Հաջորդ ձմեռը ավելի ծանր փորձություն կբերի Եվրոպային
Եվրոպան բավականաչափ գազ կունենա գոյատևելու համար այս ձմռանը, եթե շատ ցուրտ չլինի, գրում է Financial Times-ը։ Սակայն ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու ամբողջական հետևանքները տարածաշրջանը կզգա հաջորդ տարի, քանի որ ներկա իրավիճակում պաշարների համալրումը դժվար կլինի։
Որքան արագ երկրները կրճատեն սպառումը, այնքան ավելի շատ գազ կունենան 2023 թվականին։
Եվրոպան բավականաչափ գազ է կուտակել գոյատևելու համար այս ձմռանը, եթե, իհարկե, շատ ցուրտ չլինի: Որոշ երկրներ, սակայն, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան, ոչ թե վերացրել են իրենց խնդիրները, այլ պարզապես հետաձգել են դրանց հետևանքները։ Քանի որ ռուսական գազի մատակարարումները նվազել են 80%-ով, նրանց համար դժվար կլինի նույն պաշարները կուտակել հաջորդ տարվա համար։
Ի՞նչն է պատճառը, որ այս ձմռանը իրավիճակը սպասվածից լավ է լինելու։ Փաստն այն է, որ Եվրոպան ավելի քան փոխհատուցել է Ռուսաստանից գազի ներկրման նվազումը այլ աղբյուրների հաշվին։
Եթե ընթացիկ մատակարարումները շարունակվեն, ռուսական արտահանումը 80 միլիարդ խորանարդ մետրով պակաս կլինի այս տարվա համար կանխատեսումներից, որոնք արվել էին մինչև ռազմական գործողությունների սկսվելը Ուկրաինայում։ Եվրոպան հակադարձեց հարվածը՝ ավելացնելով հեղուկ բնական գազի ներմուծումը 50 միլիարդ խորանարդ մետրով և կրճատելով պահանջարկը 60 միլիարդով։ Այսպիսով, Եվրոպայում պաշարները 30 միլիարդ խորանարդ մետրով ավելի են, քան 2021 թվականին։ Տարածաշրջանը ձմեռ է մտնում ողջամիտ վստահությամբ։
Եվրոպան, սակայն, չպետք է հանգստանա դափնիների վրա։ Ինչ վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին, ապա սա միասնական շուկա չէ։ Ենթակառուցվածքային խնդիրները կարող են վառելիքի պակասի պատճառ դառնալ, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Եղանակի գործոնը շատ կարևոր է։ Եթե ձմեռը ցուրտ լինի, ապա պահանջարկը կարող է աճել 30 մլրդ խմ-ով, և այդ ժամանակ պաշարները կսպառվեն։ Բայց նույնիսկ ռեսուրսների առկայության դեպքում վառելիքի սպառման ծավալի որոշակի սահմանափակումներ կան ցանկացած ժամանակ: Շատ ցուրտ օրերին եվրոպացիները կարող են գազի պակասորդ զգալ։
Եվրոպան ,սակայն, կզգա ռուսական սառեցնող քամիների ողջ ուժը միայն հաջորդ ձմռանը։ Նույնիսկ եթե Ուկրաինայի և Թուրքիայի միջոցով մատակարարումները մնան ներկայիս մակարդակի վրա, 2023 թվականին մայրցամաքը կկորցնի ևս 40 միլիարդ խորանարդ մետր, ինչը կդժվարացնի մատակարարումների համալրումը:
Այն ամենը, ինչ անում է Եվրոպան՝ ավելացնելու վերագազիֆիկացման կարողությունները և վերացնելու տրանսպորտային սահմանափակումները, կամրապնդի վերջինիս էներգետիկ անվտանգությունը։ Բայց մենք դեռ դժվար ժամանակաշրջանում ենք:
Եվրոպան պարտավոր է նվազեցնել սպառումը։ Որքան շուտ դա անի, այնքան ավելի շատ գազ կունենա 2023 թվականի ձմռանը: