Եվրամիության կայացումը. «Շումանի ծրագրից» մինչև Լիսաբոնյան համաձայնագիր
Եվրոպական Միությունը տնտեսական և քաղաքական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամ երկրների կողմից հիմնված կառույցների միջոցով: ԵՄ կազմված է 28 երկրից` ավելին քան կես միլիարդ բնակչությամբ: ԵՄ վարչական կենտրոն է համարվում Բրյուսելը[1]:
Եվրամիության էությունը հստակեցնելու համար դիտարկենք կառույցի ձևավորման ու կայացման պատմական ընթացքը: Նախ նշենք, որ համաեվրոպական քաղաքական-տնտեսակա.ն կառույցի ձևավորման նպատակը միշտ եղել է տարբեր գործիչների ուշադրության կենտրոնում՝ սկսած Կարլոս Մեծից, Օտտոն Առաջինից միչև Նապոլեոն Բոնապարտ և այլն: Սակայն մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտ այն գործնականում հնարավոր չեղավ ինչ-որ կերպ մեկնարկել, քանի որ առանձին երկրների (մասնավորապես Ֆրանսիայի ու Գերմանիայի) ազգային շահերը տարբերվում էին, իսկ պատերազմի ավարտից հետո համաեվրոպական գաղափարը սկսեց ինստիտուցինոլացվել: Դրա առաջին քայլերը կապված էին Բենիլյուսի Միության ձևավորման հետ[2]:
Բենիլյուքս Մաքսային միությունը (ներկայումս՝ Բենիլյուքս Տնտեսական միություն) վերազգային տնտեսական կազմակերպության վաղ օրինակ է: Այս միությունը, բաղկացած լինելով Բելգիայից, Նիդեռլանդներից և Լյուքսեմբուրգից, ազատ առևտրային գոտի էր հանդիսանում այս երկրների համար, միևնույն ժամանակ միությունից դուրս ապրանքների համար սահմանելով միասնական տարիֆ: Կազմավորվելով 1948թ.՝ միությունը ստեղծվեց այն գիտակցությամբ, որ առանձին երկրների տնտեսությունները շատ փոքր էին գլոբալ շուկայում մրցունակ լինելու համար:
Բելգիան և Լյուքսեմբուրգը իրականում միավորվել էին տնտեսական միության շրջանակներում 1921 թ., իսկ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Բելգիան և Նիդեռլանդները սկզբունքորեն համաձայնության էին եկել մաքսային միության առումով: Այս երեք երկրները շարունակում են մնալ Եվրոպական համագործակցության ամենաջերմ ջատագովները՝ աշխատելով իրենց երկրների ավելի սերտ ինտեգրման համար՝ անկախ Եվրոպայում տեղի ունեցող զարգացումներից:
Եվրոպական ինտեգրման առաջին հիմնական քայլը կատարվել է 1950 թվականին[3]: Այդ ժամանակ արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը, Ժան Մոնեի խորհրդով, առաջ քաշեց Ֆրանսիայի և Գերմանիայի ածխի և պողպատի արդյունաբերությունների ինտեգրման գաղափարը և առաջարկեց այլ ազգերին միանալ այս նախաձեռնությանը: Շումանի դրդապատճառները միաժամանակ և՛ քաղաքական էին, և՛ տնտեսական: Շատ եվրոպացիներ զգում էին, որ ակտիվորեն վերակենդանացող գերմանական արդյունաբերությունը ինչ-որ կերպ վերահսկվելու կարիք ունի: ԱՊԵՀ-ը համապատասխան մեխանիզմ ստեղծեվ, քանի որ ածուխը և պողպատը մի շարք ժամանակակից արդյունաբերությունների հիմնական բաղադրիչներից են՝ հատկապես ռազմական արդյունաբերության ոլորտում:
Այսպես կոչված «Շումանի ծրագիրը» ստեղծեց ազգային ածխի և պողպատի քաղաքականությունը՝ արտադրության և գների մակարդակը վերահսկող վերազգային մարմին: Եվ զուգադիպություն չէր, որ այս լիազորությունները թույլ էին տալիս վերսհիշյալ մարմնին վերահսկել գերմանական արդյունաբերությունը: Նպատակ ունենալով ճնշել գերմանական ռազմատենչության մտահոգությունը՝ Արևմտյան Գերմանիան անմիջապես միացավ նախաձեռնությանը, որին շուտով հետևեցին Բենիլյուքսի երկրները և Իտալիան: Միացյալ Թագավորությունը, զգուշանալով իր արդյունաբերության վերահսկման հավանական կորստից, հրաժարվեց միանալ[4]:
ԱՊԵՀ ստեղծող համաձայնագիրը ստորագրվեց 1951 թ. և ուժի մեջ մտավ հաջորդ տարվա սկզբին[5]: Համաձայնագիրը նախատեսում էր երկաթի հանքանյութի, ածխի, կոքսի և պողպատի առք ու վաճառքի տարիֆների և քվոտաների վերացում համայնքի ներսում, ընդհանուր արտաքին տարիֆ այլ երկրներից ածխի և պողպատի արդյունաբերությանը առնչվող ներմուծումների համար և արտադրության ու վաճառքի վերահսկողություն: ԱՊԵՀ գործողությունները վերահսկելու նպատակով համաձայնագիրը սահմանեց մի քանի վերազգային մարմիններ՝ գործադիր լիազորություններով անդամ երկրների շահերի պաշտպանությանը ապահովելու համար բարձրագույն մարմին, նախարարների խորհուրդ, միայն խորհրդատվական լիազորությամբ համընդհանուր խորհրդարան և դատարան՝ վեճերի լուծման համար:
1957թ. ԱՊԵՀ անդամ երկրները Հռոմում ևս երկու համաձայնագիր ստորագրեցին: Այս համաձայնագրերը ստեղծեցին Եվրոպական ատոմային համայնքը (Եվրատոմ)[6] խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի կիրառման համար և առավել կարևոր Եվրոպական տնտեսական համայնքը (ԵՏՀ, որին հաճախ հղում են կատարում որպես Ընդհանուր շուկա)[7]:
ԵՏՀ[8] համաձայնագիրը նախատեսում էր անդամ երկրների միջև առևտրի դեպքում ներմուծման հարկերի և քվոտաների աստիճանական վերացում և ընդհանուր արտաքին տարիքի սահմանում: Անդամ երկրները պայմանավորվեցին բեռնափոխադրումների, գյուղատնտեսության և սոցիալական ապահոբագրոության ընդհանուր քաղաքականության իրականացնել և թույլ տալ մարդկանց և ֆինանսական ռեսուրսների ազատ տեղաշարժ համայնքի սահմանների ներսում: Համաձայնագրի գլխավոր դրույթներից մեկն այն էչ, որ վերջինս չի կարող չեղյալ համարվել մեկ առանձին անդամի կողմից, որոշակի ժամանակ անց համայնքի հետագա որոշումները կընդունցեն անդամ երկրների ձայների մեծամասնությամբ և ոչ թե միաձայն գործողությամբ:
Ե՛վ ԵՏՀ, և՛ Եվրատոմ համաձայնագրերը ստեղծեցին իրենց գործողությունները վերահսկող առանձին բարձրաստիճան հանձնաժողովեր: Այնուամենայնիվ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԱՊԵՀ-ը և ԵՏՀ-ն և Եվրատոմը կսպասարկվեն ընդհանուր նախարարների խորհրդով, ներկայացուցչական խորհրդարանով և Արդարադատության դատարանով:
Հռոմի 1957 թ. համաձայնագրերի նախապատրաստական փուլում այլ երկրներ հրավիրվեցին միանալ ԵՏՀ-ին: Միացյալ Թագավորությունը դեմ եղավ ազգային քաղաքականությունների իրականացման վերահսկման կորստի գաղափարին, ինչը ենթադրվում էր եվրոպական ինտեգրումով, փոխարենը փորձելով համոզել եվրոպական երկրներին ստեղծելու ազատ առևտրի գոտի: ԵՏՀ վավերացումից հետո Միացյալ Թագավաորությունը, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Շվեյցարիան, Ավստրիան և Պորտուգալիան ստեղծեցին Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա (ԱԱԵԱ)[9]: ԱԱԵԱ համաձայնագիրը նախատեսում էր միայն անդամ երկրների արդյունաբերական արտադրանքի տարիֆների վերացում: Այն չէր վերաբերում գյուղատնտեսական արտադրանքին և չէր սահամանում ընդհանուր արտաքին տարիք, իսկ անդամները կարող էին ցանկացած պահի դուրս գալ համաձայնագրից[10]: Այսպիսով՝ ԱՍԵԱ-ն շատ ավելի թույլ միություն էր, քան Ընդհանուր շուկան:
1961թ. ԵՏՀ ակնհայտ տնտեսական հաջողություններից դրդված Միացյալ Թագավորությունը փոխեց իր տեսակետը և սկսեց ԵՏՀ անդամակցությանը ուղղված բանակցությունները: 1963թ. հունվարին Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլը դեմ քվեարկեց Բրիտանիայի անդամակցությանը գլխավորապես այդ երկրի ու ԱՄՆ-ի հետ առկա սերտ հարաբերությունների պատճառով: Դը Գոլը երկրորդ անգամ դեմ եղավ բրիտանական անդամակցությանը նաև 1967թվականին:
1967թ. հուլիսին երեք կազմակերպությունները (ԵՏՀ, ԱՊԵՀ, Եվրատոմ) լիովին միաձուլվեցին՝ ստեղծելով եվրոպական համայնքը (ԵՀ)[11]: ԵՏՀ համաձայնագրի հիմնական տնտեսական դրույթները աստիճանաբար իրականացվեցին և 1968 թ. անդամ երկրների միջև վերացվեցին բոլոր տարիֆները: ԵՄ ընդլայնման ուղղությամբ կամ որևէ այլ առաջարկության առնչությամբ առաջընթաց չարձանագրվեց, համենայն դեպս մինչև 1969թ. մայիս՝ դը Գոլի պաշտոնաթողությունը:
Ֆրանսիայի հաջորդնախագահը՝ Ժորժ Պոմպիդուն, ավելի բարյացակամ էր տրամադրված ԵՀ շրջանակներում նոր նախաձեռնությունների նկատմամբ:
Պոմպիդուի առաջարկությամբ անդամ երկրների ղեկավարների հանդիպում տեղի ունեցավ 1969 թ. դեկտեմբերին Նիդեռլանդներում՝ Հաագայում[12]: Հանդիպումը ճանապարհ հարթեց անդամ երկրների հատկացումների վրա հիմնված ԵՀ մշտական ֆինանսավորման համակարգի ստեղծման, անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համագործակցության համար: Համաձայնություն ձեռք բերվեց Միացյալ Թագավորության, Իռլանդիայի, Դանիայի և Նորվեգիայի անդամակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
1972թ. գրեթե երկու տարի տևած բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ հավակնող երկրները կանդամակցեն 1973թ. հունվարից: Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան և դանիան անդամակցին ըստ ժամանակացույցի, սակայն ազգային հանրաքվեով Նորվեգիայի ազգաբնակչությունը դեմ քվեարկեց անդամակցությանը:
Միացյալ Թագավորությունում, այնուամենայնիվ, ԵՄ անդամակցության ընդդիմությունը պահպանեց իր դիրքերը: Շատ բրիտանացիներ գտնում էին, որ ԵՀ բյուջեի բրիտանական հատկացումները շատ մեծ են: 1974 թ. լեյբորիստական կուսակցությունը, իշխանության գալով, իրականացրեց իր անխընտրական խոստումը՝ բանակցությունների ընթացքում վերանայել ԵՀ բրիտանական անդամակցության հատկապես ֆինանսական պայմանները: Բանակցությունները միայն սահմանային արդյունք ունեցան: Բայց և այնպես, Միացյալ Թագավորության՝ ԵՀ հանդեպ պարտավորությունները գումարվեցին յոթանասունականների (14) տնտեսական խնդիրներով պայմանավորված ԵՀ ներսում առկա անորոշություններին: Լեյբորիստական կառավարությունը հավանություն տվեց ԵՀ անդամակցության շարունակությանը և այս հարցով ազգային հանրաքվե հայտարարեց 1975 թ. հունիսին: Չնայած որոշ խմբերի դրսևորած ուժեղ ընդդիմությանը՝ բրիտանացիները կողմ քվեարկեցին անդամակցությանը[13]:
1980-ականների դրությամբ, իր գոյության 30 տարիներից հետո ԵՀ-ն չէր իրականացրել իր ամենանվիրված կողմնակիցների հույսերը՝ Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծումը: Իրականում, չնայած ներքին տարիֆների վերացմանը, ԵՀ-ին չէր հաջողվել վերացնել ԵՀ տարածքում առևտրի բոլոր սահմանափակումները, ինչպես նաևր ներքին մաքսային սահմանները: Ավելի քիչ զարգացած Միջերկրածովյան երկրների անդամակցությունը (1981թ. Հունաստան, այնուհետև 1986 թ. Իսպանիա և Պորտուգալիա) հանգեցերց մի շարք նոր խնդիրների, որոնք գլխավորապես պայմանավորված էին վերջիններիս ավելի ցածր տնտեսական զարգացածությամբ: Մասնավորապես, գյուղատնտեսությունից այս երկրների ավելի մեծ կախվվածությունը նշանակում էր, որչ ԵՀ գյուղատնտեսության օժանադակության համար նախատեսված դրամական միջոցների զգալի մասը կուղղվի նորանդամ երկրներին: Սա անհանգստություն հարուցեց ԵՀ որոշ հատվածներում, մասնավորապես Իռլանդիայում, որը մտավախություն ուներ, որ այդ դրամական միջոցների իր մասնաբաժինը կկրճատվի:
1985 թ. Եվրոպայի խորհուրդը, բաղկացած լինելով ԵՀ անդամ երկրների ղեկավարներից, որոշեց հետագա ինտեգրման հաջորդ քայլը անել: 1986թ. փետրվարին նրանք ստորագրեցին Միասնական եվրոպական ակտը (ՄԵԱ)՝ ԵՀ առկա համաձայնագրերի փոփոխությունների փաթեթը: ՄԵԱ-ով նախատեսվում էր իրականացնել ավելի քան 300 միջոցառում վերացնելու համար միասնական շուկայի ստեղծման ֆիզիկական, տեխնիկական և հարկային խոչընդոտները: Այս միջոցառումների արդյունքում անդամ երկրները լիովին կինտեգրվեին: Ի հավելումն, անդամ երկրները համաձայնություն ձեռք բերեցին ընդունել ընդհանուր քաղաքականություն և սահմանել չափորոշիչներ հարկերի, զբաղվածության, առողջապահության, բնապահպանության և այլ ոլորտներում: Յուրաքանչյուր անդամ երկիր նաև վճռեց իր տնտեսական և դրամական քաղաքականությունները համապատասխանեցնել իր հարևանների համապատասխան քաղաքականություններին: ՄԵԱ-ն ուժի մեջ մտավ 1987 թ. հուլիսին[14]:
1980-ականների վերջերին արագընթաց քաղաքական փոփոխությունները ևս մեկ անգամ հանգեցրին ԵՀ համագործակցության և ինտեգրման աստիճանօ բարձրացմանը: Քանի որ կոմունիզմը քայքայվում էր Արևելյան Եվրոպայում, նախկինում կոմունիստական շատ երկրներ հայցում էին ԵՀ քաղաքական և տնտեսական աջակցությունը: ԵՀ-ն համաձայնեց աջակցել այս երկրներին, սակայն որոշում կայացվեց վերջիններիս թույլ չտալ անմիջապես միանալ ԵՀ-ին: Բացառություն արվեց միայն Արևելյան Գերմանիայի համար, որը Գերմանիայի վերամիավորումից հետո ինքնաբերաբար ներգրավվեց ԵՀ-ում[15]:
Քաղաքական անկայունության արդյունքում Արևմտյան Գերմանիան և Ֆրանսիան առաջարկեցին Միջկառավարական կոնֆերանս հրավիրել (ՄԿԿ) Եվրոպական Միությունը ավելի սերտացնելու նպատակով: ՄԿԿ-ն անդամների համաժողով է, որով սկսվում է ԵՀ համաձայնագրերի փոփոխությունների պաշտոնական գործընթացը: Մեկ այլ ՄԿԿ տեղի տեղի էր ունեցել 1989թ. Արժութային միության ժամանակացույցը և կառուցվածքը նախապատրաստելու համար, համաձայն որի համայնքի բոլոր անդամները կընդունեին մեկ միասնական դրամական արժույթ: Բրիտանիայի վարչապետ մարգարետ Թետչերը ընդդիմացավ ավելի սերտ եվրոպական միավորման կոչերին, սկայն Ջոն Մեյջորը, 1990թ. դառնալով վարչապետ, որդեգրեց ավելի մեղմ մոտեցում: ՄԿԿ-ն սկսեց աշխատանքները պայմանագրերի մի փաթեթի վրա, որ հետագայում դառնալու էր Եվրոպական Միության մասին համաձայնագիրը՝ հիմք հանդիսանալով Եվրոպական Միության ստեղծման համար[16]:
ԵՄ-ն հիմնվեց Եվրոպական Միության մասին համաձայնագրով (Մաաստրիխտի համաձայնագիր)[17]՝ նպատակ ունենալով խորացնել անդամ երկրների միջև քաղաքական, տնտեսական և սոցիալական ինտեգրումը: Երկարատև բանակցությունների արդյունքում 1991թ. դեկտեմբերին այն արժանացավ Եվրոպայի խորհրդի հավանությանը Նիդեռլանդներում՝ Մաաստրիխտում[18]: Համաձայնագրում առանձնակի ուշադրություն էր հատկացվում ԵՄ Տնտեսական և արժութային միությանը (ՏԱՄ): ՏԱՄ շրջանակներում անդամ երկրները պետք է միավորին իրենց տնտեսությունները և միասնական դրամարժույթ ընդունեին: Մաաստրտիխտի համաձայնագիրը նաև խիստ չափորոշիչներ սահմանեց, որոնց պետք է համապատասխանեին անդամ երկրները նախքան ՏԱՄ-ում ներգրավվելը: Ավելին՝ համաձայնագիրը նոր կառույցներ ստեղծեց ապահովելու ահամար ավելի միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացումը, նաև խրախուսելով ավելի սերտ համագործակցությունը դատական և ուստիկանության ոլորտներում: Անդամ երկրները մի շարք քաղաքական ոլորտներում ավելի մեծ լիազորություններ շնորհեցին ԵՄ կառավարման մարմիններին՝ ներառյալ բնապահպանությունը, կրթությունը, առողջապահությունը և սպառողների շահերի պաշտպանությունը[19]:
Նոր համաձայնագիրը բավական մեծ հանրային հակազդեցություն գտավ որոշ անդամ երկրներում: Մտահոգությունների կիզակետում ՏԱՄ-ն էր, որով եվրոպական ազգային արժույթները պետք է փոխարինվեին միասնական արժույթվ: Միացյալ Թագավորությունը հրաժարվեց ընդունել համաձայնագրի որոշ դրույթներ և ազատվեց դրանք կատարելու պարտավորությունից՝ ստանալով այսպես կոչված վերապահումներ; վերապահումները ներառում էին ՏԱՄ անդամակցությունը և մասնակցությունը սոցիալական ոլորտում, Մաաստրիխտի համաձայնագրի այն հատվածը, ուր շարադրված էին սոցիալական և զբաղվածության ոլորտի նպատակները՝ ներառյալ աշխատողների իրավունքների ընդհանուր օրենսգիրքը: Դանիայի ընտրողները հանրաքվեով մերժեցին համաձայնագիրը, իսկ ֆրանսիացիները աննշան առավելությամբ միայն արժանացրին այն հավանության: Գերմանիայում համաձայնագրին մարտահրավեր նետվեց երկրի գերագույն դատարանում առ այն, որ ԵՄ անդամակցությունը հակասում է երկրի սահմանադրությանը: Եվրոպական խորհրդի արտահերթ համագումարում Դանիան նույնպես զգալի զիջումներ ստացավ՝ ներառյալ ՏԱՄ անդամակցության և պաշտպանության ապագա միասնական քաղաքականությունում մասնակցության վերապահումները: Սրան հաջորդող հանարքվեում դանիացինեը համաձայնագիրը հավանության արժանացրին: Շվեդիան, պաշտոնապես թեև չունենալով վերապահման իրավունք, ինքնակամորեն բացարկեց իր մասնակցությունը Արժութային միությանը: Ահա այս դժվարությունների հետևանքով միայն 1993 թ. նոյեմբերին տեղի ունեցավ ԵՄ պաշտոնական «ինոգուրացիան»[20]:
Մաաստրիխտի համաձայնագրի որոշ բաղադրիչների նկատմամբ դրսևորված հակազդեցության արդյունքում 1996 թ. մարտին ԵՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ իր աշխատանքները սկսեց մեկ այլ Միջկառավարական կոնֆերանս: Այս ՄԿԿ արդյունքում ձևավորվեց Ամստերդամի համաձայագիրը, որը վերանայում էր Մաաստրիխտի համաձայնագիրը և ԵՄ հիմնադրման մի շարք այլ փաստաթղթեր: Փոփոխությունների նպատակը ԵՄ-ն հասարակ մրադկանց համար ավելի հաճելի և կարևոր դարձնելն էր:
Ամստերդամի համաձայնագիրը կոչ էր անում անդամ երկրներին համագործակցել նոր աշխատատեղեր ստեծելու համար ամբողջ Եվրոպայում, պահպանել բնությունը, բարելավել հասարակության առողջությունը, պաշտպանել սպառողների իրավունքները: Ավելին, համաձայնագիրը նախետում էր վերացնել ճամփորդության և մարդկանց տեղաշարժի խոչընդոտները ԵՄ անդամ երկրների միջև, բացառությամբ Միացյալ Թագավորության, Իռլանդիայի և Դանիայի: Նրանք բոլորը պահպանեցին իրենց սահմանների վերահսկման նախկին կարգերը: Համաձայնագիրը ներառում էր Արևմտյան Եվրոպական Միության (ԱԵՄ) հետ համագործակցության և ինտեգրման հետռանկարը: ԱԵՄ-ը արևմտաեվրոպական իշխանությունների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություն էր: Այն նաև հնարավորություն ընձեռեց Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցության համար: Ամստերդամի համաձայնագիրը ստորագրվեց ԵՄ անդամ երկրների կողմից 1997թ. հոկտեմբերի 2-ին[21]:
Եվրոպական հանձնաժողովի (ԵՄ բարձրագույն վարչական մարմին) 1997թ. հրապարակած «Օրակարգ 2000» անվամբ հայտնի փաստաթուղթը ուրվագծում էր Ամստերդամի համաձայնագրի շրջանակներում ԵՄ ընդարձակման ռազմավարությունը: Փաստաթուղթը նախատեսում էր ԵՄ ներսում տարաբնույթ բարեփոխումներ իրականացնել նախքան վերջինիս ընդարձակումը: Բարեփոխումները ներառում էին տնտեսական աճը, մրցունակությունը խթանող, զբաղվածության մակարդակը բարձրացնող միջոցառումներ, գյուղատնտեսական և կառուցվածքային միջոցառումներ և եվրոպական նոր ֆինանսական կառուցվածքի ստեղծում:
ԵՄ ընդարձակման հիմնահարցին 2000թ. մեկ անգամ ևս անդրադարձ արվեց Նիցցայի համաձայնագրով: 2001թ. ստորագրված այս համաձայնագիրը նախատեսում էր ԵՄ ընդարձակում նախապատրաստող մի շարք բարեփոխումներ: Համաձայնագիրը ենթադրում էր Եվրոպական հանձնաժողովի ապագա չափերի կրճատում, Եվրոպական Միության խորհրդում քվեարկության օրենքների և գործընթացների բարեփոխումների և Եվրոպական խորհրդարանում տեղերի վերահատկացում անդամ երկրներին[22]:
Ի տարբերություն Միասնական եվրոպական ակտի՝ Ամստերդամի համաձայնագիրը նպատակ չուներ ընդլայնել ԵՄ լիազորությունները: (18) Ընդլայնված Եմ դերն ու լիազորությունները ներկայացված էին 2001 թ. Լաեկենի հռչակագրում և 2002 թ. մարտին ընդունված Ապագա Եվրոպայի մասին կոնվենցիայում: Մինչև 2002 թ. վերջը ԵՄ անդամ երկրները հաստատեցին Նիցցայի համաձայնագիրը: Ամեն դեպքում իռլանդացիները գրեթե ստիպեցին նոր բանակցություններ սկսել համաձայնագրի շուրջ՝ 2001 թ. հանարքվեով մերժելով այն՝ ԵՄ ընդլայնման դեպքում Իռլանդիային հատկացվող ֆինանսական արտոնությունների կրճատման մտավախությունից դրդված: Այնուամենայնիվ, Իռլանդիայի համաձայնագրի հաստատումը ապահովվեց հաջորդ տարի կայացած երկրորդ հանրաքվեով՝ պահպանելով ԵՄ ընդլայնման ժամանակացույցը:
Եվրոպական արժութային միավորը (ECU) հանդիսանում էր Եվրոպական Միության անդամ երկրների արժույթների հավաքական միավորը, որը մինչև իր փոխարինումը եվրոյով հանդես էր գալիս որպես Եվրոպական համայնքօ հաշվարկման միավոր: Եվրոպական փոխարժեքի մեխանիզմի միջոցով փորձ էր արվում նվազեցնել անդամ երկրների արժույթների և էքյուի միջև տատանումները: Էքյուն օգտագործվում էր նաև որոշ միջազգային ֆինանսական գործարքներում:
