաթնակետի մասին 2022 թվականի սկզբին: Աշխատուժն արդեն կրճատվում է, բնակարանների երկարաժամկետ պահանջարկը, ամենայն հավանականությամբ, ավելի կնվազի, և կառավարության համար կարող է նաև դժվար լինել թերֆինանսավորվող ազգային կենսաթոշակային համակարգը պահպանելը:
Երկիրը գնում է արևելյան Ասիայի այլ պետությունների օրինակով, ինչպիսիք են Ճապոնիան կամ Հարավային Կորեան, որտեղ ծնելիության մակարդակը կտրուկ նվազել է, իսկ բնակչությունը ծերանում է և սկսում նվազել, քանի որ նրանք դառնում են ավելի հարուստ և զարգացած:
Չինաստանում ծնելիության մակարդակը կամ հազար մարդու հաշվով ծնվածների թիվը նախորդ տարի նվազել է մինչև 6,77, ինչը ամենացածր մակարդակն է 1978 թվականից ի վեր:
Վիճակագրության ազգային բյուրոյի կողմից հրապարակված թվերը ցույց են տալիս, որ բնակչության 62%-ը աշխատանքային տարիքի է եղել, որը Չինաստանը սահմանում է որպես 16-ից 59 տարեկան մարդիկ, տասը տարի առաջ մոտ 70%-ի դիմաց: Սա խոսում է այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է երկիրը, քանի որ նրա բնակչությունը ծերանում է: