Հայաստանի խոշորագույն ընկերությունների հարկային վճարումների դինամիկան 2012-2016 թվականներին
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հրապարակում է խոշորագույն հազար հարկատուների ցանկը և կատարված հարկային վճարումների տվյալները: Տարիների կտրվածքով այդ ցուցանիշների համադրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ոչ միայն առանձին ընկերությունների գործունեության միտումների վերաբերյալ, այլև դուրս բերել Հանրապետության մակարդակում խոշոր բիզնեսի զարգացման տրամաբանությունը, իսկ երբեմն նաև բացահայտել առկա զեղծարարությունները:
2016 թվականի ցուցանիշներով առավելագույն (9 մլրդ դրամ և ավել) հարկ վճարած ընկերությունների թիվը 17-ն է, ցանկի մնացյալ հարկատուները վճարել են նվազագույն 101 մլն-ից մինչև առավելագույն 5,1 մլրդ դրամ:
Առաջատար 17 ընկերությունների ցանկում են էներգետիկ ոլորտի 6, ծխախոտ արտադրության և ներմուծման՝ 4, հանքարդյունաբերական՝ 3, հեռահաղորդակցության ոլորտի՝ 2, խմիչքի արտադրության՝ 1 և ծառայություն մատուցող 1 ընկերություն:
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» – առաջատար ընկերությունն է, որը նախորդ տարի վճարել է փոքր-ինչ ավելին քան 42 մլրդ դրամ հարկ, վերջին երեք տարում նվազագույն բացասական միտումով այդ ցուցանիշը պահպանվում է: 2013 թվականին, երբ դեռ գործում էր «ՀԱՅՌՈՒԳԱԶԱՐԴ» ընկերությունը վճարել է 15 տոկոսով ավելի քիչ հարկ, նմանապես և 2012 թվականին էր հաջորդող տարվա համեմատությամբ վճարված հարկերի քանակը շուրջ 14,5 տոկոսով ավելի քիչ էր:
«ԳՐԱՆՏ ՏՈԲԱԿՈ» — 2016 թվականին այս ընկերությունը շեշտակիորեն (գրեթե 65 տոկոսով) ավելացրել է հարկային վճարումների թիվը, իսկ 2012-13 թվականների համեմատությամբ հարկային վճարումներն աճել են 4.5 անգամ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» — այս ընկերությունում վերջին չորս տարվա ընթացքում նկատվում է հարկային վճարումների աճի միայն դրական դինամիկա, այդ ընթացքում հարկային վճարումները աճել են ավելին քան 2 անգամ:
«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» — չորրորդ ցուցանիշն ապահովող կառույցը դեռ 2012 թվականին վճարել է ընդամենը 1 մլրդ դրամի հարկ, իսկ թռիչքային աճը տեղի ունեցավ 2015 թվականին, երբ պետական բյուջե վճարվեց գրեթե 5 անգամ ավելի շատ գումար: Նախորդ տարի վճարումները կրճատվել են 8.5 տոկոսով:
«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» — այս ընկերությունը վերջին 5 տարում հարկային վճարումների բրգային միջում է ցուցաբերում՝ աստիճանական բարձրացմամբ և նվազմամբ: Առավելագույն վճարումները եղել են 2014 թվականին՝ 2016 թվականի համեմատությամբ 45 տոկոսով ավելի շատ:
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» — վեցերորդ ցուցանիշն ապահովող այս ընկերությունը 2012 թվականին խոշորագույն հարկատուների ցանկում չկար: Ընկերությունը 2013-2014 թվականներին հարափոփոխ միտումներ էր արձանագրում, իսկ 2016 թվականին հարկային վճարումները մեծացրեց ավելին քան 45 տոկոսով:
«ԹԵՂՈՒՏ» — պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծավալներին համահունչ ավելացել է նաև հարկային վճարումների քանակը, այսպես 2012 թվականի 716 մլն դրամի փոխարեն 2016-ին 19 անգամ ավելի շատ հարկ է վճարվել:
«Ղ ՏԵԼԵԿՈՄ» — վերջին 2 տարում շեշտակիորեն ընկել են բջջային կապի առաջատար ընկերության հարկային վճարումները, 2013-2014 թվականների համեմատությամբ նախորդ տարի ընկերությունը վճարել է գրեթե 2,5 անգամ ավելի քիչ հարկ:
«ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» — հեռահաղորդակցության այս օպերատորի հարկային վճարումները վերջին երկու տարում կրճատվել են մեկ քառորդով, սակայն գերազանցում են 2012 թվականի ցուցանիշները (9 տոկոսով):
«ՖԼԵՇ» — բենզին և դիզելային վառելիք վաճառող ընկերությունը 2012-2015 թվականին արձանագրել է հարկային վճարումների աճի դրական ոչ այնքան մեծ միտումներ (2,5-6,5 տոոկոս), սակայն 2016 թվականին պետական վճարումները կրճատվել են 14,5 տոկոսով:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» — չնայած 2013 թվականի բացասական տվյալներին, 2014 թվականից ընկերության հարկային վճարումները անդադար աճի շոշափելի ցուցանիշ են արձանագրում՝ տարեկան 22-38 տոկոսի շրջանակներում:
«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿ» — վերջին 3 տարում ընկերության հարկային վճարումերը տարեկան 10-30 տոկոսի աճ են արձանագրել, 5 տարվա ընթացքում անկում է եղել միայն 2013 թվականին (7,5 տոկոս):
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» — հանքարդյունաբերական այս ընկերության հարկային վճարումները տարբեր տարիներին շեշտակիորեն տատանվում են: 2013 թվականին աճելի են 43 տոկոսով, ապա այդ ցուցանիշի համեմատությամբ 2014-2015 թվականներին գրեթե կրկնակի կրճատվել են: Իսկ արդեն 2016-ին ընդհակառակն աճել են 2.5 անգամ:
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» — ծխախոտի ներմուծմամբ զբաղվող այս ընկերությունը 2014 թվականին է հայտնվել խոշոր հարկատուների ցանկում: 2015 թվականին ընկերության հարկային պարտավորություններն ավելացել են շուրջ 14 անգամ, իսկ 2016-ին ապահովվել է ևս 20 տոկոսի աճ:
«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» — ծխախոտ ներմուծող այս ընկերության հարկային վճարումները որևէ օրինաչափության չեն ենթարկվում: 2013 թվականին աճել են 42 տոկոսով, 2014-ին կրճատվել՝ 11 տոկոսով, 2015-ին՝ ևս 7.5 տոկոսով, իսկ արդեն 2016-ին աճել են 25 տոկոսով:
« ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» — հանքարդյունաբերական այս ընկերությունը, որը դեռ 2013 թվականին ամենամեծ հարկ վճարող կառույցն էր, 2016 թվականին այդ ցուցանիշի համեմատությամբ 4 անգամ ավելի փոքր գումար է վճարել պետական բյուջե:
«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» — առավել խոշոր հարկատուների ցանցի վերջին ընկերության հարկային վճարումները թռչիքային կրկնակի աճ են արձանագրել 2013 թ. և 2016 թվականներին, իսկ այդ տատանումների միջև ընկած տարիներին գրեթե պահպանել են նույն ցուցանիշը:
Ներկայացնում ենք խոշոր հարկատուների պետական բյուջե վճարած հարկերի գումարային պատկերն ըստ տարիների.
2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | |
ՄԼՆ ԴՐԱՄ | |||||
ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ | 42 381 | 42 649 | 42 812 | 36 079* | 30 918* |
ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ ՀԱՅ ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀՁ | 22 571 | 13 699 | 10 465 | 4 949 | 5 327 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ | 17 264 | 16 494 | 12 430 | 9 998 | 7 962 |
ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ | 15 526 | 16 955 | 2 880 | 1 528 | 1 000 |
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ | 14 864 | 18 255 | 21 571 | 18 759 | 17 427 |
ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ | 13 790 | 9 465 | 9 618 | 8 096 | — |
ԹԵՂՈՒՏ | 13 357 | 4 673 | 3 245 | 1 614 | 716 |
Ղ ՏԵԼԵԿՈՄ | 12 813 | 18 628 | 28 891 | 30 101 | 21 672 |
ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ | 12 419 | 15 466 | 16 490 | 15 475 | 11 403 |
ՖԼԵՇ | 10 906 | 12 751 | 11 980 | 11 446 | 11 156 |
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ | 10 898 | 8 307 | 6 013 | 4 930 | 5 252 |
ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿ | 9 435 | 7 238 | 5 892 | 5 323 | 5 754 |
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ | 9 377 | 3 861 | 3 897 | 7 260 | 5 061 |
ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ | 9 318 | 7 804 | 563 | — | — |
ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ | 9 275 | 7 424 | 8 029 | 9 060 | 6 362 |
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ | 9 121 | 27 505 | 19 940 | 37 862 | 31 673 |
ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ | 9 101 | 4 747 | 4 003 | 5 099 |
2 385 |