Էքյուն ստեղծվեց որպես ներքին հաշվարկային միավոր 1979թ. մարտի 13-ին: Այն ուներ ISO 4217 ստանդարտի XEU արժույթի կոդը: 1999թ. եվրոն (կոդ EUR) փոխարինեց էքյունին (1 եվրո = 1 էքյու փոխարժեքով): Ի տարբերություն էքյուի՝ եվրոն իրական արժույթ է, սակայն ոչ բոլոր անդամ երկրներն են օգտագործում այն[23]:
ԵՄ ընդհանուր եվրոպական արժույթի ստեղծման փորձերը Մաաստրիխտի համաձայնագրին համապատասխան հենց սկզբից հակասական էին: Որոշ ԵՄ երկրներ, ներառյալ Միացյալ Թագավորությունը, ընդհանուր եվրոպական արժույթը դիտարկում էին իբրև սպառնալիք իրենց ազգային ինքնության և կառավարական իշխանությանը: չնայած այսպիսի մտավախությաններին՝ ԵՄ անդամ շատ պետություններ ջանքեր էին գործադրում իրականացնելու ԵԱՄ-ին միանալու պահանջները՝ ընդունելով արժույթի ընդհանուր միավոր, որը կոչվեց եվրո[24]:
Այս պահանջները խիստ էին.
- Երկրի սղաճի մակարդակը չպետք է գերազանցեր ԵՄ անդամ ամենացածր սղաճի մակարդակով երեք երկրների միջին սղաճի մակարդակին 1,5 տոկոսը,
- Երկրի բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3 տոկոսը, իսկ երկրի պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը,
- Երկրում երկարաժամկետ տոկոսադրույքը չէր կարող 2 տոկոսից ավելի ցուցանիշով գերազանցել ամենացածր տոկոսադրույքով երեք անդամ երկրների տոկոսադրույքների միջին ցուցանիշը,
- Երկրի արժույթը չպետք է արժեզրկվեր որևէ այլ անդամ երկրի արժույթի նկատմամբ Արժութային միության ստեղծմանը նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում[25]:
ԵԴՄ մասնակիցները համաձայնություն եկան հետևել նաև Կայունության և աճի պակտի դրույթներին: Վերջինս եվրոն 1999թ. նախատեսված ներդրումից հետո սատարող բյուջետային համաձայնագիր էր: պակտը պահանջում էր երկրներից իրենց բյուջեի տարեկան դեֆիցիտը պահել ՀՆԱ-ի 3 տոկոսից ցածր մակարդակի վրա, կամ տույժերի ենթարկվել՝ ստիպելով անդամ երկրներին լրիվ վերացնել բյուջեի դեֆիցիտը:
Երկրների մեծամասնության համար դժվար էր իրականացնել ԵԱՄ պահանջները: Սղաճի և բարձր տոկոսադրույքների նվազեցման միջոցառումները նպաստեցին գործազրկության աճին, իսկ պետական դեֆիցիտի վերահսկման ջանքերը հաճախ հանգեցրին բարձր հարկերի սահմանմանը: Այս հետևանքներն էլ ավելի բարդացրին երկրներից շատերում առկա տնտեսական անկմա խնդիրները:
ԵԱՄ անդամակցության վերջնաժամկետին մոտենալուն զուգընթաց կասկածները աճում էին, որ տնտեսական կլիման համապատասխան չէ, երկրների տնտեսական ցուցանիշները դեռևս շարունակում են խիստ տաևբեև մնալ, որոշ երկրներ չէին համապատասխանում Մաաստրիխտի չափանիշները: Այս մտահոգություններով հանդերձ 1998 թ. մայիսին ԵՄ-ն պաշտոնապես որոշեց եվրոն ընդունել անդամ 15 երկրներից 11-ում հաջորդ տարվանից: Այս որոշումով ստեղծվեց նաև Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ)[26] նոր արժույթը վերահսկելու և ԵՄ-ում արժութային քաղաքականության իրականությունացումը ստանձնելու համար:
2001 թ. հունվարին միացավ նաև Հունաստանը: 2002թ. ԵԿԲ-ն սկսեց եվրո անվանական մետաղադրամներ ու թղթադրամներ թողարկել, և անդամ երկրների արժույթները դադրեցին օրինական գործարքային միջոց լինել: 2007 թ. Եվրոգոտուն անդամակցեց Սլովենիան, 2008-ին՝ Կիպրոսն ու Մալթան, 2009-ին՝ Սլովակիան, իսկ 2011-ին՝ Էստոնիան:
Կայունության և աճի պակտը (ԿԱՊ) Եմ որոշակի պատասխանն էր Տնտեսական և արժութային միության (ՏԱՄ) բյուջետային կարգապահության վերաբերյալ մտահոգություններին: 1997թ. ընդունված ԿԱՊ-ը ամրապնդեց Համաձայնագրի ՏԱՄ-ում ֆիսկալ կարգապահության դրույթները:
