Ռուսաստանն առանց Պուտինի. նախագահի աթոռի հավակնորդները
2018 թվականի մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Կարևորագույն հարցն այն է, թե ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը երբ կհայտարարի իր մասնակցության մասին: Հոկտեմբերի 19-ին «Վալդայ» դիսկուսիոն ակումբի քննարկումների ժամանակ թեև Վլադիմիր Պուտինը դեռևս չհայտարարեց առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն իր խոսքում քննադատական թիրախավորումից ակնհայտ էր, որ այդ հարցն արդեն քննարկելի չէ: Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանցնում այն իրողությունը, որ Պուտինը կրկին կընտրվի նախագահի պաշտոնում: Ռուսներից շատերն իրենց երկիրը չեն էլ պատկերացնում առանց պուտինյան «ցարիզմի»:
Այնուհանդերձ ինչ կլինի Ռուսաստանի հետ, եթե Պուտինը հեռանա իշխանությունից: Թեև արևմուտքում Պուտինին չեն սիրում, սակայն նա այնուհանդերձ կանխատեսելի առաջնորդ է: Որքան էլ նրան անվանում են դիկտատոր, ագրեսոր, սակայն առանց Պուտինի Ռուսաստանը շատ ավելի անկախանատեսելի՝ հետևանքում շատ ավելի վտանգավոր կլինի:
Բրիտանական «The Guardian» պարբերականը փորձել է ներկայացնել իրավիճակ, երբ Ռուսաստանում ընտրությունները կլինեն բաց և ազատ, իսկ Վլադիմիր Պուտինն էլ չի առաջադրվի:
Նախ հարկ է պարզել, թե ովքեր կլինեն առաջադրվող թեկանածուները. նրանց թվում կլինեն քաղաքական «վետերաններ» ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկին, լիբերալ Գրիգորի Յավլինսկին, կոմունիստ Գենադի Զյուգանովը: Ստատուս-քվոյի պահպանության գործում հարմար թեկնածու կլինի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Թեկնածուների շարքում կարող են հայտնվել Պուտինի հետ ժամանակին կոնֆլիկտ մեջ մտած գործիչները՝ նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, նախկին վարչապետ Դմիտրի Կասյանովը, նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:
Նախագահական աթոռի լուրջ ֆավորիտ կարող էր դառնալ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, սակայն դատապարտվածության հիմնավորմամբ նրա մասնակցությունն ընտրություններին հարցականի տակ է: Նման պայմաններում հարթակ է դուրս գալիս հայտնի «շոկոլադե շիկահերը»՝ Քսենիա Սոբչակը, ով արդեն իսկ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Եթե Վլադիմիր Պուտինը չմասնակցի ընտրություններին, Ռուսաստանում կուսակցական պլյուրալիզմի նոր շրջափուլ կսկսվի: Վերը նշված գործիչներն ու նրանց թիմակիցները լուրջ քաղաքական ազդեցություն ձեռք բերելու հնարավորություն կստանան:
Թեև այս սցենարը քիչ հավանական է, քանի որ Պուտինի առաջադրումը ու անգամ հաղթանակը կասկած չի հարուցում: Պուտինը երբեք չի հրաժարվի իշխանությունից, քանի որ այլ դեպքում կարող է հայտնվել դատապարտյալի աթոռին: Ամեն դեպքում ոչ ոք հավերժ չէ, կգա ժամանակը, և Պուտինի անունը չի լինի քվեաթերթիկների վրա: Դրան պետք է պատրաստ լինեն և՛ Ռուսաստանը, և՛ մնացյալ աշխարհը: