«Ինքնասպանություն». հակառուսական պատժամիջոցներն մեծ վնաս են հասցնում Եվրոպային
Բրյուսելը կոշտ արձագանքեց նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական ծրագրերին` սանձազերծելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարափ, որոնք պետք է թուլացնեին այդ երկրի տնտեսությունը և ամբողջությամբ խափանեին նրա հատուկ գործողությունը Ուկրաինայում: Այնուամենայնիվ, այս միջոցները չօգնեցին զսպել Պուտինին, և այժմ շատերը վախենում են, որ նա շուտով կարող է սեփական քաղաքական պատերազմը սանձազերծել Եվրամիության դեմ՝ որպես վրեժխնդրություն: Հարյուր միլիոնավոր եվրոպացիների սպասվում է դաժան ձմեռ, մինչդեռ իշխանությունները կոչ են անում խնայել գազը՝ վախենալով, որ Պուտինը կարող է ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները մայրցամաք: Հայտնում է express-ը:
ԵՄ առաջնորդներն ասում են, որ այդ քայլը «քաղաքական դրդապատճառներ ունի»: Մինչդեռ «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները Եվրոպա արագորեն նվազում են, և այս պահին գազատարը աշխատում է մեկ հինգերորդ հզորությամբ։
Ավելին, հուլիսին եվրոգոտում գնաճը բարձրացել է մինչև 8,9% (հունիսին այն կազմել է 8,6%), իսկ այս ամսվա սկզբին եվրոն, ավելի քան 20 տարվա ընթացքում, առաջին անգամ հավասարվել է դոլարին։
«Generation Frexit France»-ի նախագահ Շառլ-Անրի Գալուան զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները հակառակ արդյունք են տալիս, և որ եվրոգոտում տնտեսական անկումը այժմ «ակնհայտ է»:
Daily Express-ին տված հարցազրույցում նա նշել է հետևյալը. «Որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան, մեծապես կախված են ռուսական գազից, և այն հնարավոր չէ փոխարինել»: «Մյուս երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, նույնպես տուժում են ռուսական նավթի մատակարարումների պակասից»:
«Նախկինում էներգետիկան ավելի էժան էր, իսկ մատակարարման պայմանագրերը եվրոյով էին, բայց հիմա մենք պետք է նույն նավթը գնենք դոլարով Հնդկաստանի կամ Սաուդյան Արաբիայի միջոցով: Քանի որ եվրոն ընկնում է, այս ամենն ավելի ու ավելի է թանկանում»:
«Դա բավականին կեղծավոր է, քանի որ նույնը վերաբերում է գազին: Դուք չեք կարող պարզապես փոխարինել ռուսական նավթը: Մենք չունենք այդ հզորությունը կամ դրա համարժեքը»:
Գալուան, ով Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու շարժման առաջատար ակտիվիստներից է, ասել է, որ «սխալ էր եվրոն փրկելը»: Նրա խոսքով հարթակը, որի վրա հիմնված էր եվրոն, ոչնչացված է, իսկ եվրոպական արժույթը «վաղ թե ուշ կմահանա»։
Գալուան հակառուսական պատժամիջոցներն անվանել է «ինքնասպանություն Եվրոպայի համար»՝ կոչ անելով ԵՄ իշխանություններին չեղարկել այդ խիստ պատժիչ միջոցները, քանի որ հակառակ դեպքում մայրցամաքը վտանգում է ներքաշվել ամենալուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ դաշինքի պատմության մեջ։ «Էներգետիկ ռեսուրսների թանկացումը կնվազեցնի մնացած բոլոր ապրանքների պահանջարկը, բայց դրանց գները նույնպես կաճեն»,- ավելացրել է նա։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրոպայի համար ինքնասպանություն են, տնտեսական պատժամիջոցներ սահմանելը, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան Ռուսաստանին, հիմարություն է»:
«Ես դեմ եմ Ռուսաստանի ռազմական գործողությանը Ուկրաինայում, բայց մենք պետք է դադարեցնենք պատժամիջոցները և կենտրոնանանք խաղաղության պահպանման վրա, որպեսզի կանխենք Եվրոպայի ինքնասպանությունը»:
Հուլիսի 29-ին, եվրոգոտու տնտեսության համար հույսի շող է հայտնվել․այս տարվա երկրորդ եռամսյակում այն սպասվածից շատ ավելի արագ է աճել։ Սակայն տնտեսագետները նախազգուշացրել են, որ նոր գնաճը և մատակարարման շղթաների խնդիրները կարող են անկում առաջացնել մինչև 2022 թվականի վերջ:
ING-ի տնտեսագետ Բերտ Կոլինը բացատրեց. «Տնտեսական աճի արագացումը հիմնականում պայմանավորված է համաճարակի վերականգնման ազդեցությամբ և քողարկում է տնտեսության հիմքում ընկած թուլությունը, որը բացատրվում է բարձր գնաճով և արտադրական խնդիրներներով»:
«Մոտ ապագայում մենք ակնկալում ենք, որ ՀՆԱ-ն կշարունակի նվազել, քանի որ հետհամաճարակային վերականգնման ազդեցությունը թուլանում է, համաշխարհային պահանջարկը թուլանում է, իսկ բնակչության սահմանափակ գնողունակությունը պահպանվում է»:
«Մենք ակնկալում ենք, որ սա կվերածվի չափավոր անկման այս տարվա երկրորդ կեսից»։