ԿԱՊ հիմնական դժվարությունը ֆիսկալ կարգապահության՝ որպես ՏԱՄ մշտական բաղադրիչի ապահովում էր, որ կհանգեցներ պետական ամուր ֆինանասավորման, գների կայունության և տնտեսական կայուն աճի, ինչը իր հերթին հնարավորություն կընձեռեր նոր աշխատատեղերի ստեղծման համար: Այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ փոխարժեքի գործիքի կորուստը ԵԱՄ-ում ավելի մեծ դեր էր հատկացնում ավտոմատ ֆիսկալ կայունացուցիչներին՝ ազգային մակարդակներում օգնելու տնտեսություններին հարմարվելու անհամաչափ ցնցումներին, և «ահրաժեշտ դարձրեց ապահովել կայուն դրամական քաղաքականությանը ուղղված ազգային բյուջետային քաղաքականությունների օժանդակությունը»: Ահա ԿԱՊ փոխադարձ պարտավորությունների հիմքում ընկած հիմնավորումը՝ «բյուջետային միջնաժամկետ նպատակների հաշվեկշռին մոտ կամ ավելցուկով սահմանում», ինչը «հնարավորություն կընձեռնի բոլոր անդամ երկրներին ենթարկվել նորմալ ցիկլիկ տատանումներին, միևնույն ժամանակ չանցնելով պետական դեֆիցիտի 3 տոկոս ցուցանիշը»[27]:
ԵԱՄ կազմավորումը հանգեցերց ԵՄ երկրների միջև աննախադեպ ինտեգրման և համագործակցության: Վերջինիս հետևանքով Եվրոպայի քաղաքացիների և ԵՄ որոշ կառավարությունների շրջանում մտահոգություն առաջացավ, որ ԵՄ հիմնական հաստատությունները բավարար չափով ժողովրդավար կամ հաշվետու չեն: Այս մտահոգությունների հիմնական թիրախը Եվրոպական հանձնաժողով էր: ԵՄ իշխանության աճին զուգընթաց աճում էին այն մտավախությունները, թե Հանձնաժողովը շատ խիստ վերահսկողություն է իրականացնում: Մինույն ժամանակ մտավախություններ կային նաև առ այն, որ ժողովրդավարական կերպով ընտրված ԵՄ միակ ինստիտուտը՝ Եվրոական խորհրդարանը շատ քիչ իրական իշխանություն ունի:
Այս հարցը հասունացավ 1999-ին, երբ անկախ աուդիտորների կողմից Եվրոպական խորհրդարանի պատվերով կազմված հաշվետվությունը մատնանշեց Եվրոպական հանձնաժողովի կողմից սխալ կառավարման բազմապիսի դեպքեր: Հաշվետվությունում որոշ հանձնակատարներ մեղադրվում էին կոռուպցիայի, կլանայնության և իրենց իրավասության հրապարակումից հետո աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ Հանձնաժողովը ողջ կազմով հրաժարական ներկայացրեց: Փորձագետները հաշվետվությունը և դչա հետևանքները Եվրոպական խորհրդարանի կողմից արված կարևոր քայլ են համարում ԵՄ կառավարման մարմինների ժողովրդավարական պատասխանատվության ավելացման ուղղությամբ:
Եվրամիության համակարգում արմատական փոփոխություն տեղի ունեցավ 2007 թ. դեկտեմբերի 13-ից, երբ կնքվեց Լիսաբոնյան համաձայնագիրը[28]: Դրանով Եվրամիությունը դարձավ իրավասուբյեկտ, այսինքն Եվրամիությունը կարող է կնքել միջազգային պայմանագրեր իր գործունեության նախատեսված բոլոր ոլորտներում: Արդյունքում ձևավորվեց ներկայիս Եվրամիությունը:
2009 թ. դեկտեմբերի 1-ից պաշտոնապես սկսել է կիրառվել Եվրոպական Միություն անվանումը` որպես իրավաբանական անձ փոխարինելով Եվրոպական համայնքին: 2010թ. հունվարի 1-ից սկսել է գործել Եվրոպական խորհրդի նախագահի ինստիտուտը: Նախագահն ընտրվում է 2.5 տարի ժամկետով` մեկ անգամ վերընտրվելու իրավունքով: Լիսաբոնի պայմանագրով նախատեսված է Արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը: Բարձր ներկայացուցչի հիմնական պարտականություններն են. վարել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը, նախագահել արտաքին գործերի խորհրդի նիստերը, ներկայացնել ԵՄ-ն արտաքին և անվտանգության հարցերում, վարել քաղաքական երկխոսություններ այլ երկրների հետ և ներկայացնել ԵՄ դիրքորոշումը միջազգային ատյաններում, ղեկավարել արտաքին գործերի եվրոպական ծառայության և ԵՄ պատվիրակությունների աշխատանքները:
