Ապրիլյան հեղափոխություն․ հետևություններ և առաջարկվող քայլեր (Համահայկական կոնգրես)
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ․
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իշխանական բուրգի գագաթին մնալու համար 2015 թվականին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ․ Հայաստանը հռչակվեց խորհրդարանական հանրապետություն։ Սակայն 2016 թվականին ընդունված ընտրական օրենսգրքով խորհրդարանական ընտրությունների համար հաստատվեց բաց ցուցակով համամասնական համակարգ, որն իր բնույթով քողարկված մեծամասնական համակարգ էր՝ դրանից բխող բոլոր թերություններով։
Նոր ընտրակարգի պայմաններում իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն 2017 թվականի ԱԺ ընտրություններում կարողացավ ստանալ ընտրողների ձայների 49,15 տոկոսը և պատգամավորական մանդատների՝ 54,09 տոկոսը։ Այդպիսով Հանրապետական կուսակցությունը հնարավորություն ստացավ միանձնյա նշանակելու երկրի ապագա փաստացի ղեկավարին՝ վարչապետին։
Ապրիլի 14-ին ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ ապրիլի 17-ին վերջինս 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի կողմից նշանակվեց ՀՀ վարչապետ։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ․
Սերժ Սարգսյանի նշանակումը ենթադրում էր կառավարման երրորդ շրջան, ինչը զանգվածային դժգոհությունների առիթ էր բարձրացնում։ Դեռևս մարտի 31-ից «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր «Իմ քայլը» արշավն ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման։ Կազմակերպվեցին երթեր, ցույցեր, տարատիպ ակցիաներ։
Վարչապետի ընտրությունից հետո բողոքի ցույցերը նոր թափ ստացան՝ ընդգրկելով Հանրապետության տարբեր բնակավայրերը․ ցուցարարների շարքերն օր-օրի ավելի էր ընդլայնվում։ Արդեն ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։
Վարչապետի հրաժարականը ենթադրում էր նաև կառավարության լիազորությունների դադարեցում․ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ․
Մեկ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվելու նոր վարչապետի ընտրության համար։ Քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում շարունակում է տնօրինել 105 մանդատներից 58-ը, ուրեմն հենց նրա ձեռքում է շարունակում մնալ երկրի վարչապետ նշանակելու իրական լիազորությունը։
Իսկ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀԿ նախագահ, փաստացիորեն շարունակում է լինել երկրի քողարկված ղեկավարը։ Այսինքն հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը և ցուցարարների պահանջն է։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈԻՆԻՑ․
Զանգվածային այս ցույցերի նախադրյալը երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, քաղաքացիներն իշխանափոխության մեջ տեսնում են իրենց սոցիալական կարգավիճակի դրական վերափոխման հույսը։
Ցույցերը նաև խորհրդանշում են այն իրողությունը, որ Հայաստանում միանձնյա իշխանության հաստատման փորձերը դատապարտված են։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՔԱՅԼԵՐԸ (ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ)․
Քաղաքացիների ակնկալիքները բավարարելու և հեղափոխության դրական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել կոնկրետ քայլեր («Համահայկական կոնգրեսի» առաջարկությունները)․
1․ Ժամանակավոր կառավարության ձևավորում, որը կստանձնի երկրի ղեկավարման գործառույթը մինչև ժողովրդավարական ճանապարհով նոր իշխանությունների ընտրությունը։
2․ Փոփոխությունների իրականացվում ընտրական օրենսգրքի մեջ, խորհրդարանական ընտրությունների մեխանիզմի մեջ բաց ցուցակով ընտրակարգի բացառում։
3․ Նոր խորհրդարանական ընտրությունների նշանակում։
4․ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորվում, ՀՀ նոր սահմանադրությամբ երկրի կառավարմանը սփյուռքի հայ գաղթօջախների մասնակցության ամրագրում (օրինակ՝ խորհրդարանը կարող է ունենալ Վերին պալատ, որում ներկայացված կլինի Հայկական սփյուռքը)։
5․ Որպես իշխանության հինգերորդ ճյուղ «Համահայկական նախաձեռնությունների կենտրոնների» ձևավորում, որոնք իրականացնելու են քաղաքացիական ինքնակազմակերպման և վերահսկողության գործառույթներ, ինչպես նաև հասարակական ու տնտեսական ձեռնարկներ։ Այդ կենտրոնների գործունեությունն ապահովելու է Հայաստանում և Սփյուռքում հայության փոխգործակցությունը և ազգի առջև կանգնած խնդիրների կարգավորման համակարգումը։
Նշված կետերը ենթակա են մանրամասն մշակման ու լրացման, քաղաքացիների կողմից առաջարկներն ու դիտարկումները կարող տեղ գտնել դրանում։