Եվրամիության հիմնական կառույցներն են` Եվրոպական խորհուրդը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական խորհրդարանը: Եվրոպական խորհուրդը սահմանում է Եվրամիության ընդհանուր քաղաքական ուղղությունը և առաջնահերթությունները: Եվրոպական խորհուրդը կազմված է անդամ երկրների ղեկավարներից կամ կառավարությունների ղեկավարներից, խորհրդի նախագահից և Եվրոպական հանձնաժողովի նախագահից: Եվրամիության խորհուրդը ԵՄ որոշում կայացնող հիմնական կառույցն է: Անդամ երկրների նախարարները հանդիպում են Եվրամիության խորհրդի շրջանակներում: Կախված օրակարգում ընդգրկված հարցի բնույթից` յուրաքանչյուր երկիր խորհրդում ներկայացվում է համապատասխան ոլորտի պատասխանատու նախարարի կողմից (արտաքին գործեր, ֆինանսներ, սոցիալական հարցեր, տրանսպորտ, գյուղատնտեսություն և այլն): Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է: Այն իրականացնում է ԵՄ ընդհանուր ներկայացուցչությունը և շահերի պաշտպանությունը: Այն նախագծում է եվրոպական նոր օրենքներ, իրականացնում է ԵՄ առօրյա քաղաքականությունը և տնօրինում է ԵՄ ֆինանսական միջոցները: Հանձնաժողովը նաև հետևում է ԵՄ օրենքների և պայմանագրերի կատարմանը: Եվրոպական խորհրդարանը Եվրամիության միակ ուղղակիորեն ընտրվող կառույցն է: Խորհրդարանի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով Եվրամիության բոլոր անդամ երկրների ընտրողների կողմից:
[1] Մանրամասն տե՛ս Райзберг Б. А., Лозовский Л. Ш., Стародубцева Е. Б. Европейский союз. // Современный экономический словарь. — 5-е изд., перераб. и доп. — М.: ИНФРА-М, 2007.
[2] Բենիլյուքսի մասին տե՛ս Бенилюкс — Экономический союз в Западной Европе // աղբյուրը՝ http://geosfera.info/evropa/334-benilyuks-yekonomicheskij-soyuz-v-zapadnoj-evrope.html
[3] Տե՛ս Շումանի հռչակագիրը http://europa.eu/abc/symbols/9-may/decl_en.htm
[4] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Եր., 2006, էջ 11-12:
[5] Տե՛ս Ածխի ու պողպատի եվրոպական համայնքի ձևավորման համաձայնագիր http://europa.eu/legislation_summaries/institutional_affairs/treaties/treaties_ecsc_en.htm
[6] Кашкин С. Ю., Калиниченко П. А., Четвериков А. О. Глава 1 // Введение в право Европейского Союза: учебник / Под ред. Кашкина С. Ю. — 3-е изд., перераб. и доп. — М.: «Эксмо», 2010. էջ 36:
[7] Հռոմի պայմանագրերը տե՛ս http://www.cvce.eu/viewer/-/content/d6d65dda-dce1-41a0-8a56-13c453123801/en
[8] Եվրոպական տնտեսական համայնքի մասին տե՛ս http://dic.academic.ru/dic.nsf/enc1p/17626
[9] Տե՛ս ԱԱԵԱ կայքը http://www.efta.int/free-trade.aspx
[10] http://www.efta.int/about-efta/history.aspx
[11] Brussels Treaty (European history 1965-93) — Britannica Online Encyclopedia // http://www.britannica.com/EBchecked/topic/765619/Brussels-Treaty
[12] Марченко М.Н., Дерябина Е.М. Право Европейского сощза. Вопросы истории и теории, М., 2010, էջ 20:
[13] Горниг Г., Витвицкая О., Право Европейского союза. М., 2000, էջ 28:
[14] http://europa.eu/about-eu/eu-history/1980-1989/index_en.htm
[15] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Եր., 2006, էջ 15-16:
[16] http://europa.eu/about-eu/eu-history/1990-1999/1990/index_en.htm
[17]Մաաստրիխտի համաձայնագրի մասին տե՛ս http://www.historiasiglo20.org/europe/maastricht.htm կամ http://eulaw.ru/treaties/teu
[18] Nugent N. The Deeping & Widening of the European Communities: Recent Evolution, Maastricht & Beyond // Journal of Common Market Studies. 1992. էջ 311—327.
[19] Shaw J. Law of the European Union, էջ 64-65:
[20] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Եր., 2006, էջ 17:
[21] Ամստերդամի պայմանագիրը տե՛ս http://www.eurotreaties.com/amsterdamtreaty.pdf
[22] Նիցցայի պայմանագիրը տե՛ս http://eur-lex.europa.eu/en/treaties/index.htm
[23] http://www.euro-coins.info/
[24] http://www.eurocoins.lv/index_eng.html
[25] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Եր., 2006, էջ 15-16:
[26] Եվրոպական կենտրոնական բանկի կայք http://www.ecb.int
[27] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Եր., 2006, էջ 22:
[28] Լիսաբոնի պայմանագիր http://register.consilium.europa.eu/pdf/en/08/st06/st06655.en08.pdf, http://europa.eu/lisbon_treaty/index_en